ՄիջազգայինՔաղաքական

Միհրան Յակոբեան. «Ակներեւ է, որ ամերիկացիները բաւարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն յաւակնութիւնները, որոնք ամերիկեան կարմիր գծերին չեն մօտենում»

«ԱԼԻՔ» – Ակներեւ է, որ ամերիկացիները բաւարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն յաւակնութիւնները, որոնք ամերիկեան կարմիր գծերին չեն մօտենում։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է պատմական գիտութիւնների թեկնածու Միհրան Յակոբեանը.

«Ժամանակին ընդունւած էր, որ աշխարհաքաղաքականութիւնը հումանիտար գիտութիւնների բնագաւառում «ամենաէլիտար դիսցիպլինն է», որովհետեւ այդ գիտելիքն անհրաժեշտ է եւ կարող է հետաքրքրել միայն էլիտաներին:

Համացանցի դարաշրջանն ու սոցցանցերն այդ մօտեցումը փոխել են յատկապէս Հայաստանում, որտեղ աշխարհաքաղաքականութեան մասին հրապարակային դատողութիւններ են անում «եսիմ ովքերը», իսկ 5-րդ շարասեան կարկառունները աշխարհաքաղաքական վերլուծութեան անւան տակ զբաղւել են եւ զբաղւում են զուտ հակառուսականութիւն քարոզելով: Արդիւնքում ունենք յանձնւած Արցախ ու «զգետնւած» արժանապատւութիւն, աւելին՝ այդ ամէնի գլխաւոր մեղաւոր քընձըխը դեռ վարչապետի աթոռին վեր ընկած է:

Այդ նոյն 5-րդ շարասիւնը հիմա, ապուշ կտրած, փորձում է բացատրութիւններ սփռել, թէ ինչպէս ստացւեց, որ Ամերիկան եւ Ռուսաստանը պայմանաւորւում են, ինչպէս ստացւեց, որ Ամերիկան Ռուսաստանը չփլուզեց, ինչպէս ստացւեց, որ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ նախագահի համար դիկտատոր դարձաւ:

Մինչդեռ աշխարհաքաղաքականութիւն ու «Politics Among Nations» դիսցիպլիններին իրականում տիրապետողները միշտ են իմացել, որ քաղաքական գործընթացներում ամէն ինչ չէ, որ սեւ-սպիտակ է, եւ համաշխարհային քաղաքականութեան խոշոր դերակատարները խաղացել են, խաղում են եւ խաղալու են «բալանսների խաղը»: Այստեղ չկան զգացմունքներ, այստեղ կան միայն ու միայն հաշւարկներ եւ շահեր:

Այսպէս. Նապոլէոնեան պատերազմներից յետոյ բրիտանացիները հասկացան, որ Ֆրանսիայի համար ցամաքային Եւրոպայում պէտք է «զբաղմունք» գտնել, որպէսզի ֆրանսիացիների սեւեռւածութիւնը հեռացնեն Բրիտանական կայսրութիւնից: Երկար փնտրտուքից յետոյ բրիտանական խաղադրոյքն արւեց Պրուսիայի վրայ: Եւ, ստացւեց. 1870-1871 թթ. պատերազմում Բիսմարկի հմուտ դիւանագիտութեամբ փաթեթաւորւած եւ ֆոն Մոլտկէի տեսութեամբ բանակ ստեղծած Պրուսիան ջախջախեց ֆրանսիացիներին, գերեւարեց Նապոլէոն 3-րդին եւ Վերսալում հռչակեց Գերմանական կայսրութիւնը: Ի՞նչ եղաւ յետոյ. ընդամէնը 15 տարի անց նոյն բրիտանացիները վազեցին Փարիզ, որպէսզի բանակցեն բալանսաւորող դաշինքի (Անտանտ) ձեւաւորումը՝ ընդդէմ Գերմանիայի տարեցտարի աճող յաւակնութիւնների: Բրիտանացիները արագօրէն աւարտեցին նաեւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի հետ ծաւալած «The Great Game»-ը եւ ռուսներին նոյնպէս հակագերմանական Անտանտ հրաւիրեցին: Ի դէպ. կան կարծիքներ, որ 1945 թ.-ի մայիսի 9-ը նախագծել էին դեռեւս 1878 թ.-ի Բեռլինի կոնգրեսի ժամանակ, երբ բոլորի համար ակնյայտ դարձաւ՝ Կայզերական Գերմանիան մեծագոյն պրոբլեմ է դարձել:

Մէկ այլ օրինակ. տարիների յետհայեացքը ակնյայտ է դարձնում, որ Սառը պատերազմում սովետական տնտեսութիւնը չի պարտւել ամերիկեան տնտեսութեանը: Անգամ իր գոյութեան ցածրադիր կէտում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը շարունակում էր լինել աշխարհի 2-րդ տնտեսութիւնը: Հիմա ակնյայտ է, որ ԽՍՀՄ-ն իրականում պարտւել է ամերիկա-չինական տնտեսութեանը: 1970-ականների սկսզբներին Նիքսոնն ու Քիսինջերը կարողացան հմտօրէն օգտւել սովետա-չինական հակասութիւններից եւ տնտեսական դաշինք ստեղծել Պեկինի հետ: Արդիւնքում ԽՍՀՄ-ը չդիմացաւ մրցակցութեանն ու պարտւեց:

Թէեւ այդ մասին բացայայտ չեն խօսում, բայց հիմա Թրամփի Ամերիկան, ըստ էութեան, վերադարձել է «Նիքսոնի դոկտրինին»: Միայն թէ ամերիկացիների համար Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ իմաստով) եւ Չինաստանը տեղերով փոխւել են:

Ասել կուզի՝ «բալանսների խաղում» ԱՄՆ-ը չի կարող իրեն թոյլ տալ, որ Ռուսաստանն այն աստիճանի թուլանայ, որ վերածւի Չինաստանի կցորդի: Դա Ամերիկայի համար կը նշանակի աւտոմատ պարտութիւն: Ուստի, հիմա արդէն ակներեւ է, որ ամերիկացիները բաւարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն յաւակնութիւնները, որոնք ամերիկեան կարմիր գծերին չեն մօտենում: Այս համատեքստում հետաքրքիր է լինելու, թէ ինչպէս է դասաւորւելու հայ ժողովրդի գլուխը 7 տարի աղացած քընձըխի ու նրա քարոզչական գումարտակի ճակատագիրը…»:

Related Articles

Back to top button