Դաշնակցական Բեմ

Կարսի դաշնագրի մասին

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Անցնող շաբաթ Ալիեւը, անակնկալ կերպով յայտարարեց, թէ յանձնարարել է Նախիջեւանի սահամանադրութիւնից կրճատեն այն յօդւածները որոնցով յղում է կատարւել Կարսի Դաշնագրին, նախ տեսնենք ինչ է պարունակում իր մէջ Կարսի Դաշնագիրը Հայաստանի վերաբերեալ ապա ինչու է Ալիեւը այս օրերին նման կարգադրութիւն կատարել:

Ներկայ Հայաստանի սահմանները Թուրքիայի հետ, ճշտւել են 1921թ.-ի, հոկ. 13-ին Կարսի (իբր թէ խաղաղութեան) դաշնագրով՝ կնքւած մի կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւնների եւ միւս կողմից Թուրքիայի միջեւ, Խորհրդային Ռուսաստանի մասնակցութեամբ:

Հայաստանի կառավարութեան կողմից ստորագրել են, արտաքին գործոց գործավար՝ Ասքանազ Մռաւեանը եւ ներքին գործոց գործավար՝ Պօղոս Մակինցեանը:

Ադրբեջանի կողմից՝ Շահթախտինսկի, Վրաստանի՝ Շալւա Էւիա եւ Ալեքսանդր Սւանձէ, Թուրքիայի՝ Քեազիմ Գարաբէքիր եւ Վելի Բէյ, Ռուսաստանի՝ Եակով Գանեցկի:

Ըստ դաշնագրի 4-րդ յօդւածի, Հայաստանից Թուրքիային են անցնում Կարսի, Արդահանի եւ Սուրմալու նահանգները որոնց վերաբերեալ հարցերը որոշւած են 1-րդ եւ 2-րդ յաւելւածներով ու կցւած քարտէզով, ստորագրւած կողմերի միջեւ:

Յօդւած 5-ով, «Թուրքիայի կառավարութիւնը եւ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնները, համաձայնւում են, որ Նախիջեւանի շրջանը (Հայաստանին պատկանող) որպէս ինքնավար հողամաս, անցնի Ադրբեջանի հովանաւորութեան ներքոյ, այն պայմանով որ Ադրբեջանը այդ հովանաւորութիւնը չզիջի որեւէ երրորդ պետութեան» (այսինքն Հայաստանին): Ըստ Ռուսական վիճակագրական տւեալների, 1912 թւականին, Նախիջեւանը ունեցել է 128489 բնակչութիւն, որի 50%՝ Մահմեդական թաթարներ, 45%՝ հայեր եւ 5%՝ այլք: Ադրբեջանի ղեկավարութեան հայահալած քաղաքականութեան հետեւանքով, հայերը զանգւածաբար հեռացել են իրենց բնակավայրերից եւ մինչեւ 1988 ը Նախիջեւանը հայաթափւել է (ՀՀ Հանրագիտարան էջ 842):

Դիւանագիտութեան մէջ, հովանաւորութիւն՝ չի նշանակում սեփականատէր դառնալ, այլ վէճի առարկայ տարածաշրջանը, կողմերի համաձայնութեամբ, ժամանակաւորապէս, մինչեւ վերջնական լուծումը, որպէս ինքնավար տարածք, դրւում է կողմերից մէկի հովանաւորութեան տակ որի համար էլ 1923 թ.-ին, Նախիջեւանում նախ ստեղծւում է Ինքնավար Մարզ ապա 1924- ին՝ Խորհրդային Սոցել. Հանրապետութիւն Ադրբեջանի կազմում եւ վերջապէս Սովետական Միութեան փլուզումից յետոյ՝ 1991 թ.-ին անւանւել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն որն «քաղաքական շահախնդրութիւններով, ժամանակ առ ժամանակ հանդէս է բերել Ադրբեջանի կազմից դուրս գալու, Թուրքիային միանալու կամ անկախ պետութիւն ստեղծելու ձգտումներ», (նոյն տեղում): Ալիեւի քիմքին դիւր չի գալիս նման անջատողական ձգտումներ,(ինչպէս Արցախում նա ցանկանում է Նախիջեւանին ունենալ իր կազմում ոչ թէ որպէս ինքնավար մարզ կամ հանրապետութիւն այլ իրեն հլու հպատակ Ադրբեջանի մարզերից մէկը:

Ալիեւի ցանկութիւնը իրականանալու գլխաւոր խոչընդոտը, Կարսի Դաշնագիրն է, որն չի կարելի, միակողմանի կերպով լուծարել քանզի ստորագրւած է չորս պետութեանց կողմից՝ Ռուսաստանի ներկայութեամբ բայց հաւանօրէն, Ալիեւը մտածում է Դաշնագրի 5-րդ յօդւածը այն է «Թուրքիայի կառավարութիւնը եւ Խորհրդայի Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնները համաձայն են Նախիջեւանի շրջանը կազմի ինքնավար հողամաս, Ադրբեջանի հովանաւորութեան տակ» «հովանաւորութիւն» բառը փոխել «տիրութեան», որին համաձայն կը լինի թէ Թուրքիան եւ թէ իր ափի մէջ գտնւող Փաշինեանը, որի համար էլ ըստ իր վաղեմի գործելաոճի, նախ ցանկացածը հպանցիկ կերպով ասում՝ ապա մի որոշ ժամանակից յետոյ անցնում գործի որպէս պահանջատիրոջ եւ հեռու չէ այդ օրը:

Կարսի դաշնագրով Ռուսաստանը, հայապատկան հողերը նւէր տալով իր զինակից Թուրքիային, ահաւոր հարւած հասցրեց Հայաստանին, ասում են թէ Ասքանազ Մռաւեանը չի ուզեցել ստորագրել դաշնագիրը, սակայն Ռուսաստանի պարտադրանքով ստորագրել է ապա մի քանի ժամանակ անց խորհրդաւոր պայմաններում ինքնասպան է եղել: (Գաբրիէլ Լազեանի «Հայաստան եւ Հայ Դատը» էջ292):

1929-ի Մոսկւայում տպագրւած «Հայաստան» երկհատոր ռուսերէն գրքի մէջ Բ. Բորեանը գրում է.

«Աւելի ծանր եւ աւելի աննպաստ խաղաղութեան՝ քան Կարսինն է պատմութեան էջերի վրայ հազիւ թէ կարելի է գտնել»:

«Կարսի մէջ Խորհուրդների ու արեւելեան քաղաքականութեան ճանապարհին եւ ի շահ համաշխարհային խաղաղութեան ծախու տրւեց Հայաստանը» (նոյն էջ 164):

Նոր Ջուղա

07.03.2026 թ.

Related Articles

Back to top button