ԻրանՔաղաքական

Արաղչին մեկնել է Իտալիա

«ԱԼԻՔ»- ԱԳ նախարար Արաղչին, այսօր վաղ առաւօտեան մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցութիւնների երկրորդ փուլին մասնակցելու նպատակով: Այս մասին է տեղեկացրել ԻՌՆԱ-ն:

Նոյն կապակցութեամբ «Մեհրաբադ» օդանաւակայանում լրագրողների հետ ճեպազրոյցում ԱԳՆ ներկայացուցիչ  Էսմայիլ Բաղային նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների երկրորդ փուլը՝ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի յատուկ յանձնակատար Սթիւ Վիտկոֆի նախագահութեամբ, անց է կացւելու Հռոմում:

Բաղային ընդգծել է, որ բանակցութիւնների այս փուլը, առաջին փուլի օրինակով, անց են կացւելու ոչ-ուղիղ ձեւաչափով՝ Օմանի Թագաւորութեան արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայիդի միջոցով։

Այս փուլում Հռոմը որպէս բանակցութիւնների վայր ընտրելու վերաբերեալ նա նշել է. «Հռոմն ընտրւել է Օմանի արտաքին գործերի նախարարի առաջարկի եւ Իրանի ու ԱՄՆ-ի համաձայնութեան հիման վրայ, իսկ համապատասխան պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել Օմանի կառավարութեան կողմից՝ համաձայնեցնելով Իտալիայի կառավարութեան հետ»:

«Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ փաստաթղթերին, այդ թւում՝ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրին, եւ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը միջազգայնօրէն ընդունւած շրջանակներում, իր պարտաւորութիւնները կատարելով հանդերձ, հաստատակամ է պահպանել եւ իրականացնել միջուկային էներգիայի իր օրինական իրաւունքները»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա յաւելել է, որ նօրինական պատժամիջոցների վերացման եւ միջուկային խնդրի վերաբերեալ Իրանի Իսլ. Հանրապետութեան դիրքորոշումներն ու պահանջները լիովին պարզ են եւ միւս կողմին է փոխանցւել  բանակցութիւնների առաջին փուլում, եւ նշել. «Միեւնոյն ժամանակ, հաշւի առնելով այն հակասական դիրքորոշումները, որ մենք լսել ենք վերջին մի քանի օրերին ամերիկեան կողմի տարբեր պաշտօնեաներից, ակնկալում ենք, որ ամերիկեան կողմը նախ պարզաբանութիւն կը տայ այդ կապակցութեամբ, կամ կը վերացնի իր մտադրութիւնների եւ լրջութեան հետ կապւած ծագած երկիմաստութիւնները»։

Related Articles

Back to top button