ԻրանՄիջազգայինՔաղաքական

Դոկտ. Ահմադ Քազեմին արձագանգել է Բաքւում Իրանի նախկին դեսպանի թւիթին. «Ո՞րն է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» եզրոյթը չսիրողների նպատակը»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Դոկտ. Ահմադ Քազեմին Instagram-ում տեղադրած գրառմամբ անդրադարձել է Բաքւի քարոզչամեքենային համընթաց այն հրապարակումներին, որոնք թիրախաւորելով Կովկասում Իրանի ազգային եւ անվտանգային շահերը մեկնաբանող փորձագէտներին, արւում են հէնց իրանցի նախկին որոշ դիւանագէտների ու քաղաքական այն գործիչների կողմից, ում մտածողութեան ու արտայայտութիւնների սկզբնաղբիւրը յայտնի է ասպարէզի ակտիւիստներին, եւ կամայ թէ ակամայ ծառայում են  հակաիրանական ճակատի նպատակներին:

Յիշեցնենք, որ նախօրէին, Բաքւում Իրանի նախկին դեսպան Մոհսէն Փաքայինը թւիթ հրապարակելով փանթուրքիստ էր անւանել  «Թուրանական միջանցք» ձեւակերպմանը արձագանգող իրանցի փորձագէտներին եւ միաժամանակ նշել. ««Թուրանական միջանցք» ձեւակերպումի յօրինւածք է, իսկ «Զանգեզուրի լեռնանցք»-ը պատմական իրականութիւն է Հայաստանում։ Իրանի ու իրանականութեան պաշտպանները, յատկապէս ռադիօ-հեռուստատեսութիւնը, չպէտք է պատահաբար դառնան նման բառերի ու ձեւակերպումների քարոզողը, որոնք ստեղծւել են էթնիկական չարաշահումների համար: Փոխարէնը պէտք է օգտագործել իրանական լեզւին հարազատ ձեւակերպումներ»:

Դոկտ. Քազեմին յաւելել է, որ վերոնշեալ անձինք, իբր ընդգծումներով, արտայայտւում են «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք» ձեւակերպման դէմ, միաժամանակ միտումնաւոր շարունակում են շրջանառութեան մէջ պահել «Զանգեզուրի միջանցք» կեղծ բառակապակցութիւնը: Նրանք հասկանալով, երբեմն էլ անգիտակցաբար, ծառայում են հակաիրանական երկու ճակատներին՝ պանթուրքիզմին եւ Բաքւին, աջակցելով դրանց դերակատարութեանն ու քարոզչամեքենային:

Միջազգային իրաւունքի հարցերով աւագ փորձագէտը թւարկելով նրանց առաջադրանքները նշել է, որ առաջին տեղում  հասարակական կարծիքի ձեւաւորումն է եւ իրանցի պաշտօնեաների մօտեցումների վրայ ազդելը կամ շեղումը կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի բնոյթից, որը հիմնւած է բրիտանական պանթուրքիզմով տարածւող էթնիկական խռովութեան, ինչպէս նաեւ դրա նախագծման մէջ Անգլիայի ու ՆԱՏՕ-ի դերի վրայ:

«Իրականում, նրանց նպատակն է ապաէթնիկացնել այս միջանցքի բնոյթը եւ պարզապէս ներկայացնել այն որպէս տարանցիկ միջոց՝ կոտրելու իսլամական Իրանի դիմադրութիւնը աշխարհաքաղաքական եւ էթնիկական այս խռովութեան դէմ: Շահնամէում եւ պատմական հնագոյն աղբիւրներում Թուրանը, որպէս իրանական ծագումով անուն, անկարելի է ժխտել:Սակայն այն չի ժխտում նաեւ «անգլիական պանթուրանիզմի» երկհարիւրամեայ խռովութիւնը։ Անգլիական այդ երկու Թուրան եւ պանթուրանիզմ բառերի փոխյարաբերութիւնները երկու տարի առաջ բացատրւել են հետաքրքրւողների համար «Պանազերիզմի թուրանացում» (տես՝ դոկտ. Ահմադ Քազեմիի կայքէջում) յօդւածում՝ վկայակոչելով նոյն պատմական աղբիւրները։

Երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցք» կեղծ ձեւակերպման կանխամտածւած շրջանառումը նշանակում է նպաստել Բաքւի ու յատկապէս,  Իլհամ Ալիեւի մօտեցմանը Զանգեզուրը Հայաստանի Սիւնիքի փոխարէն տարածելու հարցում, որը Հայաստանի հարաւային շրջանների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներն ամրապնդելու ծրագրի մաս է։ Ինչպէս արաբական որոշ երկրներ հետապնդում են տարածքային, անվտանգային ու էթնիկ շահեր՝ օգտագործելով «Արաբական ծոց» կեղծ տերմինը Պարսից ծոցի փոխարէն, Բաքուն նոյնպէս նման նպատակ է հետապնդում։ Բնական է, որ Զանգեզուր անունը գոյութիւն է ունեցել Կովկասի իրանական պատմութեան ողջ ընթացքում, ինչպէս Սիւնիքը: Իսկ դրանցից առաջ եւս եղել են պատմական «Սիսգան» եւ «Արան» անունները: Սակայն պատմութեան ընթացքում մենք «Զանգեզուրի միջանցք» տերմին երբեւէ չենք ունեցել, եւ այս տերմինը կեղծ է։ Եթէ, ենթադրաբար, միջանցք պէտք է անցնի Սիւնիք նահանգով կամ Մեղրիի շրջանով, իրաւական կանոններով, յարաբերութիւնների աքսիոմներով (յենակէտը) ու դիւանագիտական ​​սկզբունքներով, այն չի կարելի անւանել «Զանգեզուրի միջանցք», ինչպէս չես կարող Իրանի սիրելի Ադրբեջանին անւանել կեղծ «Հարաւային Ադրբեջան»: Սա հէնց այն է ինչ ստեղծել է Բաքուն:

Հայաստանի Սիւնիք նահանգը ոչ թէ «Զանգեզուր», այլ հէնց Սիւնիք կոչելը նշանակում է յարգանք՝ երկրների ազգային ինքնիշխանութեան եւ նրանց սահմանների նկատմամաբ, ինչն ընդգծւած է Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան կանոնադրութեամբ։ Խնդրի իրաւական պարտաւորութեան կարեւորութիւնն այն է, որ վաղը մէկ այլ երկիր մեր նահանգը կամ գաւառներն իր կամայական անունով չի կոչելու։ ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցքի» տերմինին հակադրւողների համար, եթէ մտահոգիչ է Իրանի ազգային շահերը կամ առնւազն երկրների սահմանների ու ազգային ինքնիշխանութեան յարգման վերաբերեալ միջազգային իրաւունքի սկզբունքները, միթէ՞ չի ծագում այն հարցը, որ եթէ խնդիրն իրօք տրանզիտն ու տարանցումն է, ապա ինչո՞ւ Բաքուն պատրաստ չէ, օրինակ կիրառել «Սիւնիքի ճանապարհ» կամ «Մեղրիի ճանապարհ» ձեւակերպումները։ Հասկանալի է, որ այս եզրոյթի թիկունքում քողարկւած է պատմական, տարածքային եւ էթնիկ նկրտումներ:

Բառերը յաճախ իրաւունքներ ունեն, եւ լրատւամիջոցներն ու դիւանագէտները, որպէս իսլամական իրանական մոդելի քարոզիչներ, պէտք է աւելի զգայուն լինեն դրանց նկատմամբ, քան սովորական մարդիկ»,- ընդգծւած նշել է փորձագէտը:

Related Articles

Back to top button