ՄիջազգայինՔաղաքական

Թուլսի Գաբարդը կոչ է արել պատասխանատւութեան ենթարկել Օբամային՝ «պետական դաւաճանութեան նպատակով դաւադրութեան» համար

«ԱԼԻՔ» – ԱՄՆ ազգային հետախուզութեան տնօրէն Թուլսի Գաբարդը կոչ է արել պատասխանատւութեան ենթարկել Բարաք Օբամային եւ ԱՄՆ ազգային անվտանգութեան նախկին բարձրաստիճան պաշտօնեաներին՝ մեղադրելով նրանց «պետական դաւաճանութեան նպատակով դաւադրութեան» մէջ, որի նպատակն էր ցոյց տալ, թէ 2016 թւականի նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակը ձեռք է բերւել Ռուսաստանի միջամտութեան շնորհիւ: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Նա ասել է, որ Օբաման եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաները Հիլարի Քլինթոնի նկատմամբ Թրամփի յաղթանակից յետոյ «հիմք են դրել բազմամեայ պետական յեղաշրջման համար»՝ «կեղծելով հետախուզական տւեալները», որպէսզի ենթադրւի, թէ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրութիւնների վրայ։

Գաբարդը պնդում է, որ դրա համար օգտագործւել է բրիտանական հետախուզութեան վերլուծաբան Քրիստոֆէր Ստիլի պատրաստած դոսիէն, որի անվստահելի լինելու մասին նրանք գիտէին։

Ընտրութիւններից յետոյ ստացւած հետախուզական գնահատականները հակասում էին մինչեւ ընտրութիւնները ստացւած եզրակացութիւններին, որոնք վկայում էին, որ Ռուսաստանը, հաւանաբար, չի փորձել միջամտել ընտրութիւններին։

«Տեղեկատւութիւնը, որը մենք այսօր հրապարակում ենք, յստակ ցոյց է տալիս, որ 2016 թւականին տեղի է ունեցել պետական դաւաճանութեան նպատակով դաւադրութիւն, որն իրականացրել են մեր կառավարութեան ամենաբարձր մակարդակի պաշտօնեաները։ Նրանց նպատակն էր խաթարել ամերիկացի ժողովրդի կամքը եւ իրականացնել այն, ինչն ըստ էութեան բազմամեայ պետական յեղաշրջում էր՝ նախագահին ամերիկեան ժողովրդի տւած մանդատի կատարումից հեռացնելու փորձով։ Անկախ նրանից, թէ որքան հզօր է այս դաւադրութեան մէջ ներգրաււած իւրաքանչիւր անձ, պէտք է հետաքննւի եւ պատասխանատւութեան ենթարկւի օրէնքի ողջ խստութեամբ՝ երաշխաւորելու համար, որ նման բան այլեւս երբեք չի կրկնւի։ Դրանից է կախւած ամերիկացի ժողովրդի հաւատը մեր ժողովրդավարական հանրապետութեան նկատմամբ, եւ, հետեւաբար, մեր ազգի ապագան»,- յայտարարել է Գաբարդը։

Նա յայտնել է, որ իր իրաւացիութիւնը հաստատող փաստաթղթեր է փոխանցել արդարադատութեան նախարարութիւն։ Դրանք ներառում էին 2016 թւականի ընտրութիւնների հետ կապւած կիբերսպառնալիքների վերաբերեալ Օբամայի վարչակազմի հետախուզական համայնքի մասամբ խմբագրւած գնահատականը եւ մի շարք նախկինում գաղտնի ծառայողական գրառումներ, այդ թւում՝ Ջէյմս Կլեպերի գրասենեակից, որը Օբամայի օրօք զբաղեցնում էր ազգային հետախուզութեան տնօրէնի պաշտօնը։

Կլեպերն այն մի քանի պաշտօնեաներից է, որոնց Գաբարդը նշել է որպէս ենթադրեալ դաւադրութեանը բացայայտօրէն ներգրաււած անձանց։ Միւսների թւում են ԿՀՎ նախկին տնօրէն Ջոն Բրենանը, այն ժամանակւայ պետքարտուղար Ջոն Քերին, ազգային անվտանգութեան հարցերով այն ժամանակւայ խորհրդական Սիւզան Ռայսը, ՀԴԲ-ի այն ժամանակւայ փոխտնօրէն Էնդրիւ Մաքքէյբը, որը հետագայում կոնֆլիկտի մէջ մտաւ Թրամփի հետ, եւ հէնց ինքը՝ Օբաման։

Related Articles

Back to top button