ՄիջազգայինՔաղաքական

Սուրէն Սարգսեան. «Վստահ եմ՝ Թրամփը կը համաձայնի, որ Հարաւային Կովկասը լինի ռուսական ազդեցութեան գօտի»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականութեան հարցերով փորձագէտ Սուրէն Սարգսեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– ՀՀ իշխանութիւնները Նիկոլ Փաշինեանի՝ ԱՄՆ այցից առաջ տարբեր պաշտօնեաների էլ էին դիմել հանդիպման խնդրանքով, բայց միայն ԱՄՆ փոխնախագահ Ջէյմզ Դէյւիդ Վենսն էր արձագանգել։ Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, թերեւս, տեւել է 5-6 րոպէ։ Ո՛չ Վենսի, ո՛չ Փաշինեանի արարողակարգերից մարդ չի եղել հանդիպմանը, դրա համար էլ հեռախօսով են լուսանկարել։ Վենսը շատ ակտիւ է սոցհարթակներում, սակայն Փաշինեանի հետ հանդիպման մասին նոյնիսկ նրա սոցցանցային էջերով ոչ մի տեղեկատւութիւն չկայ։ Վստահ եմ՝ ՀՀ իշխանութիւնները հանդիպման նպատակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Ռուբիոյին, մերժում են ստացել, ասել են՝ ժամանակ չունեն, եւ միայն փոխնախագահ Վենսն է համաձայնել ոտքի վրայ հանդիպել։

– Փաշինեանի ԱՄՆ այցի նպատակն էր՝ շատ շտապ հասկանալ՝ արդեօ՞ք Վաշինգտոնը պատրաստ է իրեն քաղաքական աջակցութիւն ապահովել այնպէս, ինչպէս Բայդէնն ու նրա թիմն էին աջակցում։ Առիթը շտապ ԱՄՆ մեկնելու Միջազգային կրօնական ազատութեան գագաթնաժողովն էր, չնայած այն բանին, որ Փաշինեանը կրօնական մարդ էլ չէ։ Կրօնական մարդ չէ նաեւ Արսէն Թորոսեանը, որը Փաշինեանի հետ մասնակցում էր այդ միջոցառմանը, այն դէպքում, երբ ինքն է մինչ այդ յայտարարել, որ աթեիստ է: Ի դէպ, Միջազգային կրօնական ազատութեան այդ գագաթնաժողովին այլ պետութիւնների ղեկավարներ չեն մասնակցել։ Այնպէս որ, այդ միջոցառումը Փաշինեանի համար պարզապէս պատրւակ էր՝ շտապ ԱՄՆ մեկնելու համար։

– Կարծում եմ՝ Փաշինեանն իր հարցերի պատասխանները չստացաւ, քանի որ ԱՄՆ էր մեկնել հարցերի փաթեթով՝ քաղաքական աջակցութիւն, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգաւորումներ։ Բացի դրանից, մեկնելուց առաջ Փաշինեանը պէտք է հասկանար՝ արդեօ՞ք Վաշինգտոնում որեւէ մէկի հետաքրքիր է իր «Խաղաղութեան խաչմերուկը»։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ում ինքը հանդիպել է քաղաքական որոշումներ կայացնող մարդու հետ, ով կարող էր այդ հարցերի պատասխանները տալ։ Նաեւ նրա ԱՄՆ այցի ժամանակն էր սխալ ընտրւած։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ Փաշինեանի դեսպան Մակունցը խորհուրդ չէր տւել չշտապել ԱՄՆ մեկնել։ Փաշինեանին հետաքրքրող հարցերն ԱՄՆ նոր վարչակազմի հետաքրքրութիւնների սանդղակի 30-եակում չկան անգամ։

– Յատկանշական է, որ Փաշինեանը շտապեց ԱՄՆ՝ այն դէպքում, երբ Թրամփը դեռ Պուտինի հետ չի հանդիպել։ Պարզ է, որ գերտէրութիւնները պէտք է կիսեն ազդեցութեան ոլորտներ։ Հետեւաբար՝ ի՞նչ իմաստ ունէր շտապել ԱՄՆ ու չստանալ ոչ մի հարցի պատասխան ու չունենալ ոչ մի նշանակալից հանդիպում։

– Իրանի հարցն ամենաբարդն է Թրամփի համար, որովհետեւ ինքն իրեն դիրքաւորել է՝ որպէս խաղաղասէր նախագահ, բայց միւս կողմից ասում է՝ ամբողջութեամբ աջակցում եմ Իսրայէլին։ Ուշագրաւ է, որ Նեթանիահուի՝ Վաշինգտոն այցից յետոյ Թրամփը ռազմատենչ յայտարարութիւններ չարեց Իրանի առնչութեամբ։ Չափազանց բարդ է կանխատեսել՝ ո՞ր ուղղութեամբ նոր նախագահի վարչակազմը կը շարժւի Իրանի հետ յարաբերութիւններում։

– ԱՄՆ-ի համար հիմա, կարծում եմ, որ առաջնահերթութիւնը Չինաստանի դէմն առնելն է, ու դրա համար նաեւ պէտք է յարաբերութիւնները կարգաւորել Իրանի հետ։ ԱՄՆ-ում հասկանում են, որ Չինաստանն արագ տեմպերով առաջ է գնում, ու մի քանի տարի յետոյ աշխարհի թիւ 1 տնտեսութիւնն է ունենալու։ Հետեւաբար՝ Չինաստանի խնդիրն ԱՄՆ-ի համար աւելի հրատապ է լուծել, քան Ռուսաստանի եւ Իրանի խնդիրը։

– USAID-ից ամենամեծ օգնութիւն ստացող պետութիւնն Ուկրաինան է, որը ստացել է 36 միլիարդ դոլարի օգնութիւն։ Պատկերացրէք, թէ բացի ռազմական օգնութիւնից, ինչ կարգի ֆինանսական օգնութիւն է ստացել այդ երկիրը։

– Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան… այս 4 պետութիւններն առնւազն պէտք է շահագրգռւած լինեն, որ «Խաղաղութեան խաչմերուկը» բացւի, բայց ես չեմ տեսնում, որ նման ցանկութիւն կայ։ Պէտք է հաշւի առնել նաեւ Ռուսաստանի շահերը։ Ու չմոռանանք, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ որպէս ցամաքային սահման՝ դիտարկում է Հայաստանը։

– Վստահ եմ՝ Թրամփը կը համաձայնի, որ Հարաւային Կովկասը լինի ռուսական ազդեցութեան գօտի։ Այս պայմանաւորւածութիւնները պէտք է ձեռք բերւեն Ռուսաստանի եւ Ամերիկայի միջեւ։ Հէնց դրանից է կախւած «Զանգեզուրի միջանցք»-ի ճակատագիրը։

– Թուրքիան թէպէտ պրոբլեմատիկ, բայց ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է ու ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում շահերն առաջ մղողը։ Մեծ Բրիտանիայի համար եւս Թուրքիան կարեւոր է, սակայն, իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի ազդեցութիւնը Թուրքիայի վրայ շատ աւելի մեծ է։

– Թրամփի գերնպատակն այն է, որ նա աւելի շատ չվճարի այլ երկրների անվտանգութեան համար, քայլ միւս երկրները։

– Լատւիայի, Լիտւայի եւ Էստոնիայի սուվերեն որոշումն է էներգակիրներ ձեռք բերել շատ աւելի թանկ գներով, բայց կախւածութիւն չունենալ ռուսական էներգակիրներից։ Եւ սա այն դէպքում, երբ եւրոպական բազմաթիւ երկրներ շատ լաւ գիտեն, որ ադրբեջանական կամ այլ փաթեթաւորմամբ ռուսական գազ են գնում աւելի թանկ գներով:

– Թրամփը շատ լուրջ գործիքակազմ ունի Ռուսաստան-Ուկրաինա բանակցութիւններում թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Ուկրաինայի դէմ։ Ուկրաինայի դէպքում դա ռազմական օգնութիւնն է, Ռուսաստանի պարագայում՝ սանկցիաները։ Հետեւաբար՝ խօսելու ու պայմանաւորւելու բան կայ։ Ռուսաստանն էլ, Ուկրաինան էլ բազմիցս յայտարարել են, որ պատրաստ են բանակցութիւնների։ Չեմ բացառում՝ շուտով բանագնացները նաեւ Ռուսաստան եւ Ուկրաինա կը մեկնեն՝ հասկանալու համար՝ որ կէտից սկսել բանակցութիւնները։

– Արեւմտեան սանկցիաները դիւերսիֆիկացրեցին Ռուսաստանի տնտեսութիւնը։ Ներքին ռեսուրսները սկսեցին օգտագործւել, բայց միւս կողմից Բայդէնի վարչակազմը նպաստեց նրան, որ Ռուսաստանն ամերիկեան բացը լրացնի Չինաստանի միջոցով, ու այդ երկու երկրներն աւելի ուժեղանան։

– Թրամփը պնդում է, որ USAID-ի միջոցները նաեւ իր դէմ են օգտագործւել՝ իրեն սեւացնելու, իր դէմ արշաւ իրականացնելու համար։ Բացի դրանից, նա մտածում է՝ եթէ ես երկրի ներսում ունեմ խնդիրներ, ինչո՞ւ պիտի միջոցներ ծախսեմ այլ երկրներում ծրագրեր իրականացնելու համար։ Որոշ ծրագրեր, իհարկէ, կը վերականգնւեն, բայց դրանք կը լինեն Պետդեպի վերահսկողութեան ներքոյ:

– «Ազատութիւն» ռադիոկայանը ֆինանսաւորւում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Հետեւաբար՝ այն փակելու համար օրէնսդրական փոփոխութիւններ պէտք է արւեն, բայց քանի որ Իլոն Մասկի յայտարարութիւնը շատ կոշտ էր, առաջիկայ օրերին մենք այդ հարցերի պատասխանները կստանանք։

– Թրամփի գալով փոխւել է նաեւ սոցիալական ցանցերի աշխատանքի՝ ֆէյսբուքի, եւ այլն, տրամաբանութիւնը, եւ Ցուկերբերգը նաեւ յայտարարեց, որ այլ կերպ են աշխատելու։ Բոլորը, այդ թւում՝ խոշոր բիզնեսը, ընդունել են խաղի կանոնները։

– Նախկին նախագահների՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի այցերը Վաշինգտոն էապէս տարբերւել են Փաշինեանի այցից։ Լուրջ այցեր էին, որոնք լաւագոյնս լուսաբանւում էին հէնց ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ: Չմոռանանք, որ Փաշինեանը ՀՀ ղեկավարների մէջ միակն է, որ իր ղեկավարման օրօք աշխատելով ԱՄՆ 3 վարչակազմերի օրօք՝ որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահներից որեւէ մէկի հետ։

– Վաշինգտոնի այցը ֆիասկօ էր, որքան էլ Փաշինեանն ու նրա թիմն այլ բան քարոզեն։

– Մեծ հաշւով մենք ոչինչ չունենք տալու ԱՄՆ-ին, որով կը հետաքրքրենք այդ գերտէրութեանը՝ ո՛չ մարդկային ռեսուրս, ո՛չ օգտակար հանածոներ… Մենք պէտք է հաւասարակշռւած արտաքին քաղաքականութիւն վարէինք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, ոչ թէ մտնէինք այդ գերտէրութիւնների հակասութիւնների մէջ։

– Ընտրութիւնների ժամանակ «ճօճւող» նահանգներում էր որոշւելու ԱՄՆ նոր նախագահի ճակատագիրը։ Թրամփի աշխատակազմը շատ ճիշտ աշխատեց։ Այդ նահանգներում բնակւում են հայեր, եւ Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգն այդ առումով որոշիչ էր։ Ինչո՞ւ Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թէ Փաշինեանին։ Եթէ զանգէր Փաշինեանին, Արցախ ու էթնիկ զտում բառերը չէր կարողանալու ասել, որովհետեւ այստեղից կը հակադարձէին՝ նման տեղանուն չկայ, ու մեսիջը չէր հասնի ամերիկացի հայ ընտրողներին։ Դրա համար շատ հաշւարկւած զանգ էր Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգը։ Գոնէ մօտաւորապէս պատկերացնում եմ՝ Թրամփի թիմից ովքեր են ուղիղ կապի մէջ Արամ կաթողիկոսի հետ։ Կայ մարդ, ով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի զանգը կարող է փոխանցել Թրամփին։ Դժւարանում եմ ասել՝ փոխհամաձայնեցւա՞ծ էր արդեօք Արամ Ա կաթողիկոսի այս օրերին արւած կոչը Թրամփին՝ Բաքւից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում աջակցութիւն ցուցաբերելու հարցում, բայց այդ կոչը կարող է ընկալելի լինել Թրամփի համար։

– Ինչո՞ւ պէտք է ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կարգավիճակ տան Հայաստանին, եթէ կարգավիճակ չեն տւել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու Թուրքիային։ Տասնամեակներով շատ երկրներ գնում են դէպի Եւրոպա, սակայն նրանց մօտ ոչինչ չի ստացւում։ Ինչո՞ւ պիտի ստացւի Հայաստանի մօտ։

– Դժւար է հիմա ասել՝ Ադրբեջան-Ռուսաստան հակասութիւնն ինչի՞ շուրջ է պտտւում։ Դա միայն Ղարաբաղի, Միջանցքի խնդիրը չէ։ Ինքնաթիռի վթարը միայն պատրւակ էր, որ պայթեր լարւածութիւնն այդ երկրների միջեւ։ Պատմութեան մէջ ես չեմ յիշում, որ ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների մէջ նման լարւածութիւն եղած լինէր։

Related Articles

Back to top button