Ասում են, որ Էրդողանը յոյն հայամէտ անիշխանականի ժառանգն է

Տարիների ընթացքում թուրքական լրատւամիջոցներում բազմաթիւ յօդւածներ են յայտնւել այն մասին, որ տարբեր թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ հայկական կամ քրդական ծագում ունեն:
Այս պաշտօնեաները յաճախ կտրականապէս հերքել են այդ պնդումները, բայց երբեմն անտեսել՝ դրանց վրայ աւելի մեծ ուշադրութիւն հրաւիրելուց խուսափելու համար: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ յայտարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական ծագում ունի, նա պարզապէս պատասխանեց՝ «Ցաւում եմ, որ ինձ հայ են անւանում»: Հաշւի առնելով Թուրքիայում տարածւած ռասիզմը, մէկին հայ անւանելը համարւում է վիրաւորանք։
Գրել էին, որ ծագումով հայ է նախկին վարչապետ Մեսութ Եըլմազը, ինչպէս նաեւ՝ արմատական ծայրայեղ ազգայնական Դեւլեթ Բահչելին՝ MHP-ի («Ազգայնական շարժում կուսակցութեան») նախագահը: Վերջերս ես յայտնաբերեցի «Իւթուբի» մի տեսանիւթ, որտեղ Իսա Իլիասօղլուն, որը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպութիւնում (MIT), յայտարարել է, որ Բահչելին մայրական կողմից ծագումով հայ է։ Իլիասօղլուն յայտնել է, որ ցեղասպանութեան ժամանակ Ադանայի նահանգապետն առեւանգել եւ բռնաբարել է 16-ամեայ մի հայ աղջկայ։ Այդ աղջիկը հետագայում դարձել է Բահչելիի տատիկը, որն, ի տարբերութիւն իր նոյնականացման քարտի վրայ նշւածի, ոչ թէ Օսմանիայից է, այլ Ուրֆայի շրջանի Հալֆեթի քաղաքից։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխւել է Ադանայի Բահչէ քաղաք, որտեղ էլ նա ձեռք է բերել իր ազգանունը՝ Բահչելի։
Լայնօրէն ընդունւած է, որ այսօրւայ թուրքերի մեծ տոկոսը հայերի, յոյների կամ քրդերի ժառանգներն են, որոնցից շատերը իսլամացւել եւ թուրքացւել են, յատկապէս 1915 թւականի ցեղասպանութեան ժամանակ, երբ թուրք ընտանիքներն առեւանգել եւ որդեգրել են հայ մանկահասակ երեխաներին: Այս երեխաներից մեծ մասը շատ փոքր էր իր էթնիկ ծագումը յիշելու համար: Թուրքացւած եւ իսլամացւած հայերին յաճախ անւանում են «թաքնւած հայեր»:
Այնուամենայնիւ, տարիների ընթացքում շատ թուրքեր յայտարարել են, որ նոր են բացայայտել իրենց հայկական ծագումը։ Ոմանք նոյնիսկ խնդրել են մկրտւել հայկական եկեղեցում եւ կրկին քրիստոնէութիւն ընդունել։
2018 թւականին Թուրքիայի կառավարութիւնն անսպասելիօրէն գործարկեց մի կայքէջ, որը բացայայտեց բոլոր թուրք քաղաքացիների նախնիներին: Մի քանի օրւայ ընթացքում միլիոնաւոր թուրքեր շտապեցին պարզել իրենց էթնիկ ծագումը: Արդիւնքում կայքը խափանւեց, իսկ կարճ ժամանակ անց փակւեց։ Այնուհետեւ, կայքը վերականգնւեց «գաղտնիութեան բարելաււած միջոցառումներով»: Որոշ մահմեդական թուրքեր ցնցւել էին՝ իմանալով, որ իրենք հայկական արիւն ունեն: Զեկոյցներից մէկում ասւում էր, որ մի մոլեռանդ հակահայ թուրք, իմանալով, որ ծագումով հայ է, ինքնասպան է եղել։
Թուրքիայում կայ նաեւ հայերի մի մեծ խումբ՝ յայտնի որպէս համշէնցիներ, որոնք ապրում են Սեւ ծովի շրջանում։ Նրանք բռնութեամբ իսլամացւել են, սակայն ոմանք պահպանել են իրենց հայկական աւանդոյթները եւ մայրենի լեզուն՝ հայերէնը, որը առանձնայատուկ բարբառ ունի:
Իմ վերջերս յայտնաբերած «Իւթուբի» տեսանիւթում Թուրքիայի հետախուզութեան աշխատակից Իլիասօղլուն զգայացունց բացայայտումներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի էթնիկ ծագման մասին։ Ես վստահ չեմ, թէ որքանով է նրա զեկոյցը համապատասխանում իրականութեանը, սակայն հաշւի առնելով Իլիասօղլուի հետախուզական անցեալը, չէի կարող անտեսել նրա պնդումը:
Իլիասօղլուն ապրել է Անգլիայում 1995-1996 թւականներին եւ տեղափոխւել Գերմանիա 2000 թւականին: 2005 թւականին նա առաջադրւել է Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններում, սակայն հետագայում յետ է վերցրել իր թեկնածութիւնը: Ներկայումս նա «Վերածնունդ» կուսակցութեան նախագահն է, որի կարգախօսն է՝ «Մէկ կառավարութիւն, մէկ ազգ, մէկ դրօշ եւ մէկ կրօն՝ թուրք»: Այժմ նա ապրում է Գերմանիայում: Լայնօրէն յայտնի է, որ թուրքական կառավարութիւնը Գերմանիայում ունի բազմաթիւ հետախուզական ծառայութիւնների աշխատակիցներ, որոնք լրտեսում են այնտեղ ապրող միլիոնաւոր թուրքերի, մասնաւորապէս՝ քրդերին եւ Էրդողանի քաղաքական հակառակորդներին:
Էրդողանի նոյնականացման քարտը ցոյց է տալիս, որ նա ծնւել է Ռիզէում, որը գտնւում է Թուրքիայի յունական Պոնտոս շրջանում: Իլիասօղլուն իր տեսանիւթում յայտնել է, որ «Էրդողանի հայրը պոնտոսցի յոյն էր, իսկ մայրը՝ իսպանացի հրեայ, որը Պոնտոս էր եկել Վրաստանի ճանապարհով»։ Իլիասօղլուն յաւելել է. «Եթէ Էրդողանը համարձակւի, թող առարկի»։
«Թայիփի (Էրդողանի) պապիկներից մէկի եղբայրը յոյն քահանայ է եղել, որը Սեւ ծովի ափին, ռուս-թուրքական պատերազմից յետոյ փորձել է հիմնել Պոնտոսի Յունական Հանրապետութիւնը»:
«Նրա պապը եւ նրա քահանայ եղբայրը ձերբակալւել եւ դատւել են «Գիրեսունի անկախութեան դատարանի» կողմից, դատապարտւել մահապատժի եւ կախաղան հանւել»։ Իլիասօղլուն բացատրել է, որ ինքը Գիրեսունից է. «Դա գրւած է դատաւոր Ալի Քըլըչի յուշերում»։
«Իսկ Էրդողանի մօրական նախապապը՝ Թէյուբը, անիշխանական է եղել, որը թուրքական գիւղեր մտնելուց եւ սպանութիւններ կատարելուց յետոյ զբաղւել է թալանով։ Այնուհետեւ, 1922 թւականի Մարաշի հայոց ապստամբութեան ժամանակ նա իր խմբով անցել է հայերի կողմը, յարձակւել թուրք զինւորների վրայ եւ սպանւել Տաւրոսի լեռներում»։ Իլիասօղլուն յաւելել է. «Թող Թայիփ Էրդողանը փնտրի իր մօրական նախապապի աճիւնը Տաւրոսի լեռներում։ Այսինքն, իր մօր պապը գերեզման չունի»։
Վերոնշեալ տեսանիւթը թւագրւած է 2023 թւականի հոկտեմբերի 28-ին: Թուրքական լրատւամիջոցներում որեւէ տեղեկութիւն չկայ, որ Իլիասօղլուն քննադատւել կամ դատապարտւել է Էրդողանի մասին իր զգայացունց բացայայտումների համար, չնայած նրան, որ նա մի քանի անգամ այցելել է Թուրքիա: Քանի որ թուրքական լրատւամիջոցները գտնւում են Էրդողանի լիարժէք վերահսկողութեան տակ, ոչ մի թուրքական թերթ չի յանդգնի հրապարակել որեւէ բան, որը կարող է զայրացնել նախագահին: Յայտնի չէ, թէ ինչու Թուրքիայի կառավարութիւնը չի դատապարտել Իլիասօղլուն, որը պնդում է՝ Էրդողանի նախնիները յոյներ են: Պատճառը կարող է լինել այն, որ Իլիասօղլուն ճշմարտութիւնն է ասում Էրդողանի նախնիների մասին, կամ էլ նախագահը չի կամենում աւելի շատ ուշադրութիւն հրաւիրել տեսանիւթում ներկայացւած պնդումների վրայ:
Ըստ թուրքական ասացւածքի՝ «Փչացած գինին դառնում է դառը քացախ»: Սա կարող է նշանակել, որ որոշ իսլամացւած եւ թուրքացւած հայեր դառնում են հայերի ոխերիմ թշնամիները: Սա նման է՝ «Հռոմի պապից աւելի կաթոլիկ» արտայայտութեանը:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ