ԱԿՆԱՐԿ. ՈՐՊԷՍԶԻ «ԵՐԱՆԻ» ՉՏԱՆՔ ԺԱՆՏԱԽՏԻ ԱՅՍ ԱՆԻԾԵԱԼ ՏԱՐԻՆԵՐԻՆ
(Տնաւեր ու բնաւեր դարձած արցախցի մեր եղբայրների եւ քոյրերի դէմ գեներացւող ատելութեան մթնոլորտի առիթով)

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Որքա՞ն բան է փոխւել մեր կեանքում 2018 թւականից այս կողմ:
Ընդամէնը 7 տարի առաջ հնարաւո՞ր էր պատկերացնել այն, ինչ որ կատարւում է մեզ հետ այսօր:
Կարո՞ղ էինք պատկերացնել, որ այնքան կը գլորւենք անդունդի խորքը, որ կը համբերենք ստորացումն ու պատւազրկումը, կը հանդուրժենք մեր սրբութիւնները ոտնատակ տւողներին, հայրենիքը դաւաճանողներին, պատմութիւնը ուրացողներին:
Իսկ համարձակութիւն ունեցա՞նք խօսելու մեր արածների եւ չարածների, եւ յատկապէս արածների մասին ժանտախտի այս 7 տարիների ընթացքում: Ընդգծենք յատկապէս արածները, որովհետեւ տեղի ունեցածն ու տեղի ունեցողն այդ յատկապէսի անմիջական արդիւնքն ու հետեւանքն են:
Եւ հիմա, երբ մօտենում ենք անվերջ թւացող անդունդի յատակին, հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ թէ այդ ո՞ւր մնաց թշնամու դէմ բռունցք դարձած միակամ ազգը, որտե՞ղ չքացան փառայեղ յաղթանակներ կռած ու կերտած վճռակամ ոգին եւ ազգային արժանապատւութիւնը:
Ինչո՞ւ դարձանք այսպէս անդամալոյծ ու ընկած, բթացած ու անտարբեր:
Այդ ինչպէ՞ս եղաւ, որ մեր հանրութեան ստւար մի հատւածը կերպարանափոխւեց ամբոխի, դարձաւ անդէմ ու անսեռ զանգւած՝ ցեղակոյտ, թուլամորթ եւ կամազուրկ, կուրացած ու խլացած:
Հարց տալի՞ս ենք մեզ, թէ մաքառումներ ու պայքարի երեք տասնամեակ ձգւած տարիների ընթացքում այդ ո՞ւր էին այսօրւայ «տէրերը», ինչո՞վ էին զբաղւած նրանք, ո՞րն էր նրանց դերն ու ներդրումը հայրենիք ազատագրելու եւ պաշտպանելու, քար առ քար ազգային պետութիւն կառուցելու գործում:
Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են յայտնւել, եւ միթէ՞ նրանք են արժանաւորները, իմաստունները, որոնք խօսում են մեր ժողովրդի անունից, աջ ու ձախ զիջումներ են անում, ծնկաչոք ողորմութիւն ու գթասրտութիւն են մուրում, հնազանդութեան ու եղբայրութեան խոստումներ են տալիս մեզ խոցողին ու ոսոխին:
Այսպէս եղաւ, որովհետեւ խաբեցին մեզ եւ խաբւեցինք: Աւելի ստոյգ՝ ինքնակամ տրւեցինք խաբկանքին: Որովհետեւ չգիտկցեցինք մեր ժամանակների եւ մարտահրաւէրների լրջութիւնը, չտեսանք որոգայթն ու յայտնւեցինք չար ժամանակների փակ օղակում:
Սա է լերկ իրականութիւնը, խոցող ու ցաւեցնող, դառը եւ կուլ չգնացող, բայց՝ իրականութիւնը:
Եւ մի քան տարի յետոյ այսօրւայ սեւ օրերին, ժանտախտի տարիներին, նեռի եւ չարքի գինարբուքին ու գարշապարին «երանի» չտալու համար, գիտակցենք արհաւիրքը, հասկանանք մեր ժամանակները՝ պահի լրջութիւնը, նայենք հայելուն եւ մեր խամրող աչքերի խորքում փնտրենք ու գտնենք յաղթական ոգու կայծը, եւ յոգնաբեկ մեր բազուկները մի վերջին ճիգով շղաթայենք իրար՝ ճեղքելու մեր սեւ ժամանակների չար որոգայթի փակ օղակը:
Սա է մեր փրկութեան միակ ելքը, այլապէս ժանտախտի մեր տարիները կը դառնան «երանելի», իսկ մենք՝ ներում-բեկում չունեցող, պատմութեան ահեղ եւ արդար դատաստանի առջեւ կանգնած գլխիկոր ողորմելիներ: