ՀամայնքՄշակութային

«ՕՆԼԱՅՆ ԿՈՖԷԻ ԲԱԺԱԿ ՆԱՅՈՂ ԿԱ՞Յ…»

ՀԱՏԻՍ

Հաճելի բուրմունք եւ աւրորա ունի սուրճը: Հազար տարւայ պատմութեան արդիւնքում մարդիկ կանաչ հատիկներից հասել են հատիկների բովալու եւ  աղալու իւրայատուկ մշակոյթին:

 Իսկ հին ժամանակներից մարդկանց իրար շուրջ հաւաքող իւրաքանչիւր առիթ պայմանաւորւած է եղել կերուխումի այնպիսի միջոցներով, որոնցից այսօր սուրճն ամենահասանելին է առօրեայ կեանքի աշխատանքային ժամերում…

Իսկ ինչ սուրճ առանց բաժակ նայելու սովորոյթի: Յատկապէս եթէ հայկական գաթայի բուրմունքն է նաեւ տարածւած:

Միանգամից անցնենք առաջ, որ գուշակութիւնների սիրահար չլինելը կամ այդ մասին շարունակ բարձրաձայնումը  հպարտանալու ոչինչ չի տայ մարդու: Աւելին, դա կարող է զրկել այնպիսի մոգական հաճոյքից, ինչպիսին սուրճի գաւաթ նայելուց է մարդկանց աչքերի փայլը տեսնելն է, կամ ափ նայելիս զարմանալի ջերմութիւն զգալը, կամ նոյնիսկ քարտերով կանխատեսումներ անելիս դրանք անկանոն խառնելն է:

Իրանահայերի սուրճի գաւաթի շուրջ զրոյցների անբաժանելի մաս համարւող բաժակ նայելու իրականութիւնը ժամանակի ընթացքում աւելի հեռուն գնալով հասցրեց դառնալ մասնագիտութիւն, որոշ դէպքերում էլ եկամուտի աղբիւր: Անորոշութեան մթնոլորտում հէնց անորոշութիւնը գործի գաղտնիք դարձելու արւեստ կը համարես այն: Մարդիկ ելնելով հասարակական ու նաեւ կրթութեան դիրքից ու մակարդակից տարբեր են դիտարկելու հարցը, սակայն հաւատացողների ու չհաւատացողների դէպքում էլ կարելի է արձանագրել, որ չեն հրաժարւելու գաւաթը նայելու հաճոյքից, յատկապէս, երբ այն օրինաչափութեան տեսքով դէմդ բացելու է միայն լաւ աւետիս, կամ գոնէ վատի մասին քողարկւած մեսիջներով պատմութիւններ:

Արձանագրենք նաեւ, որ փորձ է արւում «Իրանի սուրճի ազգային թանգարանի» կողմից  «գաւաթ նայելու» իրականութիւնն արձանագրւի, որպէս մշակութային-հոգեւոր արժէք՝ «Ղահւէ Արմանի» գրանցւած իրականութեան գլխի տակ:

Բաժակդ բեր, ասեմ

Չնայած, որ մենք բաւական վաղուց արդէն ապրում ենք տեխնոլոգիական դարում, սուրճը իրանահայերիս համար շարունակում է լինել ոչ միայն հաճելի ըմպելիք, այլեւ ապագան տեսնելու մեքենայ: Եւ այսպէս, ի՞նչ պատահեց, երբ բանից հեռու լրագրողը յայտնւեց պրոֆեսիոնալ բաժակ նայողի խոհանոցում։

Ինքդ քո մասին լաւ կարծիք ունեցողի պէս կարող ես բարձրաձայն խօսել սուրճի հազարից աւելի տեսակներով ու առհասարակ ձեւաւորւած մշակոյթի մասին: Իսկ այստեղ այդ՝ սուրճի հազարից աւելի տեսակները ոչ մի կարեւորութիւն չունեն։ Արաբիկայի, ռոբուստայի, անյայտ ծագման սուրճի դէպքում էլ արժեքաւորը լոկ այն մրուրն է, որը նստում է բաժակի յատակին, կպչում պատերին ու խորհրդաւոր պատկեր դառնում։

«Հիմա ինչ է թէ լրագրող ես, անընդհատ հարցե՞ր ես տալու, կարո՞ղ ա նկարելու էլ ես»։

Բայց չէ որ հեռախօսով էի տեղեկացրել իմ ինչ լինելու մասին: Այսպէս թէ այնպէս, միշտ չէ, որ նման ժամադրութիւնները ուժի մէջ են մինչեւ հանդիպելը: Պէտք է զգուշաւոր լինել բառեր ընտրելիս, բարեւելու տոնայնութեան, ինչպէս նաեւ դիմացինի պահանջների հետ յարմարւելու հարցում: Այլապէս նա կարող է ցանկացած պահի վերջակէտ դնել հանդիպման վրայ: Ուղղակի իրեն էլ դու պիտի մի քիչ հետաքրքիր թւաս, այլապէս հանդիպումը տեղի ունենալու դէպքում նոյնիսկ, պատասխաններն են մի տեսակ մեքենայացւած ու համ ու հոտից զուրկ լինելու: Չնայած առաջին զանգից յետոյ եղաւ երկրորդը, որով Ժիրօն առաջարկեց տան փոխարէն դրսում հանդիպենք, քանի որ տեղափոխւում են ու կահոյքի տուփերի մէջ ու մի խօսքով՝ յարմար չէ: Հազար բան ես մտածում ու մէկ էլ անկեղծանում, որ զրոյցի մուդը կարող է նոյնութեամբ փոխանցւել, միայն եթէ այն տեղի ունենայ տան մթնոլորտում, որտեղ նա ընդունում է իր յաճախորդներին: «Յաճախորդ» բառն այստեղ այնքան անզգուշօրէն էր ընտրւած, որին արձագանգում է ինքը տանը: «Ես դիմորդներին յաճախորդի աչքով չեմ չափում: Նրանք մեծ մասամբ օգնութեան կարիքն ունեցող մարդիկ են: Ինչ որ խնդիր կայ կեանքում, որի համար էլ յայտնւել են այստեղ: Աւելի շուտ ինձ թերապիստի դերում եմ տեսնում, քան բախտագուշակի, ինչպէս ձեւակերպեցիք դուք հեռախօսով»:

Ասեմ նաեւ, որ զրուցակիցս միջահասակ է, Անգլիայից Թեհրան տեղափոխւած՝ 60-ն անց տղամարդ:

Առաջին հայեացքից եւրոպայից եկածն է զարմացնելու քեզ, ինչը սակայն, Անգլիայով տեղն է ընկնում: Անգլիայում ամենաշատն են հաւատում գուշակութեան ու վուդուների հետ կապւած ամէն ինչին:  Այդ կապակցութեամբ հարուստ գրականութիւն կայ նաեւ Անգլիայում:

«Ես լրագրողների հետ չեմ շփւում: Սա ինձ համար կենսամտածողութիւն է, իսկ ձեզ համար գուցէ մէկօրեայ յօդւածի թեմայ: Ես երկար եմ ապրում այդ մուդում, իսկ դուք չէք էլ եղել այնտեղ, ուղղակի պատուհանից ներսի լոյսն էք տեսել: Այդքանը»: Նա գիտի, որ լրագրող եմ, բայց դեռ չգիտի, որ այս պահին աշխատում եմ։ Կամ էլ գիտի, ով իմանայ:

Թէեւ խաղաքարտերով էլ է բախտ բացում, բայց հիմնականում սուրճի մրուրի միջոցով է գուշակութիւններ անում։ Ասում է, որ ոչ մի բարդ բան էլ չկայ, ուղղակի պէտք է կարողանալ տեսնել մարդու ներսում ինչ է կատարւում, զգալ նրա էներգիան, կամ ինչպէս վերջերս տարածւած է ասելը՝ յաճախականութիւնը: Գաւաթի պատկերները գործի համ ու հոտն են։ «Եթէ ճիշտ տեսնես, ճիշտ էլ կը գուշակես։ Էս գործում կարեւորը չխաբելն է։ Եթէ չի բերել նշանը, պէտք չի զոռով մի տեղ տեղաւորել կամ պատկերացնել, ինչ է իրենց լաւ զգան։ Ես խաբել չեմ սիրում, նայում եմ աչքերին ու ասում՝ զգուշ եղիր, թիկունքից հարւածելու են, կամ էլ ուշադիր եղիր՝ հիւանդութիւն կայ ընկած պատին»։

«Ազնիւ էք»,- մտածում եմ չամաչելով, որ գոնէ գիտի լրագրող եմ, ու երեւի իրօք հասկացել է, որ չեմ հաւատում: Դա է ինձ տանջում նաեւ, քանի որ գիտի գուցէեւ սկսի նաեւ խաղալ հետդ:

Բայց ամօթն արագ է տեղը զիջում հետաքրքրութեանը։ Յատկապէս, որ այս ընթացքում կայծակնային արագութեամբ խոհանոց թռաւ ու սուրճի գաւաթը ձեռքին վերադարձաւ: «Քանի դեռ ես խմում եմ, մի փոքր պատմէք էս գործի մասին՝ շա՞տ են ապագան կանխատեսելու ցանկութիւն ունեցողները, երբեւէ տղամարդի՞կ պատահել են, թէ սա միայն կանանց հետաքրքրող ոլորտ է»,- հարցնում եմ ու մի կումով քաշում գլուխս: «Էս գործը հանգիստ է սիրում: Պէտք չէ այդքան վռազել»,- ասում է 60 վաթ լամպի տակ հազիւ լուսաւորւած սենեակում պատուհանի մօտ նստած, ու լուցկիով կպցնում սիգարետը: Դա լաւ նշան է. սիգարետը: Հանգիստ է զգում երեւի ու գոնէ մինչեւ դրա աւարտը շարունակւելու է այս զրոյցը:

Սուրճը, մեղմ ասած, վատը չէր: «Չէ, էսքան ժամանակ մի-երկու անգամ ա տղամարդ մտել երեւի: Տղամարդիկ երեւի զբաղւելու ուրիշ բաներ ունեն: Կամ մի տեսակ չեն հաւատում, դէ ես էլ պնդելու պատճառ չումնեմ: Նախ պէտք է դիմորդը ցանկանայ, այլապէս սիրտը չի բացի դէմդ: Իսկ դու, ուղղակի լրագրող ես, պիտի գրես-մրես։ Բայց դէ ես իմ գործը կանեմ…»,- ու բաժակս նայեց: Քեզնից անկախ սկսում ես պատմել քո մասին, որ երեւի ազդես վրան, կամ էլ առիթ չտաս խորանալու: Մէկ էլ գլխի ես ընկնում, որ չլինի ազդել է վրադ…

Հասկանում ես նաեւ, որ իրականում պնդելը, որ կատարելապէս անհիմն է սուրճի բաժակ նայելը, մի քիչ սխալ ու շատ անարդար կը լինի։ Այն ձեւաւորւած մշակոյթի է նման արդէն: Բազմաթիւ էլեմաններով ու պատկերային «Հանրագիտարանով» նոյնիսկ: Իսկ  թէ ո՞վ առաջինը շուռ տւեց բաժակը, յետոյ զննեց ու ինչեր ասաց անյայտ է, բայց հիմա՝ զարգացած տեխնոլոգիաների 21-րդ դարում, ոչ պրոֆեսիոնալ բաժակ նայող ամէն շէնքում էլ կը գտնես։

Ասում է, որ աւելի քան 8 տարւայ փորձ ունի: «Փորձ՝ աւելի շատ: Երկար տարիներ բաժակ եմ նայել: Իսկ յետոյ մտածեցի այսքան՝ ժամանակ եւ սուրճ եմ վատնում, գոնէ իրենց խմած սուրճի դիմաց թող վճարեն: Յետոյ իհարկէ մի քիչ աւելի մասնագիտացւած առաջ գնաց ամէն բան»,- ասում է Ժիրօն ու բաժակս դնում սեղանին ու քարտերը ձեռքին ասում՝ «Մտքումդ երազանք պահիր»…

Սուրճը որպէս գուշակութեան միջոց

Եթէ ըմպելիքներով պայմանաւորւած գուշակութիւնների հետքերով հետ գնանք պատմութեան խորքերը, կը հասնենք Հեռաւոր Արեւելք։ Որտեղ թէյն ամենատարածւած խմիչքներից մէկն էր: Հին Չինաստանում գոյութիւն ունէր թէյի տականքի մեկնաբանման արւեստը, որով մասնագէտները զննում էին բաժակի նստւածքը, եւ երեւակւած պատկերից քաղում՝ չինական տառերի ու բառերի նմանակը: Այս մարդիկ հաւատում էին, որ կարելի է գուշակել ապագան՝ բաժակի յատակում երեւացող բառերից:

Սուրճի պատմութիւնը եւս բազմաթիւ յօդւածների եւ ուսումնասիրողների կարծիքով սկիզբ է առել արաբական խոհանոցից: Շատ չպահանջւեց, որ սուրճը դառնայ եւրոպական միջին խաւի սիրելի ընպելիքը: Այս շրջանում է գործածւել նաեւ բարիստա տերմինը, որը նշանակում է մարդ, ով կարող է սուրճից պատրաստել տարբեր խմիչքներ, իհարկէ մատուցելու մշակոյթի հետ միասին:

Սուրճի հանրաճանաչ դառնալու ալիքը յանգեցրեց կողմնակի աշխատանքների ստեղծմանը, եւ հէնց այստեղ էլ պաշտօնապէս ի յայտ եկան սուրճի առաջին գուշակները։ Այս մարդիկ, հիմնականում կանայք էին, ովքեր մինչեւէ գաւաթ նայելը հէնց զբաղւում էին ափ նայելով ու բախատագուշակութեամբ, սուրճով աւելի մեծ առիթներ ունեցան միջին խաւի վրայ եւս տարածելու իրենց աշխատանքը:

Գուշակներն ասում են, որ ինչ-որ կերպ կապ կայ սուրճ խմողի ճակատագրի եւ այս պատկերների միջեւ։ Ուստի այս պատկերները որսալով ու մեկնաբանելով՝ քննարկում են անձի ներկան ու ապագան սուրճի հորոսկոպային ձեւաչափով:

Պէտք է նշել, որ թէյի կամ սուրճի մրուրի մէջ ընդհանրապէս ապագայ կարդալն ունի տերմին, Tasseography, որը ծագել է թաս բառից, ինչը հէնց բաժակ էլ նշանակում է: Գիտեմ, որ Փերիոյ շրջանում եւս թասով են թէյ խմել ժամանակին:

Ապագայի կանխատեսման այս մեթոդը, որը տարածւած է եղել Չինաստանից մինչեւ Իրան, Հայաստան եւ նոյնիսկ Յունաստան, արւում է տարբեր ձեւերով ու սովորոյթներով։

Սուրճի աֆլայն գուշակութիւն

Դուք կարող էք զարմանալ, բայց սուրճի առցանց գուշակութիւնն այսօր կատարւում է ձեր իսկ գրպանում՝ բջջային հեռախօսների օգնութեամբ: Դրա կողքին կան նաեւ կայքէջեր, որոնք նման ծառայութիւններ են առաջարկում: Կովիդը յատկապէս շատ օգնեց, որպէսզի ծառայութիւնների այդ տեսակը առցանց յաջողութիւնների եւ վստահութեան մեծ ալիք ունենան: Իհարկէ, այս ծառայութիւններից ոչ մէկն անվճար չէ: Կողքից էլ ծագում են առցանց թալանի ենթարկւելու վտանգները: Բանը նրանում է, որ սրտանց վստահելու գործօնը կարող է դիմորդին աւելի բաց պահել խարդախների ձեռքում: Այնպէս, որ նախաքան գաւաթի դէմ նստած ուղեղն անջատելը, պէտք է այն մի քանի անգամ թափով աշխատեցնել:

Սուրճ թէ՞ գուշակութիւն

Կարեւոր է ուշադրութիւն դարձնել այս կէտին, որ սուրճի հորոսկոպների ժամանակը յայտատուների մեծ քանակի պատճառով սուղ է լինում: Իսկ նրանք այն կոտրում են սուրճ պատրաստելու գլխին եւ եռացրած սուրճ են մատուցում յաճախ: Իսկ դա տհաճ ու ճնշող մթնոլորտ է ստեղծում դիմորդի համար:

Յատուկ ծէսով գաւաթը կործում են բաժակապնակի վրայ՝ ժամացոյցի սլաքի ուղղութեամբ օրօրելուց յետոյ շրջում դէպի իրենց սրտի ուղղութեամբ, իսկ յետոյ գուշակը մեկնաբանում է բաժակի ներսում եղած պատկերները։

Իսկ մինչեւ այդ տեղի է ունենում զրոյց, որով էլ փորձ է արւում ծանր ու թեթեւ անել դիմացինի ձայնի տոնայնութիւնն ու ինքնավստահութիւնն ու…

Ահա թէ ինչ հեշտութեամբ է գուշակը կանխատեսում մարդկանց կեանքի ապագան։

Չհաւատացողների կարծիքով սուրճի հորոսկոպի դիմորդները հիմնականում ցածր ինքնավստահութիւն ունեցող, զգայուն եւ սովորաբար խնդիրներ ու մտահոգութիւններ ունեցող մարդիկ են, միայն թեմային մօտ մէկ փաստ լսելը կարող է նրանց մէջ շարժ առաջացնել կամ յոյս առաջացնել, եւ այդ փոքր թւացող կէտերով են աչքի լոյս դառնում գուշակները, որոնց կարծիքով երբեմն գուշակութիւն չէ արւածը, այլ դիմորդին պէտք եղած ու փրկող բառի գտնելն է, որ գործի գաղտնիք լինելու կողքին նաեւ իսկական արւեստ է:

Պէտք է ասել նաեւ, որ գուշակները խելացի մարդիկ են, ովքեր ունեն դիմորդների անհատականութիւնը տեսնելու բարձր հմտութիւն, ինչը գեղարւեստականօրէն արտացոլում է մարդկանց մտապատկերն ու նրանց տանջող երեւոյթները:

Ըստ հետազօտութիւնների՝ գուշակների ու բաժակ նայողների հիմնական յաճախորդները կանայք են, յատկապէս տնային տնտեսուհիները: Մէջբերեմ Թեհրանի յայտնի բաժակ նայողներից մէկին, ով յաճախ կանչեր է ընդունում նաեւ կանանց վարսավիրանոցներից.

«Ես ունեմ իմ մշտական յաճախորդները, ովքեր յաճախակի այցելութիւնների պատճառով բացայայտել են իրենց կեանքի բոլոր իրադարձութիւնները եւ օգտագործելով այս տեղեկութիւնը, ես նրանց համար գուշակութիւններ եմ անում, որոնք կարող են ճիշտ կամ սխալ լինել: Եթէ դա սխալ է, ես դրա համար արդարացում կը գտնեմ հաստատ: Իսկ եթէ դա ճիշտ է, ինչը մեծամասամբ այդպէս է, ապա հիանալի արդիւնքներ է ունենում բոլորիս համար»:

Հոգեբաններն ի՞նչ են ասում

Հոգեբանների կարծիքով գուշակութիւններ լսելը ազդում է մարդու հոգեկանի վրայ, իսկ որոշ դէպքերում այդ ազդեցութեան խորութիւնը աւելի երկարաժամկէտ հետքեր է թողնում մարդու վրայ քան դեղամիջոցը կը կարողանար:

Որոշ մարդիկ սիրում են հորոսկոպն օգտագործել որպէս ապագան իմանալու միջոց, ինչն առաջին հայեացքից գուցէ զւարճալի թւայ, սակայն գնալով այս զւարճանքը դառնում է սովորութիւն։

Նոյն հոգեբանների կարծիքով մեր հասարակութեան մէջ ընդունւած է բախտ փնտրել Հաֆէզի բանաստեղծութիւնների միջոցով: «Հաֆէզի գուշակութիւններն ու բանաստեղծութիւնները դրական են եւ ունեն միայն լաւ կողմեր։ Նրա բանաստեղծութիւններն ունեն նաեւ Ղուրանից քաղւած թեմաներ եւ բազմաբնոյթ իմաստ են ներշնչում՝ իւրաքանչիւր մարդ կարող է դրանք մեկնաբանել ըստ իր հոգեվիճակի եւ մտադրութեան, բայց դա չպէտք է սովորութիւն դարձնել եւ Հաֆէզի գուշակութիւններով  կանխատեսումներ անել»:

Related Articles

Back to top button