ԹեհրանՀամայնք

 Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը բոլորեց իր հիմնադրման 45-ամեակը

Հինգշաբթի, հոկտեմբերի 8-ին միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում Տէրունական աղօթքով, Հայաստանի, Իրանի, Արցախի եւ միութեան հիմներով մեկնարկած միջոցառմանը, Սկաուտական միաւորի դրօշակագարդը դահլիճում տեղադրեց պատկան դրօշները եւ մեկնարկեց գեղարւեստական, բանախօսական յայտագրով յագեցած ծրագիրը: Մարթին եւ Մելանի Աղանեանսների հաղորդավարութեամբ ծրագրի սկզբում միութեան վարչութեան նախագահ Ֆրէդ Աշուղեանը անդրադառնալով միութեան հիմնադրման նպատակներին ընդգծեց, որ այն եղել է եւ հանդիսանում է լինել ազգային դաստիարակութիւն փոխանցող տուն, յատկապէս Զէյթուն քաղաքամասում: Տէր Արիստակէս քահանայ Շահմիրեանը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը գնահատելով միութեան յարկի տակ փոխանցւող ազգային գաղափարները, սէրը հանդէպ ազգայինը եւ հայկական մշակոյթ եւ հաւատքը հանդէպ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցի: Միութեան հիմնադիրներից Ազատ Աբգարեանը համապարփակ գծերով անդրադարձաւ միութեան հիմնադրման պատմական տւեալներին:

Ապա պատգամաւորի, ազգային, հոգեւոր եւ միութենական վաստակաւոր անձանց ձեռամբ ծրագըրի տարբեր հատւածներում յուշանւէրներ յանձնւեցին ազգային-հասարակական եւ միութենական բազմազան ոլորտներում իրենց ներդրումը բերած անձանց եւ բարերաներին: Ընթացքում ներկայացւեցին ուղերձներ, որոնք յղւել էին ոչ միայն պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ միութիւնների կողմից այլ նաեւ իրանահայ համայնքից: Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Գեղարդ Մանսուրեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ դկտր. Սեւակ Հաթամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ժորժ Հայրապետեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ դկտր. Սերժ Եղիազարեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, միութիւնների նախագահներ, ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ:

Յայտագրի գեղարւեստական բաժնում հայկական-ազգագրական պարերով հանդէս եկան միութեան «Նայիրի» պարախմբի սաները ղեկավար Թինա Անտոնեան, երգերի կատարմամբ միութեան երգչախումբը, խմբավար ՝Ժիլբերթ Կարապետեան եւ ասմունքով՝ պարմանուհի Քելին Տէր Պետրոսեանը:

Յատկանշական է, որ պաշտօնական ծրագրի մեկնարկից առաջ միութեան տարածքում գտնւող տնակում պատկերներով ցուցադրւել էր միութեան անցած 45-ամեայ ուղին եւ տարբեր միաւորների սաները դիմաւորում էին հանդիսատեսներին:

Գեղարւեստական յայտագրի աւարտին միջոցառումը շարունակւեց միութեան «Արցախ» սրահում, որտեղ նաեւ արտայայտւեցին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Գեղարդ Մանսուրեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, ՊԺ-ի ատենապետ դկտր. Սեւակ Հաթամեանը, միութեան անցեալ շրջանի վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը եւ միութիւնների վարչութիւնների նախագահներ:

Վերջում կտրւեց միութեան հիմնադրման 45-ամեակը խորհրդանշող տորթը:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button