Անհայրենիք պետութեան անիմաստ իմաստները
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
«Հեծանիւը կեանք է», «Արցախը յանձնել են Արցախի իշխանութիւնները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմութեան դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով», «Այստեղ հաց, այստեղ կաց», «Թամադաները պէտք է խմեն հարկ վճարողի կենացը», «Հայրենիքը պետութիւնն է», «Լաւ ենք արել՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը», «Լաւ ենք արել՝ Արցախը յանձնել ենք Ադրբեջանին», «Արցախը յանձնւել է 1996 թւականին»… սա շատ փոքր ցանկն է այն յայտարարութիւնների, որոնք հնչում են Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների՝ իշխող վարչախմբի կողմից։
Դրանք առաջին հայեացքից տարբեր են, վերաբերում են միանգամայն տարբեր ոլորտների, հնչում են իրարից կարգավիճակով, տարիքով, սեռով, սեռական կողմնորոշմամբ տարբերւող պաշտօնեաների կողմից, բայց դրանք բոլորն ունեն մէկ ընդհանրութիւն՝ հաւասարապէս անհեթեթ են, լկտի ու ցինիկ են, վիրաւորում են տարրական բանականութիւնը, ոտնահարում են մարդկային ու հաւաքական արժանապատւութիւնը, ունեն թաքնւած նպատակներ…
Նմանատիպ բոլոր յայտարարութիւնները, որոնք մեծ հաւանականութեամբ ոչ թէ ինքնաբուխ են ու պատահական, այլ կատարւում են «նոր Հայաստանի» նոր սոցիալական ճարտարապետութեան նպատակադրմամբ, վերաբերում են իմաստներին՝ այդ հասկացութեան նեղ եւ լայն առումներով։
Պետութիւններն ու հասարակութիւնները գոյատեւում, եթէ յաջողում է՝ զարգանում են՝ ոչ միայն, իսկ յաճախ՝ ոչ այնքան ֆորմալ ինստիտուտների, կառուցակարգերի, այլ խորքային առումով՝ իմաստների շնորհիւ։ Դրանք կարող են կոչւել արժէքներ, գաղափարներ, սկզբունքներ, հաւատամք եւ այլն, բայց դրանց բոլորի հիմքում իմաստն է, որովհետեւ չկան արժէքներ՝ առանց իմաստների, ինչպէս որ անիմաստ գաղափարներ գոյութիւն չունեն։ Հիմա ահա իշխանութիւնները զբաղւած են հայկական պետութեան ու աւելի լայն առումով՝ հայկականութեան ակունքներում դրւած իմաստների խեղմամբ, դեգրադացմամբ։
Կարող է թւալ, թէ որպէս «յեղափոխականներ»՝ նրանք զբաղւած են հին իմաստները ոչնչացնելով եւ նորերը ստեղծելով։ Իրականում, սակայն, նրանք ոչ թէ նոր իմաստներ, այլ իմաստների իմիտացիաներ են կերտում, կամ, ժամանակակից լեզւով՝ ստեղծում են կեղծ, ֆէյք իմաստներ։ Եւ պատահական չէ, որ բոլոր այդ ֆէյք իմաստներին, բացի հակաազգայնութիւնից, հակապետականութիւնից, միաւորում է մակերեսայնութիւնն ու պարզունակութիւնը։ Իսկ մակերեսային իմաստները, եթէ անգամ իմաստային յատկութիւն ունեն, շօշափում են մարդկանց ոչ թէ ուղեղն ու միտքը, այլ բնազդները, լաւագոյն դէպքում՝ զգացմունքները։
Ժամանակակից Հայաստանում իշխանութեան կողմից «արտադրւող» իմաստների գլխաւոր յատկանիշը, իսկ գուցէ նախապայմանն անիմաստութիւնն է։ Հանրային միտքն ու մտածողութիւնը, ահա, լցւում է մակերեսային իմաստներով, որոնք՝ խորքի ու շերտերի բացակայութեան պատճառով, զուրկ են իրական իմաստներից, բայց ստեղծում են իմաստների պատրանք, տպաւորութիւն։
Եւ մինչեւ ժամանակակից երկրների համապատասխան շրջանակները զբաղւած են խորքային պետութեան կերտմամբ, Հայաստանում հիմնայատակ աւերւում են, առանց այդ էլ երերուն, խորքային պետութեան բոլոր հիմնասիւները, որոնցից են հէնց իմաստները՝ փոխարէնը ազատւած տեղը լցնելով տափակաբանութեամբ, որը մեծ հաշւով դարձել է կամ առաջիկայում դառնալու է Հայաստանի իրական բնորոշիչը՝ առանց իմաստների կամ անիմաստ իմաստներով մակերեսային, անդէմ պետութիւն, որտեղ հեծանիւը կարող է լինել կեանք, իսկ կեանքը՝ հեծանիւ, թամադան՝ վարչապետ, իսկ վարչապետը՝ թամադա, հայրենիքը՝ կեղծ, պետութիւնը՝ իրական…
168.am