Հայաստանի Ազգային Անվտանգութեան խորհրդի քարտուղար. «Հայաստանի եւ Իրանի սահմանը խաղաղութեան եւ բարեկամութեան սահման է, եւ ոչ մի ուժ չի կարող այն կտրել»
«ԱԼԻՔ» – Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին հանդիպել է ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին եւ քննարկել տարածաշրջանային խնդիրների շուրջ մի շարք հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել երէկ՝ սեպտեմբերի 8-ի վաղ առաւօտեան, որի ընթացքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիութեան եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեան դէմ հանդէս գալու մասին, յատկապէս, իր հարեւանների տարածքային ամբողջականութեանն աջակցելու վերաբերեալ:
Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու միջազգային սահմանների անփոփոխութեանն աջակցելու հարցում եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի սահմանը խաղաղութեան, բարեկամութեան ու բարեկեցութեան սահման է, եւ Հայաստանը առանձնայատուկ նշանակութիւն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւններին, եւ ոչ մի ուժ չի կարող խզել Իրանի եւ Հայաստանի միջեւ տարածքային կապը։
Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում հաղորդակցութեան ուղիների ցանկացած վերաբացում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների եւ նրա ազգային ու տարածքային ինքնիշխանութեան վերահսկողութեան ներքոյ, Արմէն Գրիգորեանը նշել է, որ Հայաստանը դէմ է միջանցքի տրամաբանութեամբ հաղորդակցական կապերի վերաբացմանը։
Հանդիպմանը քննարկւել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների խորացման եւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ խնդիրներ: