Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի լինելութեան հարցը համահայկական օրակարգի հարց է

«ԱԼԻՔ» – Արցախի Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի Ազատութեանը տւած պատասխանը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնից հրաժարւելու մասին։

«Արցախի Հանրապետութեան եւ ընդհանրապէս Արցախի լինելութեան հարցը՝ ժողովրդի իրաւասութեան տիրոյթում է, ժողովուրդ ասելով միայն նկատի չունեմ արցախահայութեանը, խօսքը վերաբերում է հայ ժողովրդին, որովհետեւ Արցախը միայն արցախահայութեանը չէ՝ Արցախը համայն հայութեան հայրենիքի մի հատւածն է, հետեւաբար, Արցախի ճակատագիրը չի կարող ժողովրդի մէկ հատւած որոշի կամ այս կամ այն պաշտօնեան ու գործիչը։

Պէտք է նկատենք, որ, ճիշտ է, այս թէզը բաւական երկար ժամանակ շրջանառութեան մէջ է դրւած, որ Արցախի նախագահի ստորագրութեամբ Արցախ պետութեան էջը փակւել է, նախ նշեմ, որ ԱՀ Սահմանադրութեամբ նախագահին նման իրաւաութիւններ տրւած չէ, մանաւանդ, որ նախագահը բացատրել է իր այդ քայլը եւ այդ որոշումը բեկանւել է, երբ Արցախի ժողովրդին վտանգ չէր սպառնում։

Հետեւաբար, այն իրաւական որեւէ հիմք չունի եւ ՀՀ ԱԳՆ-ի՝ ԱՀ Նախագահի հրամանագրին շեշտադրում անելն անընդունելի է, դա թերեւս պատասխանատւութիւնից հրաժարւելու մի ձեւ է։ Ըստ էութեան, Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի անվտանգութեան երաշխաւորն է եղել եւ սա նշանակում է քո ունեցած պատասխանատւութեան չափաբաժնից հրաժարւում ես։

Ինչ վերաբերւում է Արցախի իշխանութիւնների Ադրբեջանի իշխանութիւնների հետ բանակցելու հարցերին, ապա պէտք է նշեմ, որ 2020 թւականից յետոյ՝ ԱՀ իշխանութիւնները այսպէս ասած բանակցում էին Ադրբեջանի իշխանութիւնների հետ։ Նախագահ Արայիկ Յարութիւնեանն էլ դա չհերքեց, սակայն հարցը դրանում չէ, հարցը նրանում է, թէ ինչ էր պահանջում Ադրբեջանը։

Ադրբեջանը երեք հիմնական պահանջ ունէր՝ կազմալուծել Արցախի Պաշտպանութեան բանակը, Արցախի իշխանութեան մարմինները եւ երրորդը՝ այդ տխրահռչակ ինտեգրումը Ադրբեջանին, այսինքն՝ կանաչ անձնագրերի տրամադրումը, որը նշանակում է ընդունել Ադրբեջանի հպատակութիւնը։

Ադրբեջանը բազմիցս է շեշտել, որ Ղարաբաղի հայերը ընտրութեան մեծ հնարաւորութիւն չունեն, նրանք պէտք է ընդունէին Ադրբեջանի կազմում մնալը։ ՀՀ իշխանութիւնների այն պնդումը, որ եթէ Արցախը բանակցէր Ադրբեջանի հետ ու ինչ-որ հարց կը լուծւէր, ապա դա այդպէս չէ, որովհետեւ քննարկումները եղել են, դրանք եղել են թէ՛ Իւանյանում (Խոջալու), թէ՛ Եւլախում ունեցած վերջին հանդիպումներին, սակայն Ադրբեջանը մշտապէս այդ երեք պահանջն էր դնում»,- նշել է նա։

Վահրամ Բալայեանի գնահատմամբ Արցախի իշանութիւնները երբեք չեն խուսափել Ադրբեջանի հետ բանակցելուց, սակայն Ադրբեջանը հրաժարւում էր եւ իր պահանջներն առաջ տանում։

Related Articles

Back to top button