Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը հաւ չի, որ դնես սառնարան, սառեցնես, յետոյ հանես»

«ԱԼԻՔ» – «ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը հաւ չի, որ դռնես սառնարան, սառեցնես, յետոյ հանես»: Այս մասին, երէկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նրան, որ թէեւ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ սառեցրել են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցութիւնը, սակայն չեն խոչնդոտում ՀԱՊԿ որոշումների ընդունմանը:

«Պէտք է կողմնորոշւես կամ-կամ: Հիմա, այս իշխանութիւնները ասում են՝ լաւ, մենք դիւերսիֆիկացնում ենք: Որ ուղղութեամբ, որ ուզում են դիւերսիֆիկացնեն, այդ ուղղութիւնը երեւելի ոգեւորութիւն ցոյց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկէք մեր մօտ մասնակցէք զօրավարժութիւնների։

ՀԱՊԿ էլ չեն գնում, որովհետեւ իմ կարծիքով, Ադրբեջանը թոյլ չի տալիս։ Ադրբեջանը յայտարարել է, որ հենց Հայաստանը քայլեր ձեռնարկի իր ռազմական պոտենցիալը մեծացնելու ուղղութեամբ, մենք հակառակ քայլեր կը ձեռնարկենք։ Ակնյայտ է, որ ցանկացած ռազմական զօրավարժութեան մասնակցելը մեծացնում է քո զինւորական պոտենցիալը:

Իրաւունք ունե՞մ ասել՝ որովհետեւ վախենում են Ադրբեջանից։ Չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին թթու խօսք ասել:

Նոյն Հռոմի ստատուտի հետ կապւած վախենում են Ադրբեջանից, դրա համար ստել են, խաբել են, իրենց խոստումը չեն կատարում։ Խաբել են եւ, օրինակ, Ալիեւի դէմ գործ չեն յարուցում։ Աւելին ասեմ, Ադրբեջանի ճնշման ներքոյ վերջերս Փաշինեանը յայտարարեց, որ իրենք պատրաստւում են հայցերը յետ քաշել երկկողմանի»,- յայտարարեց ընդիմադիր պատգամաւորը:

Հարցին՝ այդ դէպքում ինչու ՀՀ-ն վաւերացրեց Հռոմի ստատուտը, նա պատասխանեց. «Որովհետեւ կարծել են, որ նման քայլերով կը կարողանան ստանալ Արեւմուտքի, մասնաւորապէս Եւրոպայի բարեհաճ վերաբերմունքը, բայց Եւրոպան ապրիլի 5-ին գիծը քաշեց, ասաց՝ մեր յարաբերութիւնները CEPA-ով են կարգաւորւում»:

Առնւազն երկու կողմ կայ, որոնք չէին ցանկանայ, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացւէր

Արթուր Խաչատրեանն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ նիստը Երեւանի փոխարէն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու ՀՀ իշխանութիւնների խնդրանքին:

«Այստեղ  առնւազն երկու կողմ կայ, որոնք շահագրգռւած են կամ չէին ցանկանայ, որ Հայաստանում անցկացւէր այդ միջոցառումը»,- ասել է պատգամաւորը:

Ըստ նրա՝ առաջին պատճառը կարող է այն լինել, որ Հայաստանը վաւերացրել է Հռոմի ստատուտը եւ  պարտաւորւած է կատարել այն, ինչ որ պահանջւած է։

«Օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բաւականաչափ մեծ ճնշման տակ յայտնւեց։ Հիմա Հայաստանի իշխանութիւնները, հաւանաբար, չէին ցանկանայ  նման ճնշման տակ յայտնւել»,- ասել է Խաչատրեանը:

Նա նաեւ չի բացառել, որ նախաձեռնութիւնը հիւսիսից է եկել, որ ասել են. «Դէ դուք դա ընդունել էք, դուք էլ տակից դուրս եկէք, որովհետեւ ՌԴ ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի ամառւայ հաւաքին մասնակցեցին, երբ վարչապետներն էին հաւաքւել Հայաստանում»:

Խաչատրեանը յիշեցրել է, թէ ինչպէս էր ՀՀ իշխանութիւնը բացատրում Հռոմից ստատուտը վաւերացնելու անհրաժեշտութիւնը. «ՔՊ-ականները, ջանասիրաբար, բերանին փրփուռներ, ասում էին՝ մենք դա պէտք է վաւերացնենք, որպէսզի Ադրբեջանի ռազմական յանցագործներին՝ Ալիեւից սկսած, կարողանանք դատի տալ։ Հիմա վաւերացրեցին, դրանից մի քանի շաբաթ յետոյ ես արդարադատութեան այն ժամանակւայ նախարարին հարցրեցի՝ «Լաւ, դէ հիմա ի՞նչ էք արել, վաւերացրել էք արդէն»։ Դեմագոգիկ պատասխան տւեց, որ որեւէ բան չկայ։ Եւ հիմա էլ մի տարի է անցել է եւ որեւէ քայլ չենք տեսնում։ Այսինքն, հերթական անգամ իշխանութիւնները խաբել եւ մոլորեցրել ժողովրդին: Այդ քայլով մենք ոչ մի բան էլ չշահեցինք»:

Նա նկատել է, որ եթէ երկու անգամ ԵԱՏՄ նիստը Երեւանում չի կայանում, դա նշանակում է, որ Հայաստանը վստահելի երկիր չէ:

Նշենք, որ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստը տեղի կունենայ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն կը վարի Նիկոլ Փաշինեանը, քանի որ 2024 թւականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովն ասել է. «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կը կայանայ նաեւ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպւում է Ռուսաստանում»։

Յիշեցնենք՝ Միջազգային քրէական դատարանը 2023 թւականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տւել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վաւերացրած երկրները պէտք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթէ նա այցելի այդ երկրներ։

Related Articles

Back to top button