
Հերիքնազ Մկրտչեանը ծնւել է 1942 թւի մայիս 22 ին, Փերիայի գաւառի Սինգերդ գիւղում։ Մանուկ հասակից տեղափոխւելով Թեհրան իր նախնական կրթութիւնը ստանում է «Շահազիզ» դպրոցում իսկ միջնակարգ ուսումը աւարտում է «Քուշէշ Մարիամեան» դպրոցում։
Շրջանաւարտ լինելուց յետոյ մասնակցում է Կրթադաստիարակչական նախարարութեան կազմակերպած Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որից յետոյ որպէս ուսուցիչ աշխատանքի է ընդունւում «Նայիրի» տարրական դպրոցում:
Մի քանի տարի որպէս ուսուցչուհի պաշտօնավարելուց յետոյ աշխատանքը շարունակում է նոյն դպրոցի գրասենեակի ընդհանուր պատասխանատուի հանգամանքում: Աշխատանքին զուգահեռ, համալսարան ընդունւելով եւ ուսումը շարունակելով ստանում է նաեւ Գեղադիպլոմի վկայագիրը։
1966 թւին ամուսնանում է Յովհաննէս Մկրտչեանի հետ եւ բախտաւորւում երկու զաւակներով։ Մայրական պարտականութիւնը լաւագոյնս կատարելով միաժամանակ շարունակում է իր ուսուցչական աշխատանքը մինչեւ 1973-74 ուսումնական տարեշրջան։
1974-75 ուսումնական տարեշրջանում «Աբրահամ Սողոմոնեան» նորակառոյց շէնք տեղափոխւեց Նայիրի ուղեցոյց երկսեռ դպրոցը, որտեղ սկզբնական տարիներից որպէս տեսչուհի պաշտօնավարեց Հերիքնազ Մկրտչեանը։
Տկն. Հերիքնազը կրթական ասպարէզում ունենալով երկար տարիների փորձառութիւն, տեսչուհի նշանակւելու առաջին իսկ օրւանից համոզւած լինելով՛ որ պիտի աշխատել մասնագիտացւած հիմունքներով եւ հայոց դպրոցները պիտի ունենան մասնագէտ եւ փորձառու ուսուցիչներ, ոչ մի ջանք չխնայեց դպրոցի համար լաւագոյն դասատուներից բաղկացած կադր ապահովելու աշխատանքներում։
Որպէս դասատու պաշտօնավարել է նաեւ «Թունեան» եւ «Արարատ» ուղեցոյց դպրոցներում եւ եռեսուն երկարաձիգ տարիներ հայոց դպրոցում ծառայելու եւ հանգստի կոչւելուց յետոյ, 2008 թւին մեկնելով Միացեալ Նահանգներ, հաստատւում է այնտեղ։
Հոգատար ուսուցչուհի, համեստ տեսչուհի, թանկագին մայր եւ սիրելի տատիկ՝ Հերիքնազ Մկրտչեանը իր մահկանացուն է կնքել 2024ի սեպտեմբերի 16ին Գլենդէլ քաղաքում։
Փառք եւ յարգանք Ձեզ եւ բոլոր նրանց ովքեր գործեցին եւ անցան մեր կրթական օջախների ծանր աշխատանքների բովից եւ անմոռաց ներդրումը ունեցան մատաղ սերնդի կրթական եւ հայեցի դաստիարակչութեան սրբազան գործում։
Հանգուցեալի մահւան առաջին տարելիցի հոգեհանգստեան արարողութիւնը տեղի է ունենալու Սեպտեմբեր 21ին Գլենդելում։
Ժ.Տ.Օ.