Թրամփը՝ Իրանի հետ իր բանակցութիւնների նպատակների մասին. «Միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Իրանի հետ գործարքի քննարկման իր նպատակը երկրի «միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժումն» է։
Ընդորում, նա յայտարարել է, որ պատրաստ է լսել այն փաստարկները, որոնք կողմ են Իրանին թոյլ տալ զարգացնել քաղաքացիական միջուկային էներգետիկա՝ միաժամանակ դադարեցնելով միջուկային զէնքի ստեղծման ծրագիրը։
«Կարծում եմ՝ պատրաստ կը լինէի լսել դա, հասկանո՞ւմ էք,- ասել է Թրամփը։- Դա կոչւում է «Քաղաքացիական էներգետիկա»։ Բայց, գիտէք, քաղաքացիական էներգետիկան յաճախ յանգեցնում է ռազմական պատերազմների։ Եւ մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զէնք ունենան։ Սա շատ պարզ գործարք է»։
Յիշեցենք, որ 2017 թւականին Թրամփը հրաժարւել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Իրանի հետ կնքւած միջուկային համաձայնագրից, սակայն այժմ նա փորձում է պայմանաւորւել նոր համաձայնագրի շուրջ։
Իրանը եւ ԱՄՆ-ն արդէն անցկացրել են բանակցութիւնների երեք փուլ՝ այս ջանքերի շրջանակներում։