Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ. 12-րդ համարը
2025 թ. շեմին ընթերցողին է ներկայացւում «Դրօշակ»-ի 2024 թ. ամփոփիչ համարը։ Համարի քաղաքական բնոյթի յօդւածները ամփոփում են հայութեան համար լարւած ու տագնապալի 2024 թւականը, ներկայացւում են տարւայ ընթացքում տեղի ունեցած առաւել նշանակալից իրադարձութիւնները, հայութեան ազգային իրաւունքների պաշտպանութիւնից իշխանութիւնների լիարժէք նահանջի պայմաններում։
Հրապարակագիր Մանուէլ Մկրտչեանի յօդւածում ուշադրութիւն է հրաւիրւում մեր հասարակական կեանքում իշխող այն մտայնութիւնների վրայ որոնց հետ էլ ուղղակի ու անուղղակի կապի մէջ է ներքաղաքական իրականութիւնը։ Տարեվերջեան այս համարում բնապահպանութեան ոլորտի մասնագէտ-լրագրող Արմէն Վարդանեանը լրագրական յօդւածի սահմաններում ներկայացնում է Հայաստանի բնապահպանական տագնապալի վիճակը, որի վրայ, անտարբերութիւնից ու անձեռնհասութիւնից աւելի կործանարար ազդեցութիւն է գործում ոլորտում արմատացած համատարած կոռուպցիայի երեւոյթը։
«Պատմութեան լուսարձակ» խորագրի ներքոյ շարունակում են իրենց ուշագրավ յօդւածաշարերը բանասիրական գիտութիւնների դոկտոր Հայկազուն Ալւրցեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանը։ Հեղինակներից առաջինի ուշագրաւ յօդւածի երկրորդ մասը շարունակութիւնն է քիչ ուսումնասիրւած եւ հանրութեանը քիչ ներկայացւած համշենահայութեան հերոսական ինքնապաշտպանութեան դրւագներին Հայոց Ցեղասպանութեան տարիներին։ Ընթերցողին նախապէս տեղեկացնենք, որ յօդւածաշարի առաջին եւ երկրորդ մասերին հետեւելու է նոյնքան ուշագրաւ շարունակութիւնը։
«Դրօշակ»-ի սոյն թւականի 10-րդ համարում ներկայացւել է պատմաբան Խաչատուր Ստեփանեանի յօդւածը անցած դարավերջից մինչեւ 1924 թւականը Բուլղարիայում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութեան վերաբերեալ։ «Դրօշակ»-ի այս համարում հեղինակը ներկայացնում է նոյն բարդ ու յագեցած ժամանակշրջանում Դաշնակցութեան իրականացրած գործունէութիւնը Յունաստանում։
2024 թւականը հարուստ էր մեր ազգի մեծերի յոբելեաններով։ Դրանց շարքում էր նաեւ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգէյ Փարաջանովի 100-ամեայ տարեդարձը։ «Դրօշակ»-ը փորձել է տարւայ ամփոփիչ այս համարում ամսագրի հնարաւորութիւնների սահմաններում պատշաճ կերպով արժեւորելու այս յիշարժան յոբելեանը։ Նշանաւոր կինոռեժիսորի մասին ներկայացւող վերլուծական եւ այլ բնոյթի նիւթերը ուշագրաւ են մասնաւորապէս բազմաթիւ փաստերով ու մանրամասներով, որոնց հետ ծանօթութիւնը հետաքրքրական կը լինի ոչ միայն կինոարւեստի երկրպագուների, այլեւ ազգային մշակոյթի նկատմամբ նախանձախնդիր մարդկանց համար։ «Դրօշակ»-ի դեկտեմբերեան համարը ընթեցողին առաջարկում է այլ հետաքրքրական նիւթեր եւս:
«Դրօշակ»-ի 2024 թ. 12-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 12 2024 թ.