ԱԳ նախարար. «Իսրայէլն այլեւս խաղաղութիւն չի ունենայ»
«ԱԼԻՔ» – «Սիոնիստական ռեժիմի արածով տարածաշրջանում՝ սկզբում Գազայում, ապա՝ Լիբանանում, նրանք այլեւս խաղաղութիւն չեն ունենայ»: Այս մասին նիւեօրքեան այցի աւարտին, լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեանը:
«Հարկաւոր է ցաւակցութիւն յայտնեմ դիմադրութեան մեծ հրամանատարի նահատակութեան կապակցութեամբ։ Անշուշտ, այս նահատակութիւնը մեծ կորուստ է, բայց դիմադրութեան ընթացքի մէջ խաթարում չի առաջացնի, եւ ինչպէս «Հեզբօլլահ»-ի նախորդ քարտուղար Սէյէդ Աբբաս Մուսաւիի նահատակութիւնը «Հեզբօլլահ»-ի առաւել հզօրացման պատճառը դարձաւ, ես վստահ եմ, որ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութիւնը նոր ուժ, լիցք եւ աւիւն կը հաղորդի «Հեզբօլլահ»-ին»,- ասել է Արաղչին՝ յաւելելով. «Սիոնիստական ռեժիմի արածով տարածաշրջանում՝ սկզբում Գազայում, ապա՝ Լիբանանում, նրանք այլեւս խաղաղութիւն չեն ունենայ, նրան համար, իհարկէ, ապագայ չկայ այս տարածաշրջանում: Այս քայլը միայն կարագացնի Սիոնիստական ռեժիմի անկումը»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ այս կապակցութեամբ Իրանի դիրքորոշումը յայտնի է, այն ներկայացւել է պաշտօնական հաղորդագրութիւնների եւ յայտարարութիւնների միջոցով:
Արաղչին յստակեցրել է, որ պաշտօնական Թեհրանն ԱՄՆ-ին համարում է այս յանցագործութեան անմիջական մեղսակիցը. «Նրանք ոչ մի կերպ չեն կարող հերքել այս իրողութիւնը»,- եզրափակել է նա: