
«ԱԼԻՔ» – Արդէն տեղեկացրել ենք, որ Մաջիդիէ թաղամասում իսրայէլա-ամերիկեան կործանիչների ռմբակոծութեան հետեւանքով վնասւել են հայ հայրենակիցների բնակարաններ, ինչի պատճառով մարմանական վնասւածքներով տուժել է հայ ընտանիք, եւ փողոցի յարակից շէնքերի միւս բնակիչները եւս տարհանւել են։
Իրավիճակի մանրամասները պարզելու նպատակով «ԱԼԻՔ»-ը կապ է հաստատել ԹՀԹ Զէյթուն քաղաքամասի արտակարգ իրավիճակների շտաբի պատասխանատու Ֆրեդ Աշուղեանի հետ։
Վերջինս «ԱԼԻՔ»-ին տեղեկացրել է, որ ռմբակոծութեան թիրախ հանդիսացած կենտրոնի հարեւանութեամբ գտնւող երեք հայկական շէնք եւ տարածք է հիմնական վնասներ կրել։ Նրա խօսքով՝ այդ շէնքերը ներկայումս կամ այլեւս բնակելի չեն, կամ գտնւում են խիստ վթարային վիճակում։
Նշւած բնակարաններից մէկի բնակիչները պայթիւնի պահին քաղաքում չեն գտնւել, իսկ միւս բնակարանում բնակւող ընտանիքի անդամները մարմնական տարբեր աստիճանի վնասւածքներով տեղափոխւել են բուժկենտրոն կամ տեղում ստացել բժշկական օգնութիւն։
Շտաբի պատասխանատուն յաւելեց նաեւ, որ յարակից բնակարաններում ջարդւել են պատուհանների ապակիները, վնասւել են նաեւ տան կահոյքը, ինչի հետեւանքով դրանք ժամանակաւոր դարձել են անօգտագործելի։ Այդ բնակարանների բնակիչները եւս տարհանւել են եւ ապաստան գտել բարեկամների ու հարազատների տներում։
Ֆրեդ Աշուղեանը յատկապէս կարեւորեց համայնքի գիտակից հայրենակիցների աջակցութիւնը ստեղծւած իրավիճակում։
Նրա փոխանցմամբ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասւածքներով շուրջ 10 հայ վիրաւոր կայ։
Պրն. Աշուղեանը յայտնեց նաեւ, որ տուժածների թւում է եղել ԻԱՄՄ-ի պահակը, որը արդէն տեղափոխւել է «Սահակեան» ազգային կենտրոն։
Շտաբի պատասխանատուն նշեց, որ փողոցի տւեալ հատւածը գրեթէ ամայացել է․ տարածքում ներկայումս գտնւում են միայն անվտանգութեան ուժերն ու որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող արտակարգ իրավիճակների ստորաբաժանումները։



