Արցախի թեման փակելու՝ օրւայ իշխանութեան գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել արդէն ՀՀ համար
Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը

«ԱԼԻՔ» – ՀՀ իշխանութիւնները եւ, մասնաւորապէս, Արտաքին գործերի նախարարութիւնը հերթական անգամ ի ցոյց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ իրենց տոտալ ձախողումները եւ յանցաւոր անգործութիւնը բարդել ուրիշների վրայ:
Ապրիլի 5-ին լրատւամիջոցներից մէկին տրւած ԱԳՆ մեկնաբանութիւնը փորձում է տպաւորութիւն ստեղծել, որ ՀՀ իշխանութիւններն, իբրեւ թէ, առաւելագոյն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանութեան համար՝ ընդհուպ 2024 թ. յունւար ամիսը, բայց այդ «առաքելութեանը» խանգարել են Արցախի իշխանութիւններն՝ իրենց մերժողական պահւածքով եւ սեփական նախաձեռնութեամբ Արցախի Հանրապետութիւնը լուծարելով:
Փաստերի նենգափոխման գործելաոճը նորութիւն չէ այս իշխանութիւնների համար: Միանգամայն ակնյայտ է, որ արցախեան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ եւ առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022 թ. հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան անվերապահ ճանաչումն էր՝ ներառեալ Արցախը:
Հիմա արդէն կարելի է վստահաբար արձանագրել, թէ ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի յայտարարութիւնը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» եւ ինչ աղէտալի հետեւանքներ այն ունեցաւ Արցախի ժողովրդի համար:
Ինչ վերաբերւում է երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հաւաստի տեղեկութիւններով այդ հանդիպման չեղարկումը պայմանաւորւած է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշտ կը լինի, որ վերջապէս խօսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթէ խօսում ենք փաստերով, ապա առնւազն զարմանք է յարուցում, թէ ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսւած մէկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարւել: Ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ինքնահեռացումը նշւած բանակցային գործընթացից եւ միջազգային իրաւունքի ոտնահարմամբ շրջափակման մէջ գտնւող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքեան պարարտ հող ստեղծեց Բաքւի առաւելապաշտական եւ վերջնագրային դիրքորոշման համար:
Տարակուսանք է առաջացնում նաեւ իբրեւ թէ Արցախի Հանրապետութեան լուծարման մասին հրամանագրի մէջբերումը, որի մասին պարբերաբար յիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակւել, հետեւաբար իրաւական ուժ չի ստացել, եւ այն չէր կարող օրինական համարւել նախ՝ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան իրաւակարգաւորումների տեսանկիւնից եւ ապա՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրւած լինելով:
Վերջապէս, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողութիւններ՝ շրջափակման եւ էթնիկ զտման միջոցով, ինչն արձանագրւել է միջազգային կառոյցների ու մի շարք պետութիւնների, այդ թւում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը, որը վերջին տասնամեակների ընթացքում ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման ուղղութեամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտօրէն յայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ադրբեջանին խուսափել պատասխանատւութիւնից եւ, փաստօրէն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագայ պայքարը արդարութեան վերականգման համար:
Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի եւ կեղծիքի վրայ հիմնւած մանիպուլիացիոն յայտարարութիւնները, որոնք համահունչ են Բաքւի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների դէմ մոգոնւող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապէս փակելու Հայաստանի օրւայ իշխանութիւնների ապազգային եւ հիմնազուրկ գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել արդէն իսկ Հայաստանի Հանրապետութեան համար:
Դիւանագէտների համահայկական խորհուրդ