Սկանդալ. «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդէն զզւեցրեցին էդ համբալները». «Սեւան» ՔԿՀ պետի տեղակալը՝ արցախցիների մասին»
ԱՐՄԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Արցախցի սորոսական, մոլի հակառուս գործիչ, Արցախի յեղափոխական կուսակցութեան նախագահ Արթուր Օսիպեանը դիմել է Նիկոլ Փաշինեանին, ում իշխանութեան գալուց յետոյ ինքը եւս Արցախում փորձել էր նախաձեռնել իշխանափոխութեան գործընթաց Հայաստանի օրինակով:
«ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինեան, ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ (քրէակատարողական հիմնարկ-ԽՄԲ.) պետի տեղակալ Հայկ Մովսիսեանը ձե՞ր հրամանն է կատարում, թէ՞ ինքնագլուխ է որոշել արցախցիներին ստեղից ռադ անել, ինչպէս նա է հրապարակային հանդէս գալիս իր գրառումներում։
Նշւած գրառումը նիւթի քոմենթներում է հետեւեալ հասցէով՝
Եթէ որոշել էք արցախցիներին դուրս հանել ՀՀ-ից, մարդավարի յայտարարէք դրա մասին, մենք էլ իմանանք՝ ոնց վարւենք։
Թէ՞ դուք էլ էք որոշել Կրեմլի պէս բլոկադայի ենթարկել, սովամահի հասցնել, որ ստիպէք արցախցիներին հայրենիքի միւս հատւածն էլ լքեն»,- գրել է նա:
Խնդրոյ առարկայ մեկնաբանութիւնը, որը, ըստ Օսիպեանի, կատարել է Սեւան ՔԿՀ-ի պետի տեղակալը, վերջինս կատարել է մոլի նիկոլական Աւետիք Օրդեանի հակաարցախեան մի տեսանիւթի տակ:
Տեսանիւթում Նիկոլ Փաշինեանի աջակիցը պատմում է այն մասին, որ տաքսի է պատւիրել, նստել մեքենան, եւ ընթացքում արցախցի վարորդը լաւ չի արտայայտւել Նիկոլ Փաշինեանի հասցէին: Ի դէպ, Աւետիք Օրդեանը Նիկոլ Փաշինեանի հետ հեծանիւ քշող խմբի անդամ է, ՔՊ-ական բոլոր քէֆերի մշտական ներկան:
«Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդէն զզւեցրեցին էդ համբալները»,- «Սեւան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայկ Մովսիսեանի արձագանգն է այդ տեսանիւթի ներքոյ, ինչն էլ ֆիքսել է Արթուր Օսիպեանը:
Այսինքն՝ պետական մարմնի՝ ուժային կառոյցի՝ Քրէակատարողական հիմնարկի պետի տեղակալը հրապարակայնօրէն ատելութեան խօսք է տարածում ացախցիների նկատմամբ, առաջարկում նրանց «ռադ անել» Հայաստանից ու հնչեցնում անձը նսեմացնող արտայայտութիւն՝ «զզւեցրին էդ համբալները»:
Հայկ Մովսիսեանը, ում ֆէյսբուքեան էջից անհետացել է գլխանկարը, ինչպէս նաեւ մնացած լուսանկարները, երեւի, որ իրեն չճանաչեն, ըստ 168.am-ին հասած տեղեկութիւնների, Պետական վերահսկողական ծառայութեան ղեկավար Ռոմանոս Պետրոսեանի հերթական դրածօն է Քրէակատարողական համակարգում:
Սկզբում պետի տեղակալ է նշանակւել «Աբովեան» ՔԿՀ-ում, բայց քանի որ ազատազրկւած անձանց բողոքները նրա վերաբերեալ արդէն չափազանց են եղել, ստիպւած տեղափոխել են «Սեւան» ՔԿՀ՝ համարժէք պաշտօնով:
Հետաքրքիր է՝ Արցախում տեւական ժամանակ ապրած ու աշխատած Քրէակատարողական ծառայութեան պետ Ամբակում Գրիգորեանը տեղեա՞կ է, որ իր ղեկավարած համակարգում կայ արցախատեաց, ատելութեան խօսք տարածող բարձրաստիճան աշխատակից:
Առաւել հետաքրքիր է՝ ինչ ընթացք կունենայ այս պատմութիւնը. արդեօ՞ք Դատախազութիւնը նոյնքան արագ վարոյթ կը յարուցի վերջինիս նկատմամբ, որքան արագ դա արեց լուսահոգի պրոդիւսեր Արմէն Գրիգորեանի դէպքում, ով մահացաւ իր գործով առաջին դատական նիստի ժամանակ, դատական նիստերի դահլիճում: Ի դէպ, յիշեցնենք, որ դատարանի դահլիճում մահացած քաղբանտարկեալ Արմէն Գրիգորեանի դէմ վկայութիւն տւողը Փաշինեանի ՔՊ-ի համակիր էր:
168.am