Ալեքսանդր Ցինկեր. ««Զանգեզուրի միջանցք»-ի գլխաւոր շահառուն Թուրքիան է»

«ԱԼԻՔ» – ICES Միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Հայաստանում ընդդիմութեան եւ Եկեղեցու հետապնդումները, Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը:
Փորձագէտի խօսքով՝ Հայաստանում ընդդիմութեան եւ հոգեւորականների ձերբակալութիւնները վկայում են այն մասին, որ Հայաստանը սկսում է նախապատրաստւել ընտրութիւններին։
«Կաշառքի մեղադրանքով քաղաքապետին հակակոռուպցիոն կոմիտէ տանելն աւելի շուտ նման է ցուցադրական «մասկի-շոուի»։ Կարծում եմ՝ դա խօսում է այն մասին, որ Հայաստանում ձեւաւորւել է շատ հետաքրքիր իրավիճակ՝ ե՛ւ ընդդիմութիւնը, ե՛ւ իշխող կոալիցիան վստահ չեն ապագայ ընտրութիւնների ելքի հարցում։ Կոալիցիան, հաւանաբար, նայում է Գիւմրու օրինակին, որտեղ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ սկսած արեւմտամէտներից մինչեւ կոմունիստներ, միաւորւել են իշխող ուժի դէմ, շահել են մէկ կամ երկու մանդատ եւ եկել իշխանութեան։
Բնականաբար, իշխող կոալիցիան այժմ մտածում է, թէ ինչպէս թոյլ չտալ նման սցենարի կրկնութիւնը ողջ երկրում։ Ընդդիմութիւնն, իր հերթին, նոյնպէս փնտրում է հետագայ գործողութիւնների ուղիներ։ Այն շատ մասնատւած է։ Բաց է մնում հարցը՝ որքանով նրանք կը կարողանան միաւորւել: Արդեօք դա կը լինի՞ մէկ դաշինք, թէ մի քանիսը, որոնք յետոյ կը միաւորւեն. այդ ամէնը դեռ ներքին քննարկումների առարկայ է»,- ասել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դէպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումներն, ապա, ըստ քաղաքագէտի՝ գաղափարն ինքնին նորմալ է, եթէ ամէն ինչ տեղի ունենայ, ինչպէս քաղաքակիրթ երկրներում։
«Սկզբունքօրէն գաղափարն ինքնին նորմալ է: Հայաստանը նոյնպէս կարող է բեռներ ուղարկել միւս ուղղութեամբ՝ օրինակ, Ադրբեջանով Ղազախստան։ Սա դրական քայլ է։ Բայց գլխաւորը, որ դա լինի երկկողմանի։ Եթէ ամէն ինչ տեղի ունենայ, ինչպէս նորմալ երկրներում, այսինքն՝ բեռներն անցնում են մաքսային եւ սահմանային հսկողութիւն, ապա Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չպէտք է լինի։ Իւրաքանչիւր երկիր պաշտպանում է իր սահմանները, եւ դա բնական է։ Եթէ իրականացւի այն տարբերակը, որի մասին խօսում էր Ալիեւը, թէ «ադրբեջանական բեռները չեն հանդիպի ոչ մի հայ սահմանապահի», ապա դա հարցեր է առաջացնում»,- նշել է Ցինկերը։
Փորձագէտի կարծիքով՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գլխաւոր շահառուն Թուրքիան է։
«Ամէն ինչ կախւած կը լինի ապագայ կառավարութեան ծրագրից եւ առաջնահերթութիւններից։ Եթէ ներկայիս կուրսը պահպանւի, ապա, հաւանաբար, խօսք կը գնայ կոմունիկացիաների բացման մասին։ Որքան ես գիտեմ, ե՛ւ թուրքական, ե՛ւ ադրբեջանական կողմերն արդէն պատրաստում են ճանապարհների իրենց հատւածները, որպէսզի հնարաւոր լինի բեռները հասցնել մինչեւ հայկական սահման։ Եթէ ամէն ինչ կազմակերպւի քաղաքակիրթ կերպով, ինչպէս ընդունւած է ամբողջ աշխարհում, ապա առանձնայատուկ ռիսկեր չկան։ Եթէ մենք իսկապէս շարժւում ենք դէպի խաղաղութեան պայմանագիր, ապա հարեւան երկրների միջեւ պէտք է աշխատեն տրանսպորտային հոսքերը։ Գլխաւորն այն է, որ ամէն ինչ մտածւած լինի: Այդ դէպքում Հայաստանի ինքնիշխանութեանը ոչ մի սպառնալիք չի լինի։
Այս նախագծի գլխաւոր շահառուն Թուրքիան է, քանի որ գաղափարն ի սկզբանէ թուրքական էր։ Թուրքիան Նախիջեւանով եւ Հայաստանի տարածքով կը կարողանայ դուրս գալ Ադրբեջան, ապա՝ Կասպիականով դէպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ Սա այսպէս կոչւած «Մեծ Թուրանի» կառուցման մի մասն է։ Համապատասխանաբար, առաջին հերթին շահում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Տնտեսական շահեր կարող է ունենալ նաեւ Հայաստանը, բայց քաղաքական ասպեկտն ակնյայտօրէն գերակշռում է։ Աստւած տայ, որ ամէն ինչ իրականացւի խաղաղ նպատակներով, բայց մինչ այդ դեռ շատ ժամանակ կայ։ Ուստի, ինչպէս ասում են անգլիացիները, step by step՝ փուլ առ փուլ: Այսօր արդէն բացւում են որոշ տրանսպորտային ուղիներ, բայց պէտք է սպասել Հայաստանում կայանալիք ընտրութիւններին եւ տեսնել՝ ինչ քայլեր կը ձեռնարկւեն հետագայում»,- ասել է Ցինկերը:



