Ուրմիայի «Նայիրի» կրթարանի երեխաները դիմաւորեցին իրենց թեմի առաջնորդին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ դեկտեմբերի 22-ի առաւօտեան ժամը 9:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Նոր տարւայ սեմին շնորհաւորական այցելութիւն տւեց ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանը, որի մուտքին դիմաւորւեց կրթարանի երեխաների, տեսչութեան եւ ուսուցչական կազմի կողմից:
Ողջոյնի խօսքով Սրբազան Հօրը եւ հիւրերին բարի գալուստ մաղթեց տեսչուհի Ռոնիկ Մեջլումեանը: Նա այս առիթով շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ Ազգային իշխանութեան, Ուրմիայի մանկապարտէզ-նախակրթարանը մնայուն ուշադրութեան կենտրոնում պահպանւած լինելու համար նրանց կողմից:
Սրբազան Հօրը ընկերակցում էին Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանը: Սրբազան Հայրը աղուհացի օրհնութիւնը կատարելուց յետոյ, երեխաներին կաղանդչէքեր բաժանեց, որոնք պատրաստւել էին Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի միջոցով:
Մանկապարտէզի սրահում երեխաները երգեցին Ամանորի եւ սուրբծննդեան երգեր, որոնք նւիրւած էին ձմեռ պապին եւ Յիսուս մանուկին: Երեխաներից մինչեւ ուսուցիչները, պատասխանատուներն ու Սրբազան հայրը եւ նրա ընկերակցողները զւարթ պահեր անցկացրեցին կրթարանի սրահում, շուրջ կէս ժամւայ տեւողութեամբ:
Առաջնորդ Սրբազան Հօր սոյն այցելութիւնը առիթ հանդիսացաւ, որ ուսուցչական կազմի անդամները խօսեն, դպրոցի սկզբից մինչեւ հիմա երեխաներին մատուցւած դասաւանդութիւնների մասին: Սրբազան Հայրը բարի տարի մաղթեց բոլորին, եւ ուրախ տրամադրութեամբ բաժանւեց երեխաների ոգեւորիչ յարկից: