Լիլիթ Գալստեան. «Երկարատեւ խաղաղութիւնը ոչ թէ շարունակական զիջումներով է հաստատւում, այլ ամբողջական լուծումներով»

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԱԺ-ում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Խօսելու եմ այս օրերին այդքան շահարկւող խաղաղութեան դիսկուրսի, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրւած համաձայնագրի մասին։
Փորձենք պարզել՝ իրապէս խաղաղութիւն է ներկայացւածը, թէ՞ խաբկանք։
Որքան էլ իշխանական քարոզչամեքենան այն պատմական եւ շրջադարձային համարի, տնտեսական վերելքի եւ ապաշրջափակման մասին քաղաքական գովազդներ տիրաժաւորի, վաշինգտոնեան համաձայնութիւններն իրական խաղաղութեան հետ աղերս չունեն։
Դրանք չեն անդրադառնում հակամարտութեան իրական էութեանն ու հետեւանքներին, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու իրաւական բազմաթիւ սպառնալիքներ են բովանդակում:
Մասնաւորապէս՝ շրջանցում են կայուն խաղաղութեան համար առանցքային ներքոյիշեալ խնդիրները.
– Միջազգային անվտանգութեան երաշխիքներով ամրագրւած՝ արցախահայութեան հաւաքական վերադարձի իրաւունքը:
– Հայ ռազմագերիների եւ այլ ձերբակալւած անձանց անվերապահ ազատ արձակումը:
– Հայաստանի տարածքներն օկուպացրած Ադրբեջանի զինւած ուժերի դուրսբերումը:
– Տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման սկզբունքները:
Մի քանի կարեւոր նկատառում․
1․ Իշխանութեան կողմից դարակազմիկ որակւող խաղաղութեան ողջ փիլիսոփայութիւնը կառուցւած է «Արցախի էջը փակւած է» ապազգային, ոչ բարոյական եւ ոչ լեգիտիմ կոնցեպտի վրայ։
Մինչդեռ վարչախումբը չունի նման անբովանդակ համաձայնագիր ստորագրելու քաղաքական եւ բարոյական լեգիտիմութիւն, քանի որ Ազգային ժողովի կողմից վաւերացւած եւ ուժի մէջ գտնւող կառավարութեան ծրագրով բանակցային այլ յանձնառութիւն է ամրագրւել, իսկ Հայաստանը ստանձնել է Արցախի անվտանգութեան պաշտպանութեան երաշխաւորութիւնը։
2․ Դէ ֆակտօ, Հայաստանն այսպիսով ոչ միայն լեգիտիմացնում է միջազգային դատական ատեանների որոշումներով ամրագրւած, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, պատերազմական յանցագործութիւններն ու Արցախի էթնիկ զտումը, այլեւ դառնում է յանցակից։
3․ Հայ-ադրբեջանական բանակցութիւններն ընթացել եւ ընթանում են Հայաստանի նկատմամբ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի 1969 թ․ կոնւենցիային։ Այս հիմքով եւս դրանք կորցնում են իրենց լեգիտիմութիւնը։
4․ Որոնք են երաշխիքները, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր յանձնառութիւնները դրժած եւ ի շահ իրեն օգտագործած Ադրբեջանը կը յարգի նոր համաձայնութիւնները։
5․ Արդեօք կարելի՞ է վստահել թղթին եւ Ալիեւին, երբ Վաշինգտոնից ընդամէնը մէկ օր անց՝ խախտելով ձեռք բերած պայմանաւորւածութիւնները, նա նոր պահանջներ է առաջ քաշում՝ այդ թւում Սահմանադրութեան փոփոխութեան հարցը։
6․ Արդեօք Ադրբեջանն իրապէ՞ս անկեղծ է խաղաղութեան իր ձգտումներում։ Իհարկէ՝ ոչ։ Նա սպառազինւում է, հզօրացնում ռազմական կարողականութիւնները, շարունակում է ՀՀ տարածքների /210 քառկմ/ օկուպացիան, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելութեան խօսքի տարածումը, իրականացնում է Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման պետական քաղաքականութիւն, շինծու դատական գործընթացներով կեղեքում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ու պատանդառւած անձանց, մերժում է արցախցիների հաւաքական վերադառնալու իրաւունքը:
Ի դէպ, Վերադարձի իրաւունքին քամահրանքով վերաբերող ՔՊ-ականներ, այս իրաւունքը շարունակում է միջազգային իրաւունքի մաս կազմել, հնչում է տարբեր հարթակներից եւ այդ հարցի վերջին բարձրաձայնողներից մէկն էլ վերջերս Հայաստան այցելած ՄԲ պետնախարար Սթիւեն Դաութին էր: Պարզապէս դուք այդ կամքն ու ու համոզումը չունէք:
7․ Ադրբեջանը չի դադարեցնում ՀՀ տարածքների նկատմամբ յաւակնութիւնները։ «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթը զաւթողական կոնցեպտ է՝ որն այս պահին էլ շարունկում է ներառւած լինել ադրբեջանական տեղակատւական, կրթական եւ հանրային համակարգերում։
«Սիւնիքը Ադրբեջանից խլւած տարածք է», ահա Ալիեւի հետ վաշինգտոնեան յայտարարութիւններից եւս մէկը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեծագոյն հակակրանքով եմ Ալիեւից մէջբերումներ կատարում, բայց ստիպւած եմ, որովհետեւ ՔՊ-ական քարոզչամեքենան ու Փաշինեանն այլ պատկեր են փոխանցում: Ըստ Փաշինեանի դեռ փոխադարձաբար հողեր ունենք տալու: Բայց մինչեւ հիմա միայն Հայաստանից են տարել:
8․ Վարչախումբն իր բոլոր զիջումները բացատրում է այլընտրանքի բացակայութեամբ, մինչդեռ իբրեւ բաղձալի խաղաղութիւն մատուցւող փաստաթուղթն իրականում խաբկանք է՝ վարչախմբի քաղաքական եւ դիւանագիտական պարտութիւնների արտացոլանքը, հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու անունակութիւնը։
9․ «Համաձայնագիրն արտայայտում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը», յայտարարել է Ալիեւը, իսկ, թէ հայկական կողմի որ առաջարկութիւնն է տեղ գտել, այդպէս էլ այս հարցին Փաշինեանը չտասխանեց։
10․ Ադրբեջանի տեւական պահանջի եւ Հայաստանի իշխանութիւնների հերթական զիջման արդիւնք է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Փոխարէնը չի առաջարկւում միջազգային այլընտրանքային որեւէ հարթակ։
Ըստ էութեան Հայաստանը չի պաշտպանում Շւէյցարական բանակցային նոր հարթակի առաջարկը, ինչը թոյլ կը տայ բանակցել Վերադարձի իրաւունքի եւ անվտանգային այլ հարցերի շուրջ։
11․ Հայաստանի իշխանութիւնների խոստացած «անխոչընդոտ» տրանսպորտային հաղորդակցութեան նախագիծը (TRIPP) խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականութիւնն ու իրաւազօրութիւնը։
12․ Հրապարակւած փաստաթղթերում առկայ բազմաթիւ անորոշութիւններն ու ոչ յստակ ձեւակերպումները տասնեակ հարցեր են առաջացնում, որոնց մանրամասները գաղտնի են պահւում կամ չկան, այսպէս՝
- Ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ ժամկէտով է տրւելու Մեղրիով անցող ադրբեջանցիների համար անխոչընդոտ ճանապարհի կառավարման եւ շահագործման իրաւունքը։
- Իրաւական ի՞նչ ռեժիմ եւ կարգաւորումներ է այն ենթադրում․ ՀՀ լիարժէք իրաւազօրութիւ՞ն, պետական ծառայութիւնների ազա՞տ գործունէութիւն, թէ՞ այլ։
- Ինչպէ՞ս է արտայայտւելու փոխադարձութեան սկզբունքը։
13․ Պաշտօնական Հայաստանը մերժում է, մինչդեռ Ադրբեջանը յամառօրէն ՄԻՋԱՆՑՔ բառն է օգտագործում, նաեւ հայր Ալիեւի անունով կոչելու պահանջ հնչեցնում։
Այս օրերի եւս մէկ յայտարարութիւն՝ «Ուզենան, թէ՝ ոչ, մենք իրականացնելու ենք Զանգեզուրի միջանցքը»։
14․ Եթէ Թուրքիայի շահագրգռութիւնը սոսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն է, ապա ինչո՞ւ թողած Կարս-Գիւմրի երկաթուղին, Սիւնիքը շրջանցող Կարս-Իգդիր-Դիլիջու երկաթգիծն է կառուցում Բաքու հասնելու համար։
15․ Վաշինգտոնեան փաստաթղթերը չեն բովանդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային երաշխիքներ եւ յանձնառութիւններ։ Իսկ ԱՄՆ նախագահի ստորագրութիւնը իրաւական եւ այլ պատասխանատւութիւն չի ենթադրում։
16․ Երրորդ կողմի ուժերի տեղակայման արգելքով սահմանափակում է Հայաստանի անվտանգային ինքնիշխանութիւնը։
17․ Ակնյայտ անորոշութիւններն ու ապագային թողնւած պայմանաւորւածութիւնների մեծ ծաւալները մեծացնում են մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բախումների հաւանականութիւնը։ Բացառելի չէ, որ տարածաշրջանային նոր՝ աշխարհաքաղաքական հնարաւոր հակամարտութեան պարագայում, Հայաստանը վերածւելու է հակամարտութեան խաչմերուկի՝ ներքաշւելով աշխարհաքաղաքական հակամարտութեան մէջ։
Սիրելի՛ հայրենակիցներ, տնտեսական, իրաւական եւ այլ մարտահրաւէրների մասին կը խօսեն գործընկերներս։
Մինչ այդ արձանագրենք,
– Հռչակագիրն ու նախաստորագրւած համաձայանգիրը պարունակում են Հայաստանի համար լրջագոյն անվտանգային սպառնալիքներ եւ անյստակ կարգաւորումներ։ Չափելի մեխանիզմների բացակայութիւնը ոչ միայն չի ապահովում կայունութիւն, այլեւ նոր պատերազմի եւ անկայունութեան աղբիւր է։
– Ցեղասպանական յանցագործութիւնների արդիւնքում ձեւաւորւած ստատուս քւօն չի կարող յանգեցնել կայուն խաղաղութեան։
– Բաքուն հասել է եւ հասնում է իր բոլոր քաղաքական նպատակներին, որովհետեւ գոյութիւն ունի աքսեոմատիկ քաղաքագիտական ճշմարտութիւն․ պարտւածը չի կարող շահեկան բանակցող լինել։
– Որովհետեւ պատերազմ բերողը չի կարող խաղաղութիւն բերել։
Քաղաքական մեծամասնութիւն, փորձէք անկեղծ լինել հասարակութեան հետ. պարտութեան տւեալ փուլում հաստատւած զինադադարը որպէս խաղաղութիւն ներկայացնելն ու խաղաղութեան բառի ներքոյ երկրի ապագան յանուն սեփական իշխանութեան աՃուրդի հանելը մեղմ ասած ազնիւ չէ։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք՝ ինչպէս բոլոր բանական մարդիկ եւ քաղաքական ուժերը, դէմ ենք պատերազմին։ Մենք դէմ չենք տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանն միջազգային ջանքերին։
Սակայն արդար, կայուն եւ երկարատեւ խաղաղութիւնը ոչ թէ շարունակական զիջումներով է հաստատւում, այլ ամբողջական եւ արժանապատիւ լուծումներով, ինչի կամքը, կարողութիւնն ու պատկերացումները իշխող քաղաքական ուժը չունի»: