
«ԱԼԻՔ»- Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանայ ԻԻՀ ԶՈՒ կոշտ պատասխանին, ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Այս մասին է տեղեկացրել ԱԳՆ մամլոյ ծառայութիւնը:
ԱԳ բարձրաստիճան դիւանագէտի այս յայտարարութիւնը հրապարակւել է այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի միջուկային կենտրոններին հարւած հասցնելու սպառնացող յայտարարութիւնները տարածւեցին:
«Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերը շարունակում են կատարելագործել կարողութիւնները ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար։ Մենք ողջ ուժով կը պատասխանենք մեր երկրի դէմ ցանկացած յարձակմանն ու ոտնձգութեանը: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պէտք է հասկանան, որ եթէ այդ սպառնալիքները կեանքի կոչւեն, անմիջապէս կը ստանան համարժէք կոշտ պատասխան»,- յայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Բաղային զգուշացում է արել նաեւ հարեւան երկրներին։
«Մենք մեր հարեւանների ուշադրութեանն ենք յանձնում, որ երրորդ ուժերի կողմից սեփական տարածքից սադրանք իրականացւելու ցանկացած փորձ կունենայ անվերադարձ հետեւանքներ։ Կրակի բնոյթն է այդպիսին, այն արագօրէն տարածւում է»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
«Իրանը երբեք, եւ ոչ մի դէպքում չի գնայ միջուկային զէնք ստեղծելու ճանապարհով: Սա մեր ռազմավարութեան անբաժանելի մասն է, որը հիմնւած է գերագոյն առաջնորդի ֆեթւայի վրայ: Կարծում եմ, որ այս հարցում չկայ եւ չի կարող լինել որեւէ կասկած»,- ասել է դիւանագէտը շաբաթական ճեպազրոյցում: