Վարդան Յակոբեան. «Իր էութեամբ հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը կարող է մեզ օգնել. դա ռուս-թուրքական սահման է»
«ԱԼԻՔ» – «Միջազգային օրէնքի տեսանկիւնից Հայաստանը մտնում է սարսափելի հակասութեան մէջ: Մի կողմից նա հակասութեան մէջ է մտնում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հետ, միւս կողմից՝ ռուս-թուրքական, աւելի ճիշտ՝ 1921 թ. թուրք-բոլշեւիկեան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թէ, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահւում է 1921 թ. պայմանագրով»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Սաթիկ Սէյրանեանի հիւրը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Յակոբեանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններից հանելու հնարաւորութեանը:
Վերջինս նշել է՝ դա միջազգային պայմանագիր է, եւ ինքնուրոյն ու միայն նրա ճակատագիրը որոշել ոչ ոք չի կարող:
«Ո՞վ է քեզ թոյլ տալիս ռուսներին հանես ռուս-թուրքական, ռուս-իրանական սահմանից։ Մէկը գերտէրութիւն է, միւսը՝ տարածաշրջանի հզօր խաղացող: Պայմանագրեր կան, դու չես կարող միջազգային պայմանագրերի հետ հակասութիւնների մէջ մտնես։ Ալիեւն ու Փաշինեանը որ սահմանապահներ են հանում սահմանից, դա բաժակի միջի փոթորիկն է, բայց կայ իրական փոթորիկ՝ միջպետական յարաբերութիւններ։ Ժամանակին կնքւած հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը հիմա ստեղծւած իրավիճակում կարող է մեզ օգնել։ Այսինքն՝ սա ռուս-թուրքական սահման է, և ոչ՝ հայ-թուրքական: Այսինքն՝ այդ պայմանագրով՝ Ռուսաստանը տէր է այդ տարածքին. ոչ թէ Ալիեւն ու Փաշինեանն են տէր, այլ Ռուսաստանը»,- ասել է Վարդան Յակոբեանը։