«ԱԼԻՔ» – Թեհրանը դէմ է Անկարայի եւ Բաքւի «Արևմտեան Ադրբեջան» կոչւող նախագծին։ Այս մասին թելեգրամեան իր ալիքում գրել է միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեանը:
«Իրանի արտգործնախարար Ալի Բաղերի Քանին յայտարարել է. «Թեհրանը դէմ է ցանկացած նախագծի եւ նախաձեռնութեան, որը կը փոխի տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ տարածաշրջանի սահմանները»:
Նախկինում Իրանը աւանդաբար յայտարարում էր, որ տարածաշրջանում սահմանների փոփոխութիւնն անընդունելի է։
Այս համատեքստում խօսքը գնում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որը Թուրքիան ցանկանում է ձեռք բերել աւելի քան մէկ դար։ Այս օրակարգն այսօր առաջ է տանում Բաքուն՝ Անկարայի աջակցութեամբ։
Սակայն աշխարհագրութեան փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին յայտարարութիւնն այլ ենթատեքստ ունի։ Խօսքը նոր նախագծի մասին է, որը կոչւում է «Արեւմտեան Ադրբեջան»։
Վերջերս «Արեւմտեան Ադրբեջանի» կեղծ համայնքը յայտարարեց «Արեւմտեան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի» շրջանակներում մարդկանց ցուցակների ստեղծման մասին, ովքեր ծրագրում են բնակեցնել Հայաստանի ժամանակակից տարածքը։ Այդ իսկ պատճառով Թեհրանից յայտարարութիւն արւեց տարածաշրջանում ժողովրդագրութեան փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին։
Ի դէպ, յատկանշական է, որ այս յայտարարութիւնն արւել է CNN Türk-ին տւած հարցազրոյցի ժամանակ։ Թիրախային լսարանը բաւականին ճշգրիտ է ընտրւած»,-գրել է նա։