ԹեհրանՀամայնք

Հզօր կամքի դրսեւորման խորհրդանիշ՝ Դրօ Զարգար Յարութիւնեանը

«Ալիք», Կ. Դ. -Անկոտրում կամքի դրսեւորման բացայայտ օրինակներից է Դրօ Զարգար Յարութիւնեանը, կամք, որով իւրաքանչիւր անհատ նժարին է դնում իր կարողականութիւնը՝ ապացուցելու համար մարդկային կամքի հզօրութիւնը:

Նման կամքի դրսեւորման բացայայտ օրինակներից է իրանահայ երիտասարդ, ժամանակի բասկետբոլիստ եւ  լողի ախոյեան Դրօ Զարգ Յարութիւնեանը: Դրոյի հետ ժամանակին «ԱԼԻՔ»-ի յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել, անդրադառնալով նրա մարզական կեանքի յաջողութիւններին: Իսկ այսօր անդրադառնալու ենք նրա գիտական ոլորտում արձանագրած յաջողութեանը, սակայն վերջին յաջողութեանը անդրադառնալու նպատակով անհրաժեշտ է յետդարձ հայեացք նետել նրա կենսագրական տւեալներին:

Դրօն ծնւել է 1979 թւականին իրանական 1358 թւականի շահրիւար ամսի 27-ին: Ինքը ժամանակին թէ՛ եղել է լողորդ փրկարար, եւ թէ՛ բասկետբոլիստ բայց տարիներ առաջ տեղի ունեցած չարաբաստիկ արկածը նրանից խլել է ֆիզիկական կարողութիւնը եւ դարձրել անդամալոյծ եւ եթէ նա ժամանակին լողորդ եղած չլինէր, այսօր շատ աւելի բարդ կարգավիճակի կը մատնւէր, քանի որ նրա հաշմանդամութիւնը 96 տոկոս է:

Եթէ հակիրճ տւեալներով անդրադառնանք Դրոյի կենսագրութեանը, նշենք, որ նա իր տարրական կրթութիւնը ստացել է Թեհրանի «Ն. Գիւլբենգեան» դպրոցում, ուղեցոյցը՝ «Գոհար»-ում իսկ միջնակարգը՝ «Մարիամեան»-ում, ուր սովորել է մաթեմատիկա, իրանական 1377-ին ընդունւել է Ազատ համալսարանը՝ հանքերի եւ արտահանման ճիւղը, ապա մասնակցելով համալսարանների գերլիսանսի մուտքի քննութիւններին, ընդունւել է մարմնամարզութեան ճիւղը։ Նա ընդունւել է առաջին փուլը, սակայն Ասիայի օլիմպիական խաղերի բերումով՝ հրաժարւել է 2-րդ փուլից, բայց ցանկանոմ էր ապագայում այն շարունակել։

17 տարի ուսումնառութիւնից հեռու լինելուց յետոյ կորոնավիրուսի ժամանակաշրջանում երկու տարի պատրաստւում է մագիստրոսի աստիճանի ընդունելութեան քննութեանը, բայց կորոնավիրուսի ծանր բռնկման պատճառով ընտանիքը թոյլ չի տալիս մասնակցել քննութեանը։ Այնուամենայնիւ, մեծ համառութեամբ, յանձնում է քննութիւնը։ Չնայած ճարտարագիտութիւնից կառավարման մասնագիտութիւնը փոխելուն, որը նրա համար անծանօթ ճիւղ էր, նա յաջողեց 1401 թւականին ընդունւել «Ալլամէ Թաբաթաբա»-ի համալսարնի սպորտի տնօրինում ճիւղը՝ սպորտի ակումբների եւ կազմակերպութիւնների տնօրինման թեքումով, եւ պաշտպանելով իր աւարտաճառը՝ «Վետերանների եւ երկրպագուների ֆեդերացիայի պարալիմպիկ ասոցիացիայի ռազմավարական ծրագրի մշակում», խորագրով  փայլուն աւարտում է իրանական 1403 թւականին երկրորդ տեղը գրաւելով: Նա մէկ տարի սովորում է դոկտորականի համար եւ 1405 թւականին մասնակցում քննութեանը եւ համայն երկրում շահելով 21-րդ տեղը ընդունւում է հէնց առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում, որը անհատական հարցազրոյցի փուլն է յաջողում է ամենաբարձր մակարդակով ընդունւել, քանի որ ունեցել է հետազօտական երկու յօդւածներ ISC կոնֆերանսում եւ Ազգային պարալիմպիկ կոմիտէի ու Ֆիզիկական դաստիարակութեան եւ սպորտի գիտութիւնների ինստիտուտի համար, լաւ միաւորներով ընդունւելով «Ալլամէ Թաբաթաբա»-ի համալսարանի դոկտորականի ճիւղը։

«Ալիք»-ը եւս շնորհաւորում է Դրոյին եւ մաղթում նորանոր յաջողութիւններ:

Related Articles

Back to top button