ՄիջազգայինՔաղաքական

Ստոլտենբերգ. «Ոչ ոք չի ասել՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կը դառնայ հէնց 10 տարուց»

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յայտարարել է, որ ոչ ոք չի խոստացել՝ առաջիկայ 10 տարւայ ընթացքում Ուկրաինան կը դառնայ Հիւսիսատլանտեան դաշինքի անդամ։ Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով, այս մասին նա յայտարարել է CBS-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թէ ինչու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կը դառնայ 10, այլ ոչ թէ 2 կամ 3 տարուց։

«Ոչ ոք չի ասել՝ հէնց 10 տարուց, բայց ակնյայտ է, որ Ուկրաինային (ՆԱՏՕ-ԽՄԲ.) ընդունելու հարցը շատ լուրջ է»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը։

Ստոլտենբերգի խօսքով՝ ամենակարևոր բանը, որ հարկաւոր է անել, Ուկրաինային տրամադրւող աջակցութեան ակտիւացումն է, որպէսզի Կիեւը «կարողանայ յաղթել»։

«Սա նախապայման է Ուկրաինայի՝ ապագայ ցանկացած անդամակցութեան համար»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ իրենց «անհրաժեշտ է երկարաժամկէտ եւ արդար խաղաղութիւն», իսկ «դրան հասնելու միակ ճանապարհը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզելն է, որ ինքը մարտի դաշտում չի յաղթելու»։

Ինչպէս ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը, ՌԴ առաջնորդը «պէտք է համաձայնի այնպիսի լուծման, որի դէպքում Ուկրաինան կը յաղթի որպէս ինքնիշխան, անկախ եւրոպական երկիր»։

Յիշեցնենք, որ օրերս Ստոլտենբերգը յոյս էր յայտնել, որ Ուկրաինան մինչեւ 2034 թւականը ՆԱՏՕ-ի անդամ կը դառնայ։

Related Articles

Back to top button