ԱտրպատականՀամայնք

Մեծ Պահոց արարողութիւնները սկսւեցին Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Մեծ Պահոց սկզբնաւորութիւնը դարձեալ մեկնարկեց ժամերգութիւններով, որոնք Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, Թաւրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում համախմբում են մեր ժողովրդի զաւակներին, շնորհալիաշունչ երգերով ու աղօթահայց մաղթանքներով զօրացնելու համար նրանց հոգին:

Հսկումի արարողութիւնները մեր թեմում, ժողովրդական անւանումով կոչւում են «Նայեաց Սիրով»: Սոյն արարողութիւնները հոգեթով երգերի միջոցով ստեղծում են հոգեւոր ապրումների պահեր, որոնց աւարտին ընթերցւում են Ս. Ներսէս Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ի քսանչորս տուները:

Վերջապէս, Հանգստեան ժամերգութեան աւարտին, հոգեւորականների միջոցով երգւող գոհաբանական մաղթանքը լսելով, հաւատացեալ ներկաները «Ամէն» երգելով, գոհաբանութիւն են ընծայում Աստծուն, Նրա պարգեւած օրւայ համար, որը խաղաղ պայմաններում ու բարեբեր արդիւնքով իր աւարտին է հասնում:

Մեծ պահոց շրջանում, սկսեալ Բուն բարեկենդանից, ամէն կիրակի մատուցւած Ս. Պատարագի ընթացքում, հաւատացեալներ օրւայ խորհրդով բեռնաւորւած վերադառնում են իրենց տները, մեր հայրերի սքանչելի տնօրինութեամբ մտածելով դրախտային կեանքից մարդու վտարումի, անառակ որդու դարձի, խորագէտ տնտեսի օրինակի, անիրաւ դատաւորի տեսած դատի, եւ Տիրոջ երկրորդ գալստեան խորհրդի մասին:

Եկեղեցու կեանքին անմիջականօրէն առնչւած բոլոր մարմինները՝ դպրաց դաս, Կանանց խնամակալ մարմնի անդամուհիներ եւ օգնականներ, իրենց աշխոյժ մասնակցութեամբ Մեծ Պահոց ամբողջ տեւողութեան օրինակ են հանդիսանում հաւատացեալ ժողովրդի ջերմեռանդութեանը, որը բարձր գնահատանքի է արժանի:

Related Articles

Back to top button