Հայաստան - ԱրցախՀՅԴ ՄամուլՔաղաքական

Միջազգային իրաւունք. երբ արժէքները դառնում են ընտրովի

Իրենց ժողովրդավար հռչակած պետութիւններն այսօր խօսում են ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան եւ համամարդկային արժէքների մասին։ Սակայն ներկայ իրողութիւնները վկայում են, որ այդ արժէքները գործնականում պաշտպանւում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախւում քաղաքական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերին։

Արցախի կորուստը դարձաւ դրա ամենացաւալի օրինակներից մէկը։ Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը միջազգային հանրութեանը փորձում էր հասցնել իր հիմնարար պահանջը՝ ճանաչել իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական ինքնութիւնը պահպանելու եւ անվտանգ գոյութիւն ունենալու իրաւունքը։ Բազմաթիւ միջազգային կառոյցներ այս ամենի մասին իրազեկւած էին, այցելութիւններ ունէին Արցախ, իրենց աչքով էին տեսնում։

Սակայն, երբ Արցախը ամիսներ շարունակ շրջափակւած էր, երբ հազարաւոր մարդիկ զրկւած էին սննդից, դեղորայքից եւ տարրական կենսապայմաններից, մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան մասին բարձրաձայնող միջազգային կենտրոնները սահմանափակւեցին յայտարարութիւններով, աչք փակեցին սովի ու էթնիկ զտման ենթարկւած ժողովրդի ճակատագրին։

Այսօր Արցախում ոչնչացւում է ամենահին քրիստոնեայ ազգի մշակոյթը, Բաքւի բանտում մեր հայրենակիցները պայքարում են՝ դեռ պահպանելով հաւատը միջազգային իրաւունքի եւ արդարադատութեան նկատմամբ։ Սակայն կրկին անտարբերութութիւն եւ գործնական ոչ մի քայլ։

Լուռ է նաեւ այդ պահանջների իրաւատէր կողմը. այսօր հարց է. ո՞վ է միջազգային հարթակներում հետեւողականօրէն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները։ Հայաստանի ներկայ իշխանութիւնը հրաժարւում է ստանձնել այդ պարտաւորութիւնը, փակելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրաւունքը միայն այն դէպքում կարող է արդիւնաւէտ գործել, երբ դրա պահանջատէրը նաեւ պետութիւնն է։

Պէտք է փաստենք, որ տեղահանութիւնը չի վերացնում Արցախի ժողովրդի իրենց հայրենիքի, ինքնութեան, մշակութային ժառանգութեան, սեփականութեան, անվտանգութեան եւ հաւաքական վերադարձի հետ կապւած իրաւունքները։ Այդ իրաւունքները շարունակում են գոյութիւն ունենալ անկախ քաղաքական զարգացումներից։

Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնումն է, այլեւ միջազգային իրաւունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանութիւնը, որոնք կոչւած են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրաւունքների ոտնահարումը։ Եթէ աշխարհը համակերպւի այն մտքի հետ, որ էթնիկ զտման եւ բռնի տեղահանութեան հետեւանքները կարող են ընդունւել որպէս անշրջելի իրողութիւն, ապա վտանգի տակ կը յայտնւեն նոյն այն արժէքները, որոնց մասին այսօր այդքան յաճախ խօսում են միջազգային հարթակներում։

Արցախի հարցը, հետեւաբար, չի կարող համարւել փակ, քանի դեռ չեն ապահովւել արցախահայութեան հիմնարար իրաւունքները, չի տրւել արդար եւ իրաւական գնահատական տեղի ունեցած իրադարձութիւններին, եւ պատասխանատւութեան չեն ենթարկւել մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մեղաւորները։

Պայքարը շարունակւում է, քանի դեռ կայ ժողովուրդ, որը յիշում է իր Հայրենիքը, պահպանում է իր ինքնութիւնը եւ շարունակում է պահանջել արդարութիւն՝ հիմնւելով իրաւունքի վրայ։

«Ապառաժ»-ի խմբագրական

13.7.2026 թ.

Լուսանկարը՝ ԱԲ-ով

Related Articles

Back to top button