Իրանում հայկական Սուրբ Ստեփանոս վանքի տանիքը ծածկւել է UNESCO-ի «Կապոյտ Վահան» դրօշով

«ԱԼԻՔ» – Ատրպատականի հայոց թեմը յայտնում է, որ տարածաշրջանում սրւած ռազմական իրավիճակի պայմաններում շարունակւում են Իրանի տարածքում գտնւող հայկական պատմամշակութային կոթողների պահպանութեան միջոցառումները։
Թեմի փոխանցմամբ՝ Սուրբ Ստեփանոս վանքի տանիքը ծածկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի «Կապոյտ Վահան» խորհրդանշական դրօշով, որը միջազգային առումով կիրառւում է մշակութային ժառանգութիւնը զինեալ հակամարտութիւններից պաշտպանելու նպատակով։
Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը ընդգծում է, որ այս քայլը միտւած է բարձրացնելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեշտելով, որ Իրանի տարածքում գտնւող հայկական հնադարեայ սրբավայրերը համաշխարհային մշակութային ժառանգութեան անբաժանելի մասն են։
Ատրպատականի հայոց թեմը նախազգուշացնում է, որ շարունակւող լարւածութեան պայմաններում վտանգի տակ կարող են յայտնւել հայկական հնադարեայ եկեղեցիներն ու վանքերը, եւ կոչ է անում պատասխանատու կառոյցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու այդ յուշարձանների անվտանգութիւնը։



