
Սասուն քաղաքամասում՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, երէկ՝ Հայ մշակոյթի տօնի շրջանակներում, տեղի են ունեցել ձեռարւեստի ցուցահանդէսն ու փոքրիկների համար նախատեսւած մշակութային ծրագրերը։
Ձեռարւեստի ցուցահանդէսին իրենց աշխատանքներով մասնակցել են միութեան «Պարոյր Սեւակ» գրադարանի մարաշի ասեղնագործութեան դասընթացներին մասնակցած կանայք։ Յատուկ հրաւէրով ցուցահանդէսին մասնակցել է նաեւ Սեմիկ Վարդանեանը՝ ներկայացնելով իր գեղանկարչական աշխատանքները։
Ցուցադրութեան մաս են կազմել նաեւ հայկական պատմական տարազները՝ Փերիոյ, Բարձր Հայքի՝ Կարինի եւ Արցախի շրջաններին բնորոշ առանձնայատկութիւններով։ Տարազների միջոցով այցելուները հնարաւորութիւն են ունեցել ծանօթանալու հայկական ազգային հագուստի տարածաշրջանային բազմազանութեանը։
Մշակութային ծրագրի միւս բաժինը նախատեսւած էր փոքրիկների համար։ «Նայիրի» սրահի նախամուտքում կազմակերպւած հեքիաթասացութեան ընթացքում ուսուցչուհիները՝ իրենց պատրաստած տիկնիկների օգնութեամբ, երեխաներին ներկայացրել են Յովհաննէս Թումանեանի «Կկուն ու աղւէսը» հեքիաթը։ Փոքրիկները հետաքրքրութեամբ հետեւել են Անի Նազարեանցի պատմողական հմտութիւնների ներքոյ՝ հեքիաթի հերոսների արկածներին:
Բացօթեայ տարածքում Արցախի համն ու հոտը յիշեցնող ժինգեալով հացից մինչեւ աւանդական ղափամա, հայկական մշակոյթն ու խոհանոցը ներկայացնող տաղաւարներից մինչեւ փոքրիկների համար նախատեսւած զւարճանքներ, փառատօնը համախմբել էր այցելուներին տօնական մթնոլորտում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգութեան տարբեր երեսները։



