Անվտանգային այս մի «բարձիկն» էր մնացել, դրանից էլ են ուզում զրկել
ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Յայտնի է, որ ատոմակայանը ոչ միայն զուտ էլեկտրաէներգիա արտադրող կառոյց է, այլեւ առանձնայատուկ ռազմավարական օբիեկտ։ Ատոմական էներգետիկան հանդիսանում է երկրի անվտանգային կարեւոր բաղադրիչներից մէկը։ Բայց գործող իշխանութիւններն ուզում են Հայաստանին այդ հնարաւորութիւնից էլ զրկել՝ ինչ է թէ՝ այդպէս են ցանկանում Ադրբեջանն ու Թուրքիան։
Տարիներ շարունակ, անհիմն մեղադրանքներով, այս երկու երկրները պահանջել են փակել Մեծամօրի ատոմակայանը՝ համարելով, որ դա վտանգ է ներկայացնում իրենց համար։ Այս անհիմն մեղադրանքներին ու պահանջներին մինչեւ այժմ նախկին որեւէ իշխանութիւն տուրք չի տւել։ Սակայն Նիկոլ Փաշինեանը որոշել է բաւարարել իր կառուցողական հարեւաների նաեւ այս պահանջը։
Ու մինչ ընդամէնը մէկուկէս-երկու ամիս առաջ կառավարութեան որոշմամբ մի քանի հարիւր միլիոն դրամ են տալիս, պետական հիմնարկ են բացում, որը 1-2 տարւայ ընթացքում պէտք է ուսումնասիրի ատոմակայանների կառուցման նոր տեխնոլոգիաներն ու տեխնիկական հնարաւորութիւնները, դրանց հիման վրայ առաջարկի Հայաստանում կառուցւող կայանի մոդելը, Նիկոլ Փաշինեանն արդէն որոշել է, թէ այն ինչպիսին պիտի լինի։
«Որոշել ենք, որ պէտք է ունենանք փոքր տիպի մոդուլիար ատոմակայան»,- այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ օրերս յայտարարեց Նիկոլ Փաշինեանը՝ յաւելելով, որ այդ հարցում ռազմավարական որոշումն արդէն կայացւել է։
Փոքր տիպի մոդուլային ատոմակայան կառուցելու որոշմանն այս իշխանութիւնները յանգել են զուտ այն պատճառով, որ դա կարող է գոհացնել կառուցողական հարեւաններին։
Հայաստանը պէտք է ունենայ «մոդուլիար» ատոմակայան, որ հարեւան երկրների համար չգնահատւի՝ որպէս սպառնալիք, ասում է Նիկոլ Փաշինեանը։ Կայանի մոդելի ընտրութիւնը կատարւել է հէնց այս սկզբունքից ելնելով։ Դա արել են ոչ թէ Հայաստանի, այլ հարեւան երկրների շահերից ու պահանջներից ելնելով։
Մինչդեռ՝ մեր նպատակը պէտք է լինի ոչ թէ «կառուցողական հարեւանների» մտահոգութիւնների փարատումն ու պահանջների բաւարարումը, այլ Հայաստանի իրական շահը։ Ատոմակայանը ռազմավարական ու անվտանգային կարեւոր բարձիկ է, որից գրչի մէկ հարւածով իշխանութիւնները զրկում են Հայաստանին։ Մոդուլային կայանները գրեթէ անվտանգային խնդիր չեն լուծում, ընդհակառակը՝ մի բան էլ անվտանգային խնդիրներ են ստեղծում։ Փոքր տարածք ունեցող ու խիտ բնակեցւած երկրների պարագայում նման կայանի կառուցումը խիստ վտանգաւոր է։
Զաւեշտն այն է, որ որոշել են կառուցել մի բան, որը դեռեւս գործնականում չի ապացուցել իր արդիւնաւէտութիւնը, առաւել եւս՝ անվտանգութիւնը։
Աշխարհում նոր-նոր սկսել են մոդուլային ատոմակայաններ կառուցել։ Կառուցումից յետոյ էլ դեռ պարզ չէ, թէ դրանք որքանով արդարացւած ու արդիւնաւէտ կը լինեն։ Համոզւելու համար առնւազն մի քանի տարի է պէտք, որպէսզի այդ կայաններն ապացուցեն իրենց շահաւէտութիւնը։
Սակայն կառավարութիւնն արդէն իր համար ռազմավարական որոշում է կայացրել. որոշել է, որ Հայաստանում միանշանակ հէնց այդպիսի ատոմային կայան պէտք է կառուցւի։
Ամէն ինչ արել են՝ գոհացնելու «խաղաղասէր» հարեւանների ախորժակը։
Մոդուլային կայանի կառուցման ակնկալիքով, արդէն սկսել են սիրախաղը Միացեալ Նահանգների հետ։ Դիմել են Վաշինգտոնին՝ միջուկային ոլորտում համագործակցութեան համաձայնագրին միանալու համար։
Օրերս ԱՄՆ Պետդեպից յայտնեցին, որ ստացել են Հայաստանի դիմումը եւ արդէն ուսումնասիրում են։
Եթէ Միացեալ Նահանգները հաստատի յայտը, Հայաստանը կարող է ստանալ ամերիկեան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ՝ նոր ատոմակայան կառուցելու համար։
Չնայած Միացեալ Նահանգներում նման ատոմակայանի շահագործման որեւէ փորձ գոյութիւն չունի, ամերիկեան ընկերութիւններից մէկն արդէն սկսել է հետազօտութիւններ իրականացնել Հայաստանում՝ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջոցառումների շրջանակներում։
«Այդ աշխատանքն ԱՄՆ-ի կառավարութեան պատւէրով եւ հայկական կողմի հետ համագործակցութեամբ իրականացնում է ամերիկեան հեղինակաւոր ընկերութիւններից մէկը։ Նպատակն է՝ պարզել, թէ ամերիկեան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապէս առաւելագոյնս համապատասխանում Հայաստանի կարիքների բաւարարմանը։ Ուսումնասիրութիւնները նախատեսւում է աւարտել ամենաուշը 2025 թւականի գարնանը»,- վերջերս յայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Յակոբ Վարդանեանը։
Թէ ի՞նչ ընթացք կը ստանան եւ ինչո՞վ կաւարտւեն այս գործընթացները, շատ բան դեռ անորոշ է։ Մի բան յստակ է, որ քանի դեռ աշխարհում մոդուլային ատոմակայանները չեն ապացուցել իրենց անվտանգութիւնն ու շահաւէտութիւնը, արկածախնդրութիւն է Հայաստանին այդպիսի ռիսկի ու ծախսերի տակ դնելը։ Խօսքը միլիարդաւոր դոլարների մասին է։ Այդ գումարները Հայաստանը չունի ու ատոմային ցանկացած կայան կառուցելու պարագայում՝ ստիպւած է լինելու ֆինանսական մեծ բեռ վերցնել։ Ոչ մէկը հէնց այնպէս Հայաստանին չի տալու այդ փողը։ Այդ գումարները ներառւելու են կայանի արտադրած հոսանքի սակագնում եւ ծանրանալու են սպառողների վրայ։
Առաւել եւս՝ մոդուլային կայաններում արտադրւած հոսանքի ինքնարժէքը շատ բարձր է, անհամեմատ բարձր, քան հիմա ունենք գործող կայանի պարագայում։
Գործող կայանի շահագործման ժամկէտը սպառւում է 2036 թ., եթէ, իհարկէ, չորոշեն եւս մի քանի տարով այն երկարացնել։ Մինչ այդ, դատելով ընթացող պրոցեսներից, ամերիկեան կողմի պարտադրանքով Հայաստանի իշխանութիւնները հրաժարւել են ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայան կառուցելու մտքից ու պատրաստ են տեղակայել ամերիկեան մոդելի փոքր մոդուլային ատոմային կայան։ Չնայած թւում է, բոլոր առումներով Հայաստանի համար նախընտրելի է ռուսական տարբերակը։
Այս դէպքում էլ հաւանաբար առաջնորդւել են քաղաքական նպատակայարմարութիւններով։ Ամերիկեան կողմը պատրաստ է ամէն ինչ անել, որ Ռուսաստանը դուրս մղւի Հայաստանի էներգետիկ համակարգից։
Իսկ թէ ով կը կրի դրա հետեւանքները, նրանց համար միեւնոյն է։ Արդէն ակնարկներ են հնչեցնում, որ հայերը պէտք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռների։
168.am