Ֆրանսիան դրանով քաջալերում է մեր պայքարը յանուն Հայաստանի ու Արցախի
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ Կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը դեկտեմբերի 2-ին, պարգեւատրւել է Ֆրանսիայում ամենաբարձր մեդալով՝ Պատւոյ լեգէոնի մեդալով: Մեդալը Փափազեանին յանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիէլ Ատալը։
«Երբ ելոյթ ունեցայ այդ օրը, ասացի, որ այս պարգեւը միայն ինձ համար չէ՝ բոլոր ընկերներիս համար է, ինձ հետ աշխատած բոլոր անձանց համար է՝ հայկական ճակատում իմ պայքարի, թէ իմ մասնագիտական գործունէութեան ճակատում։ Այդ գիշերը ինձ հետ էին թէ իմ մանկութեան, թէ երիտասարդութեան, թէ այսօրւայ ընկերներս, որոնց հետ պայքարում ենք, կային նաեւ ֆրանսիացի շատ յայտնի ժուռնալիստներ, որոնց հետ նաեւ աշխատում եմ: Կային նաեւ մասնագիտական գործունէութեանս հետ կապւած մարդիկ»,-«Հրապարակ»-ի հետ զրոյցում ասում է Մուրադ Փափազեանը:
Ֆրանսահայ գործչի պարգեւատրմանը ներկայ է եղել շուրջ 300 հոգի, որոնց թւում նաեւ LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի տնօրէն Անտուան Առնոն, Ալեքսանդր Բոմպարդը՝ Carrefour-ի նախագահն ու տնօրէնը, Յաննիք Բոլլորէն՝ Havas-ի նախագահը եւ այլք:
Մուրադ Փափազեանը նշում է, որ շատ դրական մթնոլորտ էր տիրում եւ իր ելոյթում ինքը խօսել է հիմնականում հայկական պայքարի մասին, եւ Ֆրանսիայում շատ ազդեցիկ մարդիկ՝ հէնց Փափազեանի աշխատանքի շնորհիւ հայկական հարցի կողմնակիցներ ու համակիրներ են դարձել:
«Ինձ պարգեւատրել են առաջին հերթին, կարծում եմ, որպէս ֆրանսահայ: Ես քառասուն տարի է, որ աշխատում եմ Հայաստանի, Հայ Դատի, Արցախի համար, այսպիսով ուզեցին գնահատել, որովհետեւ շատ կարեւոր աշխատանք է սա Ֆրանսիայի համար եւ նաեւ որպէս ֆրանսիացի, ես 35 տարի է, որ աշխատում եմ եւ իմ օժանդակութիւնն եմ բերում ֆրանսիայի տնտեսութեան եւ ֆրանսիական ընկերութիւնների յաջողութեանը: Իրենց համար կարեւոր է, որ համայնքային ներկայացուցիչը այդպիսի ներդրում ունենայ Ֆրանսիայի տնտեսական կեանքի մէջ»,-ասաց Փափազեանը:
Հարիւրաւոր անձինք գրել են Փափազեանին՝ սոցիալական հարթակներում, Հայաստանից, Եւրոպայից, Միացեալ Նահանգներից շնորհաւորանքներ է ստացել:
«Բոլորը ինձ նոյնն են ասում, ասում են՝ Դուք ստացաք այդ պարգեւը, բայց դա նաեւ մերն է՝ ճիշտ է: Ես սիրով կիսում եմ դա, եւ հետաքրքրական է, որ ժողովուրդը այդպէս է ասում՝ շնորհաւորում ենք, պրն. Փափազեան, նաեւ Ձեր միջոցով մենք պատիւը ստացանք: Եւ ես շատ սիրով կիսում եմ այդ տպաւորութիւններն ու զգացումը, որովհետեւ մեր կեանքը միայն մեր անձնական կեանքը չէ, մեր կեանքը միշտ հաւաքական կեանք է եղել եւ շարունակում է լինել հաւաքական կեանք։ Գիտէք՝ ինչպէս եմ պայքարում ի նպաստ Հայաստանի եւ շատ յստակ ձեւով Թուրքիայի ու Ադրբեջանի դէմ եմ պայքարում, եւ երբ որ Ֆրանսիան ինձ այդ պատիւն է տալիս, նշանակում է, որ երկրորդում է մեր պայքարը: Սա կարեւոր նշան է, որ խորքը, ձեւը երկրորդում են մեսիջները, պայքարի իմաստը եւ այդպիսով գնահատում ու քաջալերում են, որ շարունակենք մեր պայքարը»,-ասաց Փափազեանը: