Արմէն Այւազեան. «Իշխանութեան գործողութիւնների նպատակն է եկեղեցական յեղաշրջումը՝ կաթողիկոսի պաշտօնին Անկարայի եւ Բաքւի առաջադրած թեկնածուի ծրագրւած նշանակմամբ»

«ԱԼԻՔ» – «Ս. Էջմիածնի դէմ ՀՀ դրածոյ իշխանութեան գործողութիւնների նպատակը ամբողջական եկեղեցական յեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտօնին Անկարայի եւ Բաքւի առաջադրած թեկնածուի ծրագրւած նշանակմամբ»,- նշել է Ռազմական պատմաբան, քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այւազեանը։
Yerevan.today-ի՝ փոխանցմամբ՝ նա մի քանի նկատառում է ներկայացրել Հայաստանում Փաշինեանի հրահրած հերթական ներքին ճակատի մասին:
«Ինչպէս արդէն նշել եմ, Փաշինեանը «միտումնաւոր կերպով անտեսում է արտաքին թշնամու ծայրաստիճան վտանգաւոր յարձակողական գործողութիւնները, փոխարէնը երկրի ներսում անընդհատ արհեստական հակամարտութիւններ ու պառակտումներ է ստեղծում» (03.06.2025-ի գրառումս ՖԲ-ում)։
ՀՀ դրածոյ իշխանութեան յարձակման թիրախում իբր միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, բայց իրականում Փաշինեանին յանձնարարւած է պառակտել՝
Ա. Հայոց Եկեղեցու միասնականութիւնը,
Բ. հայաստանաբնակ հայութեան ազգային-կրօնական յարաբերական համախմբւածութիւնը,
Գ. հայկական Սփիւռքի ազգային-կրօնական յարաբերական միաբանութիւնը եւ կազմակերպական կառուցւածքը, որը, ինչպէս յայտնի է, կերտւած է մեր եկեղեցու շուրջը։
Ս. Էջմիածնի դէմ ՀՀ դրածոյ իշխանութեան գործողութիւնների նպատակը ամբողջական եկեղեցական յեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտօնին Անկարայի եւ Բաքւի առաջադրած թեկնածուի ծրագրւած նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացութեան կը մատնի ու երբեք այլեւս չի յիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանութեան զոհերին, ո՛չ մեր կորուսեալ հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, Արցախը կամ Նախիջեւանը։ Անկարային, Բաքւին եւ նրանց մեր տարածաշրջանում «գլխաւոր» կարգողներին պէտք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանութիւնը ստրկաբար հպատակւի իրենց եւ բռնի թուրքացման ուղին, այլեւ հայոց հոգեւոր իշխանութիւնը դառնայ Կ. Պոլսի պատրիարքութեան պէս մի վախւորած ու կրաւորական կենտրոն, որը հայոց ազգային իրաւունքների եւ պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանութիւններից թույլտւութիւն ստանալու։
Եկեղեցական յեղաշրջման փաշինեանական (իրականում՝ թուրք-ադրբեջանական) փորձը եթէ յաջողւի, ապա Հայոց Եկեղեցին մեծ ցնցումների մէջ կը յայտնւի եւ կը պառակտւի լրացուցիչ բազմաթիւ հատւածների, որովհետեւ տեղերում առաջնորդների եւ ժողովրդի տարբեր մասերին օտար յատուկ ծառայութիւնները կը մղեն տարբեր ուղղութիւններով։ Եւ եթէ այսօր ունենք երկու կաթողիկոս՝ Ս. Էջմիածնի եւ Սսի, եւ երկու պատրիարք՝ Երուսաղէմի եւ Կ. Պոլսի, հայոց ներկայ հայրապետին գահընկեց անելուց յետոյ կունենանք դրանց կրկնակին, եռակին կամ քառակին։ Այսինքն՝ Հայոց Եկեղեցին եւ հայ ազգը ներքին հոգեւոր-քաղաքական երկարատեւ հակամարտութեան մէջ կը յայտնւեն այն ժամանակ, երբ ամբողջ ազգի ուշադրութիւնը պէտք է կենտրոնացւի արտաքին ցեղասպան թշնամու յարձակումներին ու ոտնձգութիւններին դիմակայելու վրայ։ Իսկական, բուն նպատակն էլ հէնց դա է՝ հայութիւնը պառակտել, կոտորակել, հիւծել ներքին անիմաստ կռիւներում ու արհեստական վէճերում, որպէսզի թշնամին հանգիստ եւ անարգել իրականացնի Հայաստանից մնացած այս վերջին բեկորի բնաջնջման վերջին արարը։
Տեսնես այսօր ՀՀ ԱԱԾ, ՀՀ գլխաւոր դատախազութեան, ՀՀ ոստիկանութեան եւ ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի ղեկավարութեան մէջ այս ամէնը հասկացող կա՞յ, թէ՞ գուցէ բոլորն արդէն հոգով ՔՊ-ականացել են։
Ինչ վերաբերում է «ընդդիմութեանը», այն դարձեալ քարշ է գալիս իրադարձութիւնների պոչից՝ գրեթէ խաղից դուրս վիճակում։ Այդ պատճառով էլ յոյսը հայ հոգեւորականների եւ սովորական հայ մարդկանց վրայ է։ Պէտք է յետ մղել հայութեան դէմ այս մեծ գրոհը, որի հետեւանքները պակաս վտանգաւոր չեն, քան 2020 թւականի սեպտեմբերին թշնամու լայնածաւալ ներխուժումը։
Յ. Գ. – Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի զաւակ ունենալու կամ չունենալու հարցին, ապա ներկայ պայմաններում դա ամենաաննշան հարցն է։ Բաւական է յիշել, որ զաւակներ են ունեցել նաեւ հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսաւորիչը, նրա որդի Վրթանէս Ա կաթողիկոսը, վերջինիս որդի Յուսիկ Ա կաթողիկոսը, եւ Յուսիկի որդի Ներսէս Ա Մեծ կաթողիկոսը…
Իսկ ամենակարեւորն այն է, որ Գարեգին Բ-ն միւռոնով օծւած կաթողիկոս է, ինչը նրան տալիս է աստւածային շնորհներ եւ լիազօրութիւններ՝ իրականացնելու եկեղեցու ղեկավարի եւ քահանայական պաշտօնի լիակատար ծառայութիւնը»,- գրել է նա: