ՈՒ ԴԵՌ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՆՔ «ԹՔՆԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱ՜Ն ՃԱԿԱՏԻՆ»…
Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից
Յետադարձ հայեացք նետելով հայաստանեան անցնող շաբաթւայ մի քանի ուշագրաւ իրադարձութիւններին, պարզորոշ են դառնում հետեւեալ փաստացի իրողութիւնները, որոնք էլ արձանագրում ենք ստորեւ.
1. Հայաստանում դրածոյ իշխանախմբի «արտգործնախարարութիւնը» յայտարարութիւն է հրապարակում, որով իբր ճանաչում է Պաղեստինեան երկիրը, որպէս պետական անկախ միաւոր։
Հետաքրքիր զուգադիպութիւն էր այն, որ սոյն յայտարարութեանը նախորդել է փաշինեան-էրդողան հեռախօսազրոյցը։
Չակերտների մէջ չէինք առնի տւեալ նախարարութեանը, եթէ չուրանար իւրայինը, սեփականն ու հարազատը՝ մեր յաղթանակների փառապսակ ԱՐՑԱԽԸ…։
Ո՞նց կարելի է պատկերացնել էս դրածոյ թրքահպատակների համատեղութիւնը, այնպիսի արժէքային համակարգի հետ, որպիսին է պաղեստինեան ազատագրական պայքարը։ Տւեալ յայտարարութիւնը շինծու է եւ անինքնուրոյն, որն ուղղակիօրէն պատւիրւել է էրդողանի կողմից, սեփական անբարոյ հաշիւներից ելնելով…։
2. Դրածոյ հայրենադաւների յատուկջոկատայինները! գրոհում ու քանդում են Երեւանում Արցախի ներկայացուցչութեան դարպասը, որպէսզի բռնազաւթեն Արցախի Հանրապետութեան նախագահի կողմից օգտագործւող աւտոմեքենան…։
Այս զաւեշտի մասին էլ մեր հայրենի փորձագէտներն ու վերլուծաբանները տալիս են այն գնահատականը, թէ սա էլ երեւի ալիեւի հրահանգի արդիւնքում է պատահել…։
3. Եւ ահա. Ո՜վ հայ ժողովուրդ, Քո միակ փրկութիւնը Եւրոմիութիւն մտնելն է… ու նոյն դրածոները նոր հանրաքւէ են որոշում կազմակերպել այդ առիթով…
Նախդէպը չունեցող նման մեղմ ասած՝ քաղաքական տգիտութիւնն չի ունեցել նոյնիսկ Թուրքիան, ով տասնամեակներ է բախւած մնում ԵՄ-ի դռանը, կամ նոյնինքն Վրաստանը, իսկ այսօր արդէն նոյն ԵՄ-ի գուրգուրանքներո՜վ շոյւած քարուքանդ Ուկրաինան ու շատ ուրիշ հին ու նոր ԵՄ թեկնածու երկրներ։ Եւրոմիութիւնն այսօր գլոբալ տնտեսական ու ռեգիոնալ առումներով՝ ներքաղաքական բաժանարար խմորումների դէմ-յանդիման է կանգնած, իսկ մեր հայրենի երկիրը քաոսային իրավիճակի հասցրած ազգադաւները Հայաստանի քաղաքացիներին մոլորեցնելու նոր տարբերակ են մոգոնել՝ ԵՄ-ով գայթակղելը…։
4. Հայաստանում 2018-ից իշխանութիւնը զաւթած ու երկիրն ու պետութիւնը անդունդի եզրին հասցրած թրքահպատակ հայանունները, օրերս մե՜ծ հրճւանք են ապրում՝ « Տաւուշը յանուն հայրենիքի շարժման» «մարումով ու նահանջով»։ Ամենաուրախն ու անթաքոյց հրճւողը, սակայն, հանդիսացաւ բռնազաւթւած ԱԺ-ի թիւ 1 խրտւիլակ ալէնը։ Նա մասնաւորապէս յոխորտացել է թէ՝ բա հիմա ու՞մ են առաջնորդ դնելու շարժման համար… ու մի քանի ընդդիմադիր անհատների անուններ յիշել, որոնց էլ համարել է «նախկիններ» ու սրա-նրա հետ «դաշնակիցներ»…
Այս լկտի խօսնակին ի պատասխան պէտք է ասել, որ Շարժումն անկախ իր արագ թէ դանդաղ ընթացքից, նպատակայարմար պահին կրելու եւ ամբողջովին վերածւելու է համաժողովրդական-համազգային յարատեւ պայքարի։ Իսկ թէ ո՞վ կամ ովքե՞ր են առաջնորդելու Շարժումը, դա ենթակայ չէ ձեր փթած եւ այլեւս կեղծ ու խաբուսիկ «նախկիններ» թեզի չափանիշերին, որոնցով մոլորեցրիք ժողովրդական զանգւածներին ու զաւթեցիք իշխանութիւնը։
Այնպէս որ Շարժման ենթադրեալ մարումով մի աճապարէք հրճւել, այլ տխրէք առ այն, որ ժամանակին ձեզ՝ թրքահպատակներիդ վռնդելու եւ փոխարինելու են գալու ազգի հայրենապաշտ զաւակներն ու ժողովրդաընտիր առաջնորդները։
5. Եւ վերջապէս, որպէս առաջադրանք, հարկաւոր է, որ Շարժման մնայուն բողոքի թիրախ դառնան ՀՀ-ում՝ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ նոյն ԵՄ-ի դեսպանութիւններն ու ներկայացուցչութիւնը, իրենց երկդիմի եւ անբարոյ դիւանագիտութեան համար։ Նոյն այս « ժողովրդավարնե՜րը» իրենց քստմնելի լուռ պահւածքով՝ տեղնուտեղը անարգանք են ընդդէմ հայաստանի ժողովրդի ու հայի արժանապատւութեան, երբ խաղաղ ցոյցերի ընթացքում լուսաձայնային նռնակներով վիրաւորւածների համար մեղաւոր են ճանաչում նոյնինքն ցուցարարներին…։
Հարկաւոր է եւ այլեւս խիստ անհրաժեշտ՝ որ Շարժման պատասխանատուները այդ նիկոլապահ դեսպանատների առջեւ եւս բողոքի ցոյցեր կազմակերպեն ու դրանցով մէկ անգամ եւս յիշեցնեն այդ «դիպլոմատ հրէշներին», որ ազատատենչ ու արդարամիտ հայը դեռեւս նախորդ դարասկզբին է «թքնել մարդկային արդարութեա՜ն ճակատին»…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու