ԱԳ նախարար. «Մենք չենք սպասելու ամերիկացիներին»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին «Խաբար» հեռուստալիքի եթերում անդրադարձել է հանրապետութեան նախագահի Իրաք կատարած այցի արդիւնքներին եւ խօսել է 14-րդ կառավարութեան արտաքին քաղաքականութեան սկզբունքների եւ Արեւմուտքի հետ յարաբերութիւնների մասին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Փեզեշքիանի իրաքեան այցի արդիւնքները. «Այցը չափազանց արդիւնաւէտ եւ ազդեցիկ էր, եւ նոր էջ բացեց Իրաքի հետ մեր յարաբերութիւններում»:
Ըստ նրա՝ այցի ընթացքում նախագահի ոճն ու վարւելաձեւը հանրային դիւանագիտութեան լաւագոյն դրսեւորումն էր, ինչը յատկապէս խորը ազդեցութիւն թողեց իրաքեան Քուրդիստան այցի ժամանակ:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ գործող անվտանգութեան համաձայնագրին, Արաղչին ասել է. «Առայժմ համաձայնագիրը որոշակիօրէն իրականացւել է Իրաքի կենտրոնական կառավարութեան համագործակցութեամբ եւ իրաքեան Քուրդիստանում ձեռնարկւած միջոցառումներով: Մենք բարենպաստ խոստումներ ենք ստացել Բաղդադից եւ իրաքեան Քուրդիստանից՝ անվտանգութեան համաձայնագրի ամբողջական իրագործման մասին: Վստահեցւել է, որ իրաքեան Քուրդիստանից Իրանին ուղղւած որեւէ սպառնալիք չի լինելու, եւ որ նման փորձեր կատարող անձանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կը ցուցադրւի»:
Խօսելով 14-րդ կառավարութեան արտաքին քաղաքականութեան սկզբունքների եւ առաջնահերթութիւնների մասին, ԱԳ նախարարը յայտնել է, որ կառավարութիւնը ձգտում է ներառական եւ հաւասարակշռւած դիւանագիտութեան եւ փորձում է ընդլայնել երկրի յարաբերութիւնները:
Ինչ վերաբերում է Եւրոպայի հետ յարաբերութիւններին, ԱԳ նախարարը նշել է. «Մենք ձգտում ենք Եւրոպայի հետ յարաբերութիւններին հետամուտ լինել նոր տեսանկիւնից, եւ եթէ մենք նոր ուղի ստեղծենք, որը հիմնւած է երկրի ազգային շահերի վրայ, իսկ եւրոպացիներն էլ հրաժարւեն իրենց սխալ քաղաքականութիւնից, բնականաբար կարող ենք վերադառնալ Եւրոպայի հետ յարաբերութիւննեին:
Եւրոպացիները սխալ քաղաքականութիւն են կիրառել Իրանի նկատմամբ, իսկ ուկրաինական ճգնաժամն էլ առաւել է բարդացրել մեր յարաբերութիւնները: Մենք պէտք է յաղթահարենք այս խնդիրներն ու սկսենք ռացիոնալ երկխօսութիւն՝ հիմնւած փոխադարձ յարգանքի վրայ, որպէսզի քննարկւեն երկու կողմերի մտահոգութիւնները»:
Ըստ նրա՝ եթէ Եւրոպացիներն ունեն իրենց մտահոգութիւնները, ապա Իրանը եւս ունի իր մտահոգութիւնները, որոնք նոյնպէս պէտք է փարատւեն. «Չի կարելի ակնկալել, որ նրանց մտահոգութիւնները պէտք է միակողմանիօրէն փարատւեն: Մենք բաց ենք եւրոպացիների հետ երկխօսութեան համար, սակայն ներկայ դրութեամբ Եւրոպայի հետ յարաբերութիւնները մեր օրակագային առաջնահերթութիւնը չէ»:
Անդրադառնալով Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւնների վերականգնման հնարաւորութեանը, Իրանի թիւ մէկ դիւանագէտը նշել է, որ նման բանակցութիւնների համար նախ պէտք է ստեղծւեն անհրաժեշտ նախապայմաններ, որից հետ հնարաւոր է վերադառնալ բանակցութիւններին. «Հնարաւոր է վերադառնալ բանակցային նոյն ձեւաչափին եւ տրամաբանութեան: Թէեւ Միջուկային համաձայնագրի որոշ հատւածները պէտք է փոխւեն, բայց այն լաւ հիմք է նոր բանակցութիւնների մեկնարկի համար:
Մենք չենք ձգտում պատժամիջոցների չեղարկմանը՝ մեր ազգային արժանապատւութեան հաշւին: Մենք անցեալից անհրաժեշտ հետեւութիւններ անելու ենք, սակայն այնտեղ կանգ չենք առնելու»,- յստակեցրել է նա:
Աբբաս Արաղչին չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների թեման: Ըստ նրա՝ պաշտօնական Թեհրանի համար չի տարբերում, թէ ով է լինելու ԱՄՆ նախագահը. «Ամերիկայի հետ շփումներ եղել են նախկինում եւ հիմա էլ կը լինեն: Իմ կարծիքով՝ չի տարբերում, թէ ով է ղեկավարում ԱՄՆ-ում կամ Եւրոպայում, մենք առաջնորդւում ենք ըստ մեր շահերի եւ կատարում ենք մեր պարտականութիւնը: Բանակցութիւններն ընթանալու են մեր ազգային շահերի շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Միացեալ Նահանգները պատրաստ չէ բանակցութիւններին, դա բնական է, քանի որ նրանք գտնւում են ընտրական գործընթացում, բայց մենք չենք սպասելու նրանց եւ շարունակելու ենք մեր գործը»: