Նրանք մարում են պետութիւնը, մենք պէտք է ուժեղացնենք շարժումը
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Մի օր Էրդողանի հետ հեռախօսազրոյցից յետոյ կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթէ մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խօսք են տալիս անվտանգութեան միջազգային երաշխիքներ եւ կուշտ փոր»։
Թատերականացւած պոռթկման ժամանակ ասելու է, թէ 1991-ից անկախութիւնը որպէս թոկ են մեր դէմ կիրառել՝ Ռուսաստանից կախւած լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանութիւն ձեռք բերելու հնարաւորութիւն, եւ որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանութեան (Թուրքիայի տիրապետութեան տակ)։
Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի յայտնի տաղաւարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականութի՞ւն, թէ՞ իրական ինքնիշխանութիւն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈՅ»-ով։ Հասարակութեան զգալի մասը լռելու է՝ այդպէս էլ չհասկանալով, թէ ինչ է կատարւել։ Իսկ յետոյ լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխութեամբ. 2 օրւայ փոխարէն երկիրը կարող է դատարկւել 2 տարում։ Նախկին, ներկայ փողատէրերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Յունաստաններ, Լոսեր եւ այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նոյնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացւելու է։ Իսկ գիտէ՞ք, թէ Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում յիշել իրենց «ծագումը» ու արագացւած կարգով Վրաստանի քաղաքացիութիւն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնեակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։
Երկրում մնալու են անճարները եւ մինչեւ վերջին վայրկեանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թէ մի քանի գիւղի կամ նախկին-ներկայ որոճւող թեման։
Այս իրատեսական սցենարը թոյլ չտալու համար, պէտք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձեւակերպումն իր պարզութեամբ ու ազնւութեամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթէ դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։
Բանաձեւը փոխւում է. նրանք մարում են պետութիւնը, մենք պէտք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պէտք է դառնայ աւելի գրագէտ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակութիւնն ուժեղացնելու դէպքում է հնարաւոր մեծացնել մեր ընտրազանգւածը, եւ հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պէտք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կը բերի պատմական խոշորագոյն ողբերգութեան, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանայ, թէ ինչպէս կատարւեց։
Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը եւ հասարակութիւնը 9-10 ամիս չհասկացան, թէ ինչ է տեղի ունենում եւ ինչով է աւարտւելու։
Հիմա նոյնը Հայաստանի մասին է։ Այն տարբերութեամբ, որ եթէ Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թէ ինչով է դա աւարտւում, հիմա պատկերացնում ենք։
Հերիք է պատմական դեբիլութեամբ զբաղւել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիեւը ռիսկ չի անի։ Ամէն ինչ էլ կանեն, եթէ մենք շարունակենք ապաքաղաքական զանգւած մնալ։
Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պէտք է վերափոխւի։ Կարող է փոխւել շարժման հարթակը, հրապարակի ծաւալը, ձեւակերպումների առաջնահերթութիւնները, միջոցառումների ինտենսիւութիւնը եւ այլ շատ բաներ կարող են փոխւել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդէան չի կարող ո՛չ փոխւել, ո՛չ մարել, եթէ այն յստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը։ Սրան պէտք է յաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտէզը։
Վրաստանի կառավարութիւնը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպէս պահել պետական շահը եւ չընկրկել պսեւդոեւրոպական հակապետականութեան առաջ։
Իսկ մերն ընդհանրապէս աւելի բարդ պատմութիւն է. մեզ Եւրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրաւիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականութեան թեման փակի։ Այս հէնց սա՛ չի հասկանում լայն հասարակութիւնը, նրա վերնախաւերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պէտք է հէնց սա հասկացնի՝ ընդորում՝ շատ արագ: