Բաքուն եւ Անկարան շարունակում են քննարկել ռազմական համագործակցութիւնը
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն ընդունել է երկրում պաշտօնական այցով գտնւող Թուրքիայի Հանրապետութեան ցամաքային զօրքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի գլխաւորած պատւիրակութեանը։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկութիւն է տարածել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը։
Հաղորդւում է, որ «նշւել է երկու եղբայրական պետութիւնների ղեկավարների բարեկամական յարաբերութիւններն արտացոլող Շուշիի հռչակագրի կատարման հետ կապւած համապատասխան միջոցառումների իրականացման կարեւորութիւնը։
Նախարարը յատկապէս ընդգծել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերութեան դերը` տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման գործում»։ Ընդգծւել է, որ անցած շաբաթ Անկարայում կայացած ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխօսութեան հանդիպումը մեծ նշանակութիւն ունի երկու երկրների բանակների միջեւ փոխկապակցւածութեան ապահովման համար։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցութեան զարգացման հեռանկարների, ինչպէս նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։