ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ի՞նչ էին անելու, եթէ սա էլ չլինէր

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են՝ ինչպէս անվտանգային, այնպէս էլ տնտեսական առումով։ Բայց վերջին տարիներին այնպէս են արել, որ Իրանի հետ ո՛չ անվտանգային, ո՛չ էլ տնտեսական առումով բացարձակ տեղաշարժ չկայ։

Մինչդեռ՝ ժամանակին հայ-իրանական բազմաթիւ, յատկապէս՝  տնտեսական ծրագրեր կային։ Գուցէ դանդաղ, գուցէ ընդհատումներով ու զգուշաւորութեամբ, այնուհանդերձ դրանք աստիճանաբար առաջ էին գնում։

Վերջին տարիներին ոչ միայն համատեղ որեւէ նոր ծրագիր չի նախանշւել, այլեւ եղածներն են մոռացութեան մատնել։

Նիկոլ Փաշինեանը, միւս պաշտօնեաները պարբերաբար հանդիպում, յայտարարութիւններ են անում հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման, ընդլայնման վերաբերեալ, սակայն փաստացի ամէն ինչ ձեւական բնոյթ է կրում։

Անվտանգայինը դեռ մի կողմ, առաջընթաց չկայ նաեւ տնտեսական յարաբերութիւններում։

Առեւտուրն էլ է նւազել։

Նւազել է՝ ինչպէս արտահանումը, այնպէս էլ՝ ներմուծումը։ Ներմուծումն այս տարւայ առաջին կէսին կրճատւել է 7 տոկոսով։ Արտահանումը, չնայած առանց այդ էլ մեծ չէ, էլի է կրճատւել։ Վեց ամսում ընդամէնը 53 մլն. դրամի արտահանում է իրականացւել իրանական շուկայ։ Այն էլ յայտնի է, թէ հիմնականում ինչն է եղել՝ գազի հետ փոխանակւող էլեկտրաէներգիան։

Եթէ նախկիններից եկած այս մի ծրագիրն էլ չլինէր, հայկական ապրանքների արտահանման ծաւալն Իրան մի քանի միլիոն դոլարից չէր անցնի։

Վերջին տարիներին անընդհատ խօսում են Իրանի հետ տնտեսական յարաբերութիւններն ընդլայնելու մասին, բայց վեց տարում արտահանումն իրանական շուկան աւելացել է ընդամէնը 5 մլն. դոլարով՝ 2018 թ. առաջին կէսին կազմել էր 48 մլն. դոլար, այս տարի դարձել է 53 միլիոն։

Այսպիսի տեմպերով են զարգացնում առեւտրային յարաբերութիւններն Իրանի հետ։

Հայկական ապրանքների համար իրանական շուկայում իրացման նոր հնարաւորութիւններ ստեղծելու փոխարէն՝ խթանել են իրանական ապրանքների ներմուծումը, որը մեր տնտեսութեանը շատ քիչ բան կարող է տալ։

Տնտեսութեան, արտահանման դիւերսիֆիկացիայից են խօսում, իսկ ամենամօտ ու բարեկամ երկրի հետ, որը կարող է լուրջ շուկայ լինել հայկական ապրանքների իրացման համար, արտահանումը վեց տարում կարողացել են աւելացնել ընդամէնը 5 մլն. դոլարով։

Իրանի կշիռը Հայաստանի արտահանման մէջ այս ընթացքում էապէս կրճատւել է. վեց տարի առաջ 4.1 տոկոս էր, այսօր դարձել է 0.7 տոկոս։

Վեց տարի է՝ խօսում են Հայաստան-Իրան երրորդ բարձրաւոլտ էլեկտրագծի կառուցման մասին։ Ամէն տարւայ սկզբին յայտարարում են, յոյս են յայտնում, որ տարեվերջին գիծը պատրաստ կը լինի։ Տարիներն անցնում են, իսկ գիծը չկայ։ Յայտնի չէ, այս տարի էլ կը լինի՞, թէ՞ էլի կը յետաձգւի։

2024 թւականն է մօտենում աւարտին, իսկ այս գիծը նախատեսւում էր կառուցել-աւարտել 2019 թ.։

Իշխանափոխութիւնից յետոյ, ինչպէս բազմաթիւ այլ ծրագրեր, այս մէկն էլ յայտնւեց իշխանութիւնների թիրախում։ Մի պահ նոյնիսկ դադարեցւեց։

Ընդհատումներով շարունակւում է մինչեւ հիմա։

Նախատեսւած ժամկէտից 5 տարի յետոյ էլ յայտնի չէ, թէ ի վերջոյ գիծը երբ պատրաստ կը լինի։ Մինչդեռ՝ այդ գծի նշանակութիւնը Հայաստանի համար կարեւոր է, յատկապէս՝ էներգետիկ անվտանգութեան առումով։

Ծրագրի շրջանակներում տարեկան 360 մլն. խորանարդ մետր գազ է մտնում Հայաստան։ Մի մասն էլեկտրաէներգիայի տեսքով վերադարձւում է, իսկ միւս, փոքր մասը՝ հայկական կողմի օգուտն է։ Որքան մեծ լինի գազի ներմուծումը, այնքան շատ գազ կը մնայ Հայաստանին։

Բայց դրա համար պէտք է, որպէսզի երրորդ էլեկտրագիծը կառուցւի ու շահագործւի։

Գծի անհրաժեշտութիւնը դրւած է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի հիմքում։ Իսկ այս ծրագիրը նախատեսւած է աւարտել առաջիկայ հինգ տարում։ Պայմանագրի ժամկէտը մինչեւ 2030 թ. է։

Ինչքան ուշանում է երրորդ էլեկտրագծի շահագործումը, այնքան ծրագրի նշանակութիւնն ու ակնկալւող արդիւնքները նւազում են։ Չնայած արդէն նւազել են՝ նոյնիսկ առանց էլեկտրագծի կառուցման ու շահագործման։

Այս իշխանութեան գլխաւոր «ձեռքբերումը» ծրագրի շրջանակներում այն է եղել, որ «յաջողացրել» են փոխել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման յարաբերակցութիւնը՝ ի վնաս Հայաստանի։ Փոփոխութիւնից յետոյ Հայաստանի համար ծրագրի արդիւնաւէտութիւնը նւազել է. աւելի քիչ գազ է մնում, քան նախկինում էր։

Դրանով հանդերձ, այս ծրագիրը դեռ կենսունակ է, ու սպասւում է, որ երրորդ էլեկտրահաղորդման գիծը կառուցելուց յետոյ հնարաւոր կը լինի կրկնապատկել գազի ներմուծումն ու էլեկտրաէներգիայի արտահանումը։

Բայց, ինչպէս տեսնում ենք, երրորդ էլեկտրագծի կառուցման աւարտն առայժմ չի երեւում, կոնկրետ ժամկէտներ այդպէս էլ չեն մատնանշւում։

«Մեզ յաջողւեց գրեթէ վերջնական փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կը յանձնւի առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում, եւ մենք կը կարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը»,- վերջերս յայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Թէ մի քանի ամիս ասւածը դեռ որքա՞ն կը տեւի, պարզ չէ։

Սա, թերեւս, նախկիններից եկած այն միակ համատեղ տնտեսական ծրագիրն է, որը գոնէ իրականացւում է Իրանի հետ։ Որեւէ այլ համատեղ ծրագիր այս պահին չկայ։ Վեց տարում ոչինչ չկարողացան անել նոր տնտեսական ծրագրերի ակնկալիքով՝ գոնէ հիմքեր ստեղծելու համար։ Այնինչ՝ ժամանակին երկուստեք բաւական ընդգրկուն հետաքրքրութիւններ կային։ Այդ թւում՝ իրանական գազը Հայաստանի տարածքով արտահանելու, նաեւ տարածաշրջանային էներգետիկ համագործակցութեան խորացման առումով։

Այնքան ապաշնորհ գտնւեցին, որ Հայաստանին ընդհանրապէս դուրս թողեցին տարածաշրջանային էներգետիկ համագործակցութիւնից։ Վաղուց արդէն այդ մասին խօսք էլ չկայ։

Բացի այն, որ չկարողացան ժամանակին հասնել Իրան-Հայաստան նոր էլեկտրագծի շահագործման, ձախողեցին նաեւ Հայաստանից Վրաստան գնացող գծի կառուցումը, որը մինչեւ հիմա չի էլ սկսւել։ Հարց է՝ ընդհանրապէս կը սկսւի՞, թէ՞ չէ։

Այն արդէն կորցրել է իր նշանակութիւնը։

Հայաստանը, իշխանութիւնների ապաշնորհութեան ու անհեռատես արտաքին քաղաքականութեան հետեւանքով, դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից՝ զիջելով երբեմնի ունեցած առաւելութիւնները։

168.am

Related Articles

Back to top button