Լիլիթ Գալստեանը՝ Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցողի մասին. «Անղեկ հաւաքականութեան ողբերգութիւնը»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Գազայում եւ Լիբանանում տիրող ողբերգական իրավիճակին:
«Այն, ինչ տեղի է ունենում Գազայում եւ Միջին Արեւելքում Ցեղասպանութիւն է, որն ամբողջովին տեղաւորւում է ՄԱԿ-ի Ցեղասպանութեան մասին կոնւենցիայի յօդւածներով նախատեսւած բովանդակութեան մէջ։
Միջազգային մի շարք հարթակներում, այդ թւում մի շարք պետութիւնների առաջին դէմքերի մակարդակով այս առթիւ Ցեղասպանութիւն գնահատականն է տրւել։ Միջազգային դատարանում նաեւ հայց է ներկայացւած Նեթանիահուի եւ Իսրայէլի դէմ այդ յօդւածի յատկանիշներով։ Եթէ անգամ դատարանի վճիռ լինի, դժւար է մեծ ակնկալիքներ ունենալը։
Աշխարհի ճարտարապետութիւնը խաթարւած է, միջազգային հարթակները դարձել են զուտ խօսելու ամբիոններ, ու տպաւորութիւն է, թէ որոշումներն այլ, ոչ բացայայտօրէն տեսանելի կօօրդինատներում են ընդունւում։
Յայտնի են նաեւ այն երկրները, ովքեր այս պատերազմի՝ մարդկութեան դէմ ակնյայտ այս յանցագործութեան, շահառուներն են եւ խթանիչները։
Մինչ աշխարհը յապաղում է սանկցիաներ կիրառել, կասեցնել հարիւր հազարաւոր մարդկանց ողբերգութիւնն ու սպանդը, պատերազմը նոր սահմաններ է նւաճում՝ մեծացնելով փախստականների ու զոհերի թիւը։
Հերթական թիրախում Լիբանանի խաղաղ բնակչութիւնն է, որը բառիս բուն իմաստով յայտնւել է ուրիշի պատերազմի մսաղացում։
Եթէ միջազգային հանրութիւնը բռնած լինէր ցեղասպան Ալիեւի ձեռքը, թերեւս այս պատերազմը կամ հակամարտութիւնն այսպիսի ընթացք չունենար։ Միջազգային դատարանի որոշումները մնացին անկատար, էներգետիկ շահերով առաջնորդւող Եւրոպան մի քանի յայտարարութեամբ բաւարարւեց ու լռեց։
Աշխարհաքաղաքական երկու բեւեռների շահառու Ալիեւն օգտագործեց հնարաւորութիւնն ու ցեղասպանութեամբ «վերականգնեց» իր տարածքային ամբողջականութիւնը։
Եւ, այնուամենայիւ, այս հարցում նրա հիմնական դաշնակիցն ու ոգեշնչողը Նիկոլ Փաշինեանն է, որը ոչ միայն լեգիտիմացրեց ցեղասպանին, այլեւ շարունակում է նրա կամակատարը լինել, անգամ նրա հրահանգով սահմանադրութիւն է փոխում…
Իսկ անպատժելիութիւնը նոր յանցագործութիւնների եւ քաղաքակրթական ու պարզապէս մարդկային նոր, անդառնալի ողբերգութիւնների դուռ է բացում։
Եթէ Ալիեւ-Ադրբեջանը պատժւէր, գուցէեւ Գազայի դէպքերն այլ ընթացք ունենային։
Հայաստան-Արցախում կատարւածի եւ Գազայի դէպքերի մէջ շատ են ընդհանրութիւնները։
Արաբական աշխարհի ցաքուցրիւ ձայները երբեք միասնական ընդվզումի բռունցք ու ուժ չեն դառնում։ Յորդանանի թագաւոր Աբդուլլահ 2-ի ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովի ընտիր խօսքն ու վրդովմունքը Գազայի ցեղասպանութեան կապակցութեամբ ողջունւեց, բայց չկիսւեց ու չլրացւեց արաբական աշխարհի առաջին դէմքերի կողմից։
Ու հիմա Միջին Արեւելքի ոչնչացումն ու էթնիկ զտումը նոր դրսեւորումներ է ստանում։ Անմիաբան արաբական աշխարհը ջլատւում է ու առանձին-առանձին պարտւում։
Հայաստանում մեծամասնութիւնը հասկանում է մեր ողբերգութեան պատճառը, գիտէ, թէ ով է հիմնական մեղաւորը, ամէն օր բախւում վերջինիս տկարամտութեան եւ տեսնում սեփական աթոռը պահելու գնով երկիրը աճուրդի հանելու պատրաստակամութիւնը։ Տեսնում է եւ շարունակում անտարբեր մնալ։
Տեսնում է ու լռում, տեսնում է ու հաշտւում, տեսնում է ու սպասում, թէ երբ է օղակը սեփական պարանոցին սեղմւելու։
Նորմալ երկիր լինելու պարագայում Հայաստանի պաշտօնական խօսոյթը միջազգային տարբեր հարթակներում այլ պիտի լինէր։ Ցեղասպանութիւն կրած ժողովրդի ղեկավարութիւնն առաջինը պիտի դատապարտէր, թէ Արցախի էթնիկ զտումը, թէ Գազայի ցեղասպանութիւնը։
Հայաստանի «առաջնորդի» օրակարգում հեծանւաքշութիւնն է առաջնահերթութիւնը՝ լինի Լոնդոն, Նիւ Եօրք, թէ՝ Փարիզ։
Սա ողբերգութիւն է, ոչ մի տեղ չգնալու, սեփական ուղենիշները կորցրած, անղեկ հաւաքականութեան ողբերգութիւն։
Իսկ հայկական աշխարհը շարունակում բեկորւած ու անմիաբան մաշւել սեփական Հայրենիքում, Մերձաւոր Արեւելքում, թէ այլուր․․․»,- գրել է նա: