ՀԱՏԻՍ
Թելօ գիւղի գերեզմանատան հետքերով
Թեհրանից Հիւսիս գտնւող երբեմնի հայաբնակ Թալօ գիւղի հետքերը գտնելը դժւար գործ չէ: Գիւղի հարաւային հատւածում գտնւող բլուրին, ուր ճանապարհից պարզ երեւում են գերեզմանատան խաչերը, իւրայատուկ տեսք է հաղորդում տեսադաշտին:
Մօտենում ես բլուրին, ու մաշկիդ զգում՝ «չարլզդիկենզեան» պատումները: Այստեղ՝ բլուրի բարձրակէտին երեւում է Իրան-Իրաք պատերազմում զոհւած նահատակ՝ Վահիկ Բաղդասարեանի յիշատակին տեղադրւած փայտէ խաչը: Նահատակը եղել է նոյն այս գիւղից, չնայած ընտանիքը հաստատւած են եղել Թեհրանում:
Մի փոքր մշուշ կամ փոշի ու միանգամից կարող ես յայտնւել միջնադարի մասին պատմող որեւէ սերիալի դրւագում… կոտրւած ու խոնարհւած գերեզմանաքարեր, «ամենատեղական ուղղագրութեամբ» շիրիմաքարերին փորագրւած անուններ, մէկ-մէկ էլ հանգուցեալի անւան մասին լռող ու առանց գրութեան խաչեր: Սա դեռ ամէնը չէ, կողքից փորւած մեծ փոսեր, ու իրենց ազատ զգացող թափառական շների վոհմակ:
Ի դէպ այս վերջինների համար կարծես անցորդների վրայ հաչալը դարձել է զբօսանք, յատկապէս հեծանւորդների: Չնայած երկար չանցած սովորում ես այդ անմեղ հաչոցներին, բայց եւ այնպէս չես էլ կարող անուշադիր անցնել նրանց կողքից, մարդ ես, գուցէ սիրեն կծել:
Փողոցներից մէկում վերջապէս գտնում ես բլուրի բարձունքից նկատածդ տունը: Աւերակ է դարձել ու պատերից միայն որոշ հատւածներ կան մի մետր բարձրութեամբ միայն: Պատից ոչ հեռու եւս մէկ ցեխապատ կառոյցով շինութիւն կայ: Պատին էլ նշւած գրութիւն կայ. Անդրէ անունով մէկը պատրաստ է օտարել տարածքը. «տարածքը վաճառւում կամ փոխանակւում է»…
Գերեզմանոցում չես կարող աննկատ անցնել փորւած ու իր գիրկը բաց այն գերեզմանի կողքից, ինչը կարծես երբեք էլ չի հասցրել ծառայելու նպատակին: Կամ գուցէ այդպէս է թւում: Չկայ կամ չի մնացել որեւէ շիրմախաչի կամ գերեզմանաքարի հետք փոսի կողքին: Փորձում ես տեղացիներից պարզել: Բառիս ուղիղ իմաստով չգիտեն: Տեղացիք՝ տեղացիներ չեն, պարզապէս գնել են տարածքը, ու մայրաքաղաքի մօտակայքում իրենց համար կառուցել՝ ամառանոց:
Մտնելով գիւղամէջ յայտնւում ես յիշողութիւններիդ օրագրում: Ժամանակին՝ Իրան-Իրաք պատերազմի թէժ օրերին, երբ հակառակորդը կրակը տարածեց քաղաքների վրայ ու հրթիռակոծեց մայրաքաղաք Թեհրանը, թեհրանահայութեան զգալի մասը տուն ու տեղ թողած ապաստան գտաւ հէնց այստեղ՝ Թալոյի (հայերը այսպէս են կոչում Թելօ-ն) մատոյցներում: Բաց երկնքի տակ գիշեր լուսացնելով մարդիկ կարծես սկսել էին ընտելանալ նաեւ կիսագիւղական կեանքին: Աղբիւրը, որն արդէն ցամաքել է, կամ չես մոռանայ գիշերային խարոյկները, որոնց շուրջ գիտառի լարերի դողացող ձայնի թախիծն էր տարածւում մթութեան մէջ: Գիշերային մեղեդիներ, որն այդ օրերին նոր կնճիռ էր աւելացնում՝ խարոյկի կրակից, թէ ինչից կարմրած ու մտահոգ մարդկանց ճակատին… ցրտաշունչ կէսգիշերային քնից քեզ միայն կարող էր արթնացնել մայրաքաղաքի վրայ նետւած ռումբերի որոտը, որոնց արձագանգը սարերում եռապատկւում էր ու իրական պատերազմի քաոս նկարագրելով դառնում երկարաշունչ մղձաւանջ:
Անցնում ես առաջ ու վեր թռչում թիկունքիցդ լսւող հաչոցից… բերանդ բանալ կը տան սրանք… յուշերն ու յիշողութիւնները չքւում են ու գնում ես աւելի լուրջ հարցերիդ պատասխան գտնելու՝ թէ ինչու գերեզմանոցում կոտրւած շիրմաքարեր կան, կամ ում են ծառայել շիրմաքարերի կողքը փորւած փոսերը: Չգիտի ոչ ոք: «Դէ ճանապարհից երեւում է, ու ով ասես չի գալիս»,- ասում է մի՝ յիսուն-վաթսուն այծ-ոչխար արածացնող ջինզ հագած հովիւը:
«Քո՞նն են».-հարցնում ես տալիս գլուխդ դէպի ոչխարներն ուղղելով: «Էնքան էլ գնորդի տեսք չունես»,- լեզւին տալով ճակատի քրտինքն է սրբում: «Լուսանկարիչ եմ»: «Ֆոտոմոդելա՞ պէտք»,- ասում է ծիծաղը խեղդելով: Պատկառելի մարմնով բռչուկ շուն է մօտ գալիս: Րոպէ չանցած կէս մետր խորութեամբ փոս է փորում մինչ մենք երկու բառ կը փոխանակէինք:
Վերադառնում ես բլուր: Նորից ես նկատում փորւած փոսերն ու յիշում խաշնարածի շան փորածը: Իսկ այստեղ ինչքան ասես նոյն սորտից շներ կան…
Կարծես վաղուց ոչ մէկը խունկ վառած չկայ այստեղ: Այցելուներն էլ հայեր չեն: Քիչ էլ չեն իհարկէ: Բոլորին է գրաւում ճանապարհից երեւացող բլրի գագաթի խաչերը: Հայերի մասով նորից չես գնալու բլուջինզով հովիւի մօտ: Մէկ է նոր բան է սարքելու գլխիդ: Պարապ մարդու գործ է, ինքն էլ ինչքան ասես՝ պարապ:
Շիրիմների անծուխ ու կրակ վիճակը բաւարար փաստ է: Մտածում ես յետոյ կը մօտենաս Սասուն քաղաքամասի «հոլանդացիներին»: Եկեղեցուն կից՝ «Հոլանդ փողոցի» վետերան բնակիչները հաստատ պատմելու շատ բան կունենան: Ինքդ քեզ հետ խօսում ու հետն էլ բլուրի բարձունքից նայում՝ դեռ հնից մնացած ցեխապատ տների հետքերին:
Գիւղում հազիւ թէ նման բան տեսնես: Ուշադիր քայլում ես փողոցներով: Շներն էլ մի քանի անգամ համը հանում են: Պարզապէս պէտք է անել ամենամեծ յիմարութիւնը, չփախչել, երբ վրայ են տալիս: Ի դէպ ականջներին օղակ է ամրացւած ու երեւում է հաշւառւած են բնապահպանների կողմից՝ գուցէ կերակրւում են, ինչ իմանաս: Աւելի ուշ պարզեցի, որ բոլոր այս շներն իրականացւող պատւաստման եւ ստերջացման ծրագրի արդիւնքում կորցրել են վերարտադրման կարողութիւնը: Չնայած ճանապարհին լիքը քոթոթ ես տեսել ու մտքերդ իրար են խառնւում նորից:
Բոլորը գնացող են: Մնացողներն էլ պատմութիւնը յիշելու կամ պահպանելու խնդիր չունեն: Գերեզմաններն էլ վաղուց խունկ չեն շնչել: Ի դէպ, դրանք շուրջ 45-ն են:
Փողոցներից մէկում վերջապէս գտնում ես բլուրի բարձունքից նկատածդ տունը: Աւերակ է դարձել ու պատերից միայն որոշ հատւածներ կան մի մետր բարձրութեամբ միայն: Ի դէպ գիւղը գտնւում է սէյսմիկ յատկանշերով «Մոշա» ճեղքի վրայ ու ցնցումային հսկայական էներգիա ունի կուտակած ընդերքում: Պատից ոչ հեռու եւս մէկ ցեխապատ կառոյցով շինութիւն կայ: Պատին էլ նշւած գրութիւն կայ. Անդրէ անունով մէկը պատրաստ է օտարել տարածքը. «տարածքը վաճառւում կամ փոխանակւում է»…
Բոլորը գնացող են: Մնացողներն էլ պատմութիւնը յիշելու կամ պահպանելու խնդիր չունեն: Գերեզմաններն էլ վաղուց խունկ չեն շնչել: Ի դէպ, դրանք շուրջ 45-ն են: Կենտրոնում էլ վեր է խոյացել նահատակի յիշատակին տեղադրւած փայտէ խաչը, վրան էլ հայերէնով գրւածը հասանելի չէ ճանապարհից այստեղ յայտնւած հետաքրքրասէրներին: Երեւի արժէ մտածել պարսկերէնով գրութեան մասին եւս…
Հետաքրքիր է եղել գիւղը ոչ հեռաւոր անցեալը մայրաքաղաքի արկածախնդիր կամ ձմեռային սպորտի սիրահար բնակիչների համար: Այստեղ առաջինն է կառուցւել դահուկավազքի վազքուղին, որն ի դէպ մի ֆրանսացի գործարարի նախաձեռնութիւնն է եղել:
Ժամանակին օրաթերթիս պարսկերէն յաւելւածով հրապարակւեց Յովիկ Մինասեանի հաւաքագրած նիւթը, որտեղ նշւած է «ԱԼԻՔ» օրաթերի հիմնադրման 50-ամեակի հատորում նշւած է, որ 1946 թւականի տւեալներով Թելօ գիւղում հաստատւած եօթ հայ ընտանիք է եղել, որոնք հասցրել են նաեւ բարձր պահել գիւղի անունը: Յովիկ Մինասեանը գիւղի անւանիների թւում նշել է Իրանի դահուկավազքի ազգային հաւաքականի ժամանակի երեւելիներից՝ Յովհաննէս Մկրտումեանի, կինօգործիչ-դերասան Սիմոն Բաղդասարեանի, Մանաւազ Փիրջանեանի եւ Թովմաս Բաղդասարեանի անունները: