ՈՐՊԷՍԶԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՇՒԵՀԱՐԴԱՐԻ ՉՎԵՐԱԾՒԻ…
Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. 2015 թւականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ 5+1 ֆորմատով համընդհանուր համաձայնագիրը պատռւեց 2018-ին, Թրամփի ձեռամբ, վերջնիս առաջին շրջանի նախագահութեան հէնց սկզբում։
2. Այդպիսով՝ Երկար տարիների ահռելի ջանքերի ու բարդագոյն բանակցութիւնների արդիւնքում Իրանի միջուկային թղթածրարի հարցում համաշխարհային կոնսենսուսը, Թրամփի մէկ ստորագրութեամբ ի չիք դարձաւ։
3. Դեռ այն ժամանակ, (իսկ այժմ առաւել քան երբեւէ) անհերքելի փաստ էր, որ Թրամփի յետ-օբամայական հակա-Իրան ստորագրութեան թիկունքում կանգնած են եղել գլխաւորաբար իսրայէլական ծայրայեղական թեւերն ու բուն ԱՄՆ-ում՝ հրէական հզօր լաբին…
4. Դրանց զուգահեռ, հակա-Իրան նման ստորագրութեանը չէին կարող շահագրգռւած չլինել ինչպէս թուրքական, այնպէս էլ՝ Իրանի դէմ երկարատեւ սանկցիաներով խրախուսւող ու դրանց առկայութեան դէպքում, տնտեսական առաջընթաց արձանագրած՝ 2-3 յղփացած արաբական երկրներ։ Ի վերջոյ փաստ է, որ վերոգրեալների օգտին էր, որպէսզի նաւթային ու գազային հզօրագոյն պաշարներով հարուստ եւ գէօ-պոլիտիկ ու գէօ-ստրտեգիկ ներուժ առաւելութիւններ ունեցող Շիի Իրանը շարունակի ենթակայ մնալ հաւաքական արեւմուտքի տարատեսակ տնտեսա-քաղաքական պատժամիջոցներին…
5. Ահաւասիկ, Թրամփի նախագահական երկրորդ՝ յետ-բայդենական ժամանակաշրջանում, Իրանի ատոմային էներգիայի չարչրկւած թղթածրարը միեւնոյն թրամփական իմիտացիաներով, թէեւ սկզբնական շրջանում ԱՄՆ-Իրան անմիջական բանակցութիւնների փուլ թեւակոխեց, բայց եւ այնպէս՝ դարձեալ իսրայէլա-հրէական գործօնը դրանք նոր փուլ տեղափոխեց՝ ուղղակիօրէն պատերազմական սանձազերծմամբ ու ԱՄՆ ներգրաւմամբ՝ Իրանի ատոմական ըստ ամենայնի խաղաղ օբիեկտների գերուժգին ռմբահարումներով։
6. ԱՄՆ-իսրայէլական սանձազերծած պատերազմական այսպէս ասած՝ 12-օրեայ գործողութիւնների ինչպէս ռազմական, այնպէս էլ առաւել եւս՝ քաղաքական նպատակները, տապալւեցին։ Նախ՝ Իրանի ռազմական ներուժը շնորհիւ հրթիռային հուժկու հակայարձակումների՝ ընդդէմ Իսրայէլի ու յատկապէս՝ Թելաւիւի կէտային զգայուն թիրախներին, ռազմական հաւասարակշռութիւնը փոփոխութեան ենթարկեց յօգուտ Իրանի։ Ապա՝ քաղաքական նպատակը, այն է՝ Իրանում ներքին հասարակա-քաղաքական խժդժութիւնների արդիւնքում՝ հասնել աւելի քան քառասնամեայ երազած իշխանափոխութեանը, բառի բուն իմաստով յօդս ցնդեց՝ ժողովրդական գիտակից ու միասնական պետականամէտ նախանձելի կեցւածքների շնորհիւ։
7. Այժմ՝ հաւաքական արեւմուտքի եւրոպական հատւածը «Տրոյիկա» կոչւող ձեւաչափով ( Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա ) ու Ատոմային էներգիայի գործակալութեան համագործակցութեամբ, մէկ՝ սպառնակա՜ն, մէկ էլ՝ ներքուստ ամօթխած՝ բանակցային սեղան են հրաւիրում Իրանին։ Միւս կողմից էլ՝ ԱՄՆ-ն է նոյն կերպ Իրանին հրաւիրում բանակցութիւնների, արտաքուստ մոռացութեան տալով, որ բանակցային սեղանից նոյն ինք՛ն էր հեռացել, տրւելով իսրայէլական գայթակղութիւններին։
8. Այսօր, սակայն, բանակցային գործընթացներից երբեւէ չխորշող ու չհրաժարւող Իրանի դիւանագիտական, քաղաքական ու անվտանգային համընդհանուր գերատեսչութիւնները կազմ ու պատրաստ՝ տարբեր ճակատներում հմտօրէն ու արժանապատւօրէն պաշտպանում են երկրի ազգային ու պետական անսակարկելի շահերն ու արդարացի իրաւունքները։
9. Կարեւորագոյն հարց է նաեւ՝ մինչ 12-օրեայ պատերազմ եւ դրանից յետոյ ստեղծւած ու առկայ իրողութիւնների լոյսի ներքոյ բանակցային գործընթացների (տայ Աստւած արդիւնաւէտ) շարունակականութեան երաշխիքների ապահովումը։ Այս խնդրում, ինչ խօսք՝ «շահագրգիռ» արեւմուտքը պէտք է հաշւի նստի իրանական կողմի իրաւացի պահանջների եւ ոտնահարւած իրաւունքների վերականգնման հետ, հեռու մնալով տարածաշրջանը անկայունութեան տանող սիոնական ծայրայեղութեանը անհարկի տուրք տալու արկածախնդրութիւններից…։
10. Այլապէս՝ առանց այդ էլ տարածաշրջանային ու միջազգային խառնիճաղանջ եւ կարեւորը՝ անկայուն տնտեսա-քաղաքական խիստ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ստատուսները ունեն բոլոր հիմքերը ԹՇՆԱՄԱԿԱՆ հաշւեհարդարների վերածւելու հեռանկարի, որը յուսանք երբեւիցէ նման երանգներով չէ՝ որ պէտք է ուրւագծի երկիր-մոլորակի եւ հանուր մարդկութեան ցանկալի ապագան…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու