«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – 55-րդ Համահայկական խաղերի լուսանցքում, ձեւաւորւած լաւ աւանդոյթներից մէկն էլ Իրանի տարբեր մարզաձեւերի թիմերի հետ ընկերական հանդիպումների անցկացումն է: Նոյնը, ինչ տեղի ունեցաւ երէկ՝ սեպտեմբերի 15-ին, «Արարատ»-«Ռեսանէ վարզէշ» ֆուտբոլային ընկերական հանդիպման արդիւնքում: Խաղը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 80-ամեակին՝ մասնակցութեամբ «Արարատ»-ի լեգենդար վետերանների եւ մարզական լրագրողների: Նախաձեռնութիւնը՝ Հ.Մ.Ա.Կ-ի Մարզական միութեանն էր:
Հանդիպման առաջին խաղակէսում լրագրողներին յաջողւեց հեռահար հարւածով բացել խաղի հաշիւը: «Արարատ»-ին կարծես նման գոլ էր պէտք սթփւելու համար: Եթէ մինչեւ լրագրողների գոլը գնդակը հազիւ երկու կամ երեք անգամ էր անցել դաշատի միջնահատւածը, ապա այժմ այն միայն պտտւում էր «Ռեսանէ»-ի դարպասի ու տուգանայինի շուրջ: «Արարատ»-ի ճնշման արդիւնքում մրցակցի դարպասապահը սխալ թոյլ տւեց: Մրցավարի նշանակած 11 մետրանոցն առանց խնդիրները իրացրեց Սամսոն Պետրոսեանը, որպէսզի հանդիսատեսը անցեալը յիշելու թարմ առիթ ունենայ: Յատկապէս, երբ հէնց Սամսոն Պետրոսեանի խփած գնդակներն էին շոյում «Ազադի»-ի ու «Շիրուդի»-ի դարպասի ցանցերը:
1:1 արդիւնքով աւարտւեց առաջին խաղակէսը: Երկրորդ խաղակէսին կանաչ գորգ դուրս եկած «Նարնջագոյններ»-ին յաջողւեց ամէն ինչով յիշեցնել այն «Արարատ»-ը, որի դէմ խաղալն ու չպարտւելը հեշտ բան չէր մրցակիցների համար:
Խաղի 70-րդ րոպէին Արգին Շամիրեանի դիպուկ հարւածով երկրորդ անգամ գնդակը յայտնւեց «Ռեսանէ»-ի դարպասում՝ հաշիւը դարձնելով 2-1:
Խաղի ընթացքում «Արարատ»-ի ֆուտբոլիստներն արժանանում էին հանդիսատեսի բուռն քաջալերանքի, նաեւ փոխանակման դուրս եկած ֆուտբոլիստները:
«Արարատ»-ի ֆուտբոլի լեգենդների կողքին իւրայատուկ նշանակութիւն ունէր ֆուտբոլի յանձնախմբերի տարբեր շրջանների պատասխանատուների ներկայութիւնը, ինչը թիմի հետ միասին ժամանակի սեղմւած պատկերն էր երեւակում հանդիսատեսի մօտ:
Խաղում հանդէս եկան հին ու ճանաչւած հայ ֆուտբոլիստներ, որոնց թւում էին նաեւ տարբեր շրջանների ազգային հաւաքականների կազմում հանդէս եկած անուններ:
Իրանի Ազգային հաւաքականի նախկին մարզիչ Մարգար Աղաջանեանը եւս խաղադաշտ էր դուրս եկել: Նա նշեց, որ կարեւոր է նոր սենդին ցոյց տալ թէ հայ հանդիսատեսն ինչ ապրումներով էր մարզադաշտ գնում քաջալերելու իր թիմին՝ «Արարատ»-ին: Այդ ապրումներն անկրկնելի են ու ցաւօք երկար ժամանակ չի փոխանցւել մեր սերունդներին:
Արժէ նշել, որ ակնյայտ էր թիմերի տարիքային տարածութիւնը, որտեղ «Արարատ»-ի վետերանները ոչ մի շունչ չզիջեցին իրենցից մի քանի անգամ երիտասարդ թիմին, յատկապէս երկրորդ խաղակէսի ընթացքում, երբ գնդակը լրագրողների դարպասի շուրջ էր պտտւում միայն:
Երկրորդ խաղակէսին եւս մէկ անգամ դադարեցւեց խաղը, երբ ֆուտբոլիստները փորձում էին դաշտ դուրս եկած կատւին բռնել: Դա հմտութեամբ իրականացրեց Սամսոն Պետրոսեանը, եւ կատւին շոյելով դուրս տարաւ դաշտից:
Վերջում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կողմից 55-րդ Համահայկական խաղերը խորհրդանշող յուշանւէրով գնահատւեց «Ռեսանէ» թիմը:
«Ռէսանէ» ֆուտբոլի թիմը կազմւած է լրագրողների, սպորտային լուսանկարիչների եւ ոլորտի վետերան աշխատողներից եւ համարւում է Իրանի լրատւամիջոցների ամենահին ֆուտբոլային թիմերից մէկը:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ