Նոր տարւայ հաւաքոյթ՝ Թաւրիզի մանկապարտէզ-նախակրթարանում
![](/wp-content/uploads/2024/12/61551-780x470.jpg)
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ներկայ գտնւեց ՀՕՄ-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի Ամանորի ծրագրին: Ներկայ էին Ազգային իշխանութեան ներկայացուցիչները, միութեան Թաւրիզի Կենտրոնի վարչութիւնը, ուսուցչական կազմը, երեխաները, ծնողները եւ մեծ ծնողներ:
Ներկաներին հիւրասիրելուց յետոյ, Ամանորի սոյն հաւաքի առիթով արտայայտւեց ուսուցչուհի Անի Դիլանեանը: Նա առաջին հերթին շնորհաւորեց բոլորին, յառաջիկայ 2025 տարւայ առիթով, մաղթելով որ համայնքային կեանքում կրթական աշխատանքները յաջողութեամբ պսակւեն, ի նպաստ ուսումնական կեանքի բարօրութեան եւ հայ դպրոցի վառ ապագայի:
Ձմեռ պապը տանիքի պատուհաններից երեւաց, եւ իր նւէրների պարկը մէջքի վրայ ծանրաբեռնած, ցած իջաւ աստիճաններից: Երեխաները մեծ խանդավառութեամբ շրջապատեցին ծերունուն, եւ մեծ ուրախութեամբ ստացան իրենց նւէրները: Նրանք պարեցին բարի ծերունու հետ, որը ամէն տարի այս օրերին յիշում է փոքրիկներին եւ իր շուրջը հաւաքում նրանց:
Երգի ուսուցիչ Կարէն Սարգիսեանը Ամանորի եւ ձմեռ պապի դիմաւորութեան երգեր նւագելով երգեհոնի վրայ, երեխաներին իր շուրջը հաւաքեց, որոնք նաեւ սկսեցին պարել ձմեռ պապի ձեռքերից բռնած: Երեխաներին առաւել եւս ուրախացնելու համար, ՀՕՄ-ի վարչութիւնը նւէրներ բաշխեց՝ նախագահուհի Անահիտ Մարգարեանը, ինչպէս նաեւ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը, եւ Թաւրիզի հայոց դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըգեանը. իսկ վերջում, առաջնորդ Սրբազանը նւէրներ բաշխեց երեխաներին, որոնք պատրաստւել էին Թաւրիզի Խնամակալ մարմնի միջոցով:
Իր խօսքում, Սրբազան Հայրը շնորհաւորեց բոլորի նոր տարին, մաղթելով որ Խաղաղութեան Իշխանը՝ Յիսուսը, համայն աշխարհի մարդկութեան կողմից սպասւած խաղաղութիւնը կը պարգեւի բոլորին: