Փեզեշքիանն ու Պուտինը կը հանդիպեն Թուրքմենստանում
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կը կայանայ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը:
«Այս հանդիպումը մեծ նշանակութիւն ունի ինչպէս երկկողմ հարցերի քննարկման, այնպէս էլ Մերձաւոր Արեւելքում կտրուկ սրւած իրավիճակի քննարկման համար: Դա կը լինի նրանց առաջին հանդիպումը, երբ Փեզեշքիանը յունիսին ստանձնեց պետութեան ղեկավարի պաշտօնը»,- ասել է Ուշակովը:
Նշենք, որ Փեզեշքիանն ու Պուտինը հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու են «Ժամանակների եւ քաղաքակրթութիւնների փոխկապակցութիւնը՝ խաղաղութեան եւ զարգացման հիմքը» ֆորումին, որը նւիրւած է թուրքմէն ժողովրդի մեծ բանաստեղծ եւ մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդեան 300-ամեակին:
Նշենք, որ Թուրքմենսատանը կարծում է, որ այս ֆորումը կարող է քաղաքական, գաղափարական եւ բարոյական հարթակ ստեղծել լայն ձեւաչափով եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած միջազգային երկխօսութիւն սկսելու համար: Իւրայատուկ հարթակ՝ աշխարհի ճակատագրի, քաղաքական, մշակութային, տնտեսական ներկայ վիճակի վերաբերեալ կառուցողական դիրքորոշումներ եւ տեսակէտներ ներկայացնելու համար։
Իրանի եւ Ռուսաստանի նախագահներից բացի, ֆորումին մասնակցելու են նաեւ Ղազաղստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի եւ մի շարք այլ երկրների նախագահներ: