Դաշնակցական Բեմ

Անկախ ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութիւնից՝ ՀՅԴ շարունակում է արտաքին գործընկերների հետ աշխատանքները

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Փարիզ կատարած աշխատանքային այցին.

«Այցի յագեցած օրակարգը ներառում էր համայնքային եւ կուսակցական հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ գործընկեր` ֆրանսիական սոցիալիստական կուսակցութեան մի շարք ներկայացուցիչների հետ՝ տեղական եւ խորհրդարանական մակարդակներում։ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի անդամների, ինչպէս նաեւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկւող հարցերի լայն շրջանակը մասնաւորապէս ընգրկում էր Հայաստանի շուրջ արտաքին զորակցութեան ապահովումը, Ադրբեջանի նկատմամբ միջազգային օբիեկտիւ կարծիքի ու քաղաքական վարքի ձեւաւորման անհրաժեշտութիւնը, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, հայ ռազմագերիների եւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, գործուն ջանքերով ադրբեջանական հերթական ագրեսիայի կանխումը։

Գործընկերների խնդրանքով Իշխան Սաղաթէլեանը ներկայացրել է ՀՅԴ պատկերացումները ներքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի Հանրապետութեան անվտանգային միջավայրի բարելաւման վերաբերեալ։

Անշուշտ, աշխատանքային այցի կարեւոր իրադարձութիւններից մէկը մասնակցութիւնն էր մեր աւագ ընկերոջ՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մուրադ Փափազեանի՝ Ֆրանսիայի Հանրապետութեան բարձր պետական պարգեւի՝ պատւոյ լեգէոնի ասպետի մեդալի շնորհման արարողութեանը։

Անկախ Հայաստանի գործող իշխանութիւնների քաղաքականութիւնից՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը իր արտաքին յարաբերութիւնների ողջ գործիքակազմով շարունակում է արտաքին գործընկերներին Հայաստանի անվտանգութեան ու միջազգային յարաբերութիւնների վերաբերեալ այլընտրանքային մօտեցումների ներկայացումը, Հայաստանի շուրջ արտաքին զորակցութեան ապահովման աշխատանքները»։

Նշենք, որ հանդիպումների ընթացքում Գէորգ Ղուկասեանը ընկերակցել է Իշխան Սաղաթէլեանին։

Related Articles

Back to top button