Ռոբերտ Ամստերդամ. «Հայաստանի կառավարութեան միջամտութիւնը եկեղեցու գործերին նրա աճող աւտորիտարիզմի հիմնական ցուցիչն է»

«ԱԼԻՔ» – Սամուէլ Կարապետեանի պաշտպանութեան խորհուրդը գրում է.
«Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով. «Հայաստանի կառավարութեան միջամտութիւնը եկեղեցու գործերին նրա աճող աւտորիտարիզմի հիմնական ցուցիչն է։ Պարոն Փաշինեանի անվստահ եւ հիստերիկ յայտարարութիւնը՝ «կառավարութիւնը ես եմ», ասում է այն ամէնը, ինչ պէտք է իմանալ Արեւմուտքի կողմից յաճախ գովաբանւող այս «ժողովրդավարութեան մասին»,- տեղեկացրել է News.am-ը:
Գրառմանը կից Ռոբերտ Ամստերդամը տեսանիւթ է հրապարակել, որում, խօսելով Սամուէլ Կարապետեանի ապօրինի կալանաւորման, ՀԷՑ-ի բռնագրաւման եւ միջազգային հրատապ արբիտրաժում Կառավարութեան կրած պարտութեան մասին, մասնաւորապէս, նշել է, որ վարչապետը շարունակում է պահանջել Կառավարութիւնում բոլոր այն պաշտօնեաների հրաժարականը, որոնք համաձայն չեն իր որոշումների հետ՝ ներառեալ կառավարութիւնում միջազգային իրաւական հարցերով զբաղւող ամենաբարձրաստիճան պաշտօնեայինը։
Խօսելով նոյն ասուլիսի ընթացքում եկեղեցու հասցէին հնչեցւած յայտարարութիւնների մասին, Ռոբերտ Ամստերդամը նշել է. «Հայաստանի կառավարութեան վարքագիծը եւ օրէնքի գերակայութիւնից այսպիսի կտրուկ հեռացումը պէտք է լուրջ մտահոգութիւն առաջացնեն բոլոր այն մարդկանց մօտ, ովքեր հաւատում են ժողովրդավարութեանը եւ պետութիւն-եկեղեցի տարանջատման սկզբունքներին:
Նոյն այդ ուշագրաւ մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը բացայայտ ու անպատշաճ ձեւով սպառնում է գլխաւորել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին՝ կաթողիկոսին փոխարինելու շարժումը։
Վարչապետի գործողութիւնները, որոնք ակնյայտօրէն բխում են իր անձնական դրդապատճառներից, յանգեցրել են կաթողիկոսի «անհամապատասխանութեան» վերաբերեալ մեղադրանքների։ Այդ մեղադրանքները լիովին դուրս են Հայաստանի Սահմանադրութեան ու վարչապետի իրաւասութիւնների շրջանակից։
Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն՝ քաղաքական գործիչները չեն կարող միջամտել եպիսկոպոսների որոշումներին՝ հոգեւոր առաջնորդի ընտրութեան գործընթացում։ Սա իսկապէս խայտառակութիւն է։ Վարչապետը չի կարողանում գիտակցել, որ հաւատքն ու պաշտամունքը իր իշխանութեան սահմաններից դուրս են։
Վարչապետը կարծես հաւատացած է, որ քանի որ ինքը առաջնորդել է ժողովրդական յեղափոխութիւնը, իրաւասու է փոխելու Հայաստանի կեանքի իւրաքանչիւր ոլորտ։
Ես միայն կարող եմ ասել, որ իւրաքանչիւր ոք, ով հետեւում է վարչապետի պահւածքին՝ թէ՛ իմ վստահորդի նկատմամբ, թէ՛ եկեղեցու, պէտք է խորապէս մտահոգւած լինի օրէնքի գերակայութեան եւ Հայաստանի կառավարման ապագայով։
Եւ ես ուզում եմ շատ յստակ նշել (քանի որ մենք գիտենք, որ Հայաստանում որոշ պաշտօնեաներ շուտ են բռնկւում), որ մենք կոչ չենք անում իշխանափոխութեան, բացի սահմանադրական ճանապարհով նախատեսւածից:
Բայց այն, ինչ մենք ասում ենք, հետեւեալն է. Հայաստանի ժողովուրդը յաջորդ ընտրութիւններում պէտք է լաւ մտածի այն մարդու մանդատի վերակագնման մասին, ով կարծես, մոռացել է իր պարտականութիւնները թէ՛ սահմանադրութեան, թէ՛ Աստծոյ առաջ»: