Համայնք

Հրաչ (Աշոտ) Խոսրովեանի դառնաղէտ մահւան առթիւ

Հրաչ (Աշոտ) Խոսրովեանը ծնւել է 1944 թւականի սեպտեմբեր 16-ին Իրանի Արաք քաղաքում: Նրա ծնողներն էին Ռաֆայէլ Խոսրովեանը եւ Սանդուխտ Խոդավերդեանը: 1949 թւականին երբ Հրաչը դեռ 5 տարեկան էր նրանք ընտանեօք տեղափոխւում են Թեհրան: Իր ուսումն ստանում է Դանայի, Քուշեշ, Մարիամեան եւ Սահաբ դպրոցներում: Պատանի տարիքից հետաքրքրւած էր լուսանկարչութեամբ եւ ֆուտբոլ մարզաձեւով եւ մի քանի տարի մասնակցել է Արարատ եւ Թաջ ակումբների եւ թաղային այլ ֆուտբոլի հաւաքականներին։

Միջնակարգ դպրոցը աւարտելուց յետոյ, անցել է զինւորական ծառայութեան եւ այնուհետեւ մասնակցել Բողրաթ ուսումնարանի տեխնիկական գծագրութեան դասընթացներին ու յաջողութեամբ աւարտել այն։ 1969 թւականին իր առաջին գծագրական աշխատանքն սկսել է Ինթըրքօ ընկերութիւնում եւ շարունակել է իր աշխատանքը նոյն ասպարէզում Ամերիկեան եւ Իտալական Միքոն, Ջուան եւ Ինթըր- Քանսալթ ընկերութիւններում որտեղ նաեւ ծանօթանում է իր ապագայ կեանքի ընկերոջ՝ Արեւիկ Խաչատրեանի հետ։ Նրանք 4 տարի աշխատում են նոյն ընկերութիւնում եւ յետոյ ամուսնանում 1978 թւականին ու բախտաւորւոմ  չորս զաւակներով, Նարինէ, Կոմիտաս, Մեղրիկ եւ Նարեկ։ 1988 թւականին նա ընդունւում է Էներշիմի նաւթային ընկերութիւն որպէս գծագրութեան բաժնի գլխաւոր։

1990 ին միանում է OIED եւ յետոյ EIED նաւթարդիւնաբերական ընկերութիւններին որպէս գծագրական բաժնի տնօրէն եւ համակարգող։ Իր աշխատանքի տարիների ընթացքում նա Իրանի տարբեր կղզիներում եւ նաւահանգիստներում տնօրինել ու վարել է նաւթային խողովակների մեծ նախագծեր եւ բազմաթիւ անգամ գնահատւել նախարար Զանգանէի եւ այլ տնօրէնների կողմից։ Իր տարիների ձեռք բերած գիտութիւնն ու փորձը փոխանցել է բազմաթիւ երիտասարդ ինժիներներին։

46 տարիների մասնագիտական եւ բծախնդիր աշխատանքի ընթացքում Հրաչը վայելեց գործակիցների եւ տնօրէնների բարձր գնահատանքն ու յարգանքը եւ հանգստի կոչւեց 2015 թւականին։

Իր ազգասէր ու մարդասէր հոգուց ելնելով, նա միշտ հետաքրքրւած է եղել ազգային եւ համայնքաին հարցերով։ Զբաղւել է Ս. Ստեփանոս վանքի նորոգութեան եւ բարեկարգման աշխատանքներով, եղել է Սասուն ազգային մանկապարտէզի հիմնադիր անդամներից։ Տարիներ եղել է «Թունեան» տարրական եւ «Թովմասեան» միջնակարգ ազգային դպրոցների ծնողական խորհրդի անդամ։ 1990 թւականին Սասուն քաղաքամասի կողմից ընտրւել է Թեհրանի Հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ՝ մինչեւ  2001  թւականը։

Նա ամիսներ կամաւորաբար մասնակցել է Նոր Բուրաստան գերեզմանատան նորոգութեան աշխատանքներին որպէս յանձնախմբի նախագահ։

2015 թւականին տեղափոխւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ սակայն 2020 թւականից սկսեալ դժբախտաբար նրա մօտ յայտնաբերւում են դիմենշիայի (ալցհէյմեր) նշաններ եւ չնայած կնոջ եւ զաւակների տարած հոգատար խնամքին այդ հիւանդութեան ու շաքարախտի հետեւանքով նրա կարողութիւնները օրէօր նւազում են եւ նրան հասցնում իր կեանքի վերջին հանգրւանին։ Նա իր հոգին աւանդում է 2025 թւականի առաջին օրւայ առաջին րոպէին, շրջապատւած իր կնոջ, երեխաներով եւ թոռնիկներով։

Հրաչը չափազանց բարի ու հոգատար, բարեկամասէր, ընկերասէր,  հայրենասէր,  օգնող եւ մեծահոգի անձնաւորութիւն էր։

Աստւածավախութիւնը, բարձր կամքի ուժը, լաւատեսութիւնը, ուրախ ոգին ու կայտառութիւնը նրա բնաւորութեան ցայտուն գծերն էին։ Նա անարդարութիւնը չհանդուրժող անձնաւորութիւն էր եւ միշտ փորձում էր պաշտպանել թոյլին ու իրաւազուրկին։

Եղել է բարի զաւակ, հաւատարիմ ամուսին եւ հոգատար հայր: Նա ոչ մի ճիգ ու ջանք չի խնայել ընտանիքի բարելաւման եւ զաւակների դաստիարակման ու բարձրագոյն կրթութիւն ստանալու գործում:

Նրա մահը խոր ցաւ պատճառեց բոլորին յատկապէս իր կնոջը, զաւակներին, թոռներին եւ Խոսրովեան ու Խաչատրեան ընտանիքներին: Թող, որ սիրելի Հրաչի հոգին Արքայութեան արժանանայ եւ հողը թեթեւ նստի իր շիրիմին:

Մասեհեան՝ խնամին

Related Articles

Back to top button